ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատմության թանգարանում չորեքշաբթի ազդարարվեց «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն. կարողութեամբն Աստուծոյ (XI-XIV դդ.)» խորագրով մշտական ցուցադրության վերաբացումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ներկայացված ցուցանմուշների շարքում առանձնանում է հատկապես Կիլիկիայի իշխանապետության և թագավորության շրջանի մետաղադրամների հետաքրքիր հավաքածուն։
Այցելուները կարող են ծանոթանալ XI-XIV դարերի ազդեցիկ պետություններից մեկի՝ Կիլիկիայի հայկական թագավորության ստեղծման, կայացման և զարգացման ընթացքին։ Ներկայացված են ամրոցաշինությանը, դրամահատությանը, արքաների տոհմածառի ձևավորմանը, նավագնացությանը և հոգևոր-մշակութային կյանքին առնչվող ցուցանմուշներ։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց, որ ցուցադրության այս հատվածն արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ վերաբացվել է շուրջ 4 տարվա ընդմիջումից հետո։ Ցուցադրությունն ուղեկցվում է Կիլիկիայի մասին պատմող վավերագրական տեսանյութերով և անիմացիաներով։
«Իհարկե, ցուցադրությունը փոքր է, բայց փորձել ենք հնարավոր պատկերացում տալ Կիլիկիայի հայկական թագավորության մասին։ Շատ ուրախ ենք, որ այս տարի հասցրեցինք վերաբացել նշված հատվածը, որը համալրված է նոր նյութերով։ Ցուցադրությունը ներդաշնակորեն համալրել է Հայոց պատմության տարբեր փուլերին առնչվող նյութերը»,- նշեց նա։
Դավիթ Պողոսյանը հատուկ ուշադրություն հրավիրեց միջնադարյան մետաքսե արծաթաթել վերնազգեստին, որի վրա նշմարվում է «Հիշեա վախճան քո եւ հավիտեանս ոչ մեղանչեցե» գրությունը։ Զգեստը ենթադրաբար առնչվում է հոգևոր կյանքին։
Ցուցահանդեսի այցելուների թվում էր ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, որը մեզ հետ զրույցում նշեց․
«Տպավորություններն, իհարկե, շատ դրական են։ Ուրախ եմ, որ մեր պատմության կարևորագույն շրջաններից մեկը կրկին ներկայացված է պատմության թանգարանում։ Անհրաժեշտ է, որ հյուրերը իրեղեն ձևով տեսնեն և ծանոթանան Կիլիկյան Հայաստանին, տեղեկանան նրա կարողությունների մասին։ Գիտենք, որ Կիլիկյան թագավորությունը ձևավորվեց այն շրջանում, երբ Հայկական լեռնաշխարհում կորցրել էինք պետականությունը։ Այն որոշ առումով կամուրջ հանդիսացավ հայկական հին պետությունների և արդեն XX դարում ձևավորված Հայաստանի տարբեր հանրապետությունների միջև։ Կիլիկիան պատմականորեն մեր ինքնության մի մասն է»։