Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»–ը տարածաշրջանային համագործակցությունը բազմաթիվ ուղղություններով խթանելու ներուժ ունի. Միրզոյան

3 րոպեի ընթերցում

«Խաղաղության խաչմերուկ»–ը տարածաշրջանային համագործակցությունը բազմաթիվ ուղղություններով խթանելու ներուժ ունի. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը որպես խաղաղության հիմք մեծապես կարևորում է փոխվստահության ձևավորումը և փոխկապակցվածության հնարավոր ընդլայնումը, տարածաշրջանային համագործակցությունը բազմաթիվ ուղղություններով խթանելու ներուժ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում դեկտեմբերի 19-ին ՀՀ նախագահության շրջանակներում տեղի ունեցած ԱԳ նախարարների խորհրդի 49-րդ հանդիպմանը: 

Միրզոյանը նշել է՝ առաջնորդվելով այն միանշանակ համոզմունքով, որ տարածաշրջանային երկխոսությունը փոխշահավետ համագործակցության հաստատման բանալին է՝ Հայաստանի կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ: 

«Ղեկավարվելով ներառականության, տարածաշրջանային ենթակառուցվածքների արդար օգտագործման տեսլականով, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կողմերի համար բարեկեցիկ ապագա կառուցելու ձգտումով՝ այս նախագիծը նպատակ ունի զարգացնելու տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցությունը՝ հիմնվելով պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիակատար հարգաման վրա, ինչպես նաև կիրառելով իրավահավասարության ու փոխադարձության սկզբունքները»,–ասել է Միրզոյանը: 

Նա նշել է՝ Հայաստանը և Թուրքիան արդեն համաձայնել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ 

«Միևնույն ժամանակ, Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ։

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը որպես խաղաղության հիմք մեծապես կարևորում է փոխվստահության ձևավորումը և փոխկապակցվածության հնարավոր ընդլայնումը, տարածաշրջանային համագործակցությունը բազմաթիվ ուղղություններով խթանելու ներուժ ունի: Այն կարող է արդյունավետորեն կապել Ծոցը, Սև և Կասպից ծովերը` այդպիսով զգալիորեն նպաստելով համաշխարհային տրանսպորտային շղթաներին մեր տարածաշրջանի ինտեգրմանը և հսկայական օգուտ բերելով մեր տարածաշրջանի բոլոր երկրներին: Այն արդեն արժանացել է բազմաթիվ միջազգային գործընկերների դրական արձագանքների, իսկ մենք կշարունակենք մեր ջանքերը՝ ապահովելու նախագծի իրականացմանն ուղղված հետագա աջակցությունը»,–շեշտել է Միրզոյանը:

Նախարարը հավելել է՝ բաց սահմանները, չսահմանափակված, ազատ և ներառական տարածաշրջանային տնտեսական համագործակցությունն այս կազմակերպության առանցքային նպատակներն են: Հայաստանը հանձնառու է կառուցողական և արդյունավետ համագործակցության ՍԾՏՀԿ շրջանակներում՝ սևծովյան տարածաշրջանում և դրանից անդին խաղաղության ու կայունության օրակարգն առաջ մղելու համար:

Միրզոյանը հաջողություն է մաղթել Ադրբեջանին՝ որպես կազմակերպությունում հաջորդ նախագահող:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում