Տնտեսություն

«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումը ԵԱՏՄ հատուկ նշանակության տիրույթում է

3 րոպեի ընթերցում

«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումը ԵԱՏՄ հատուկ նշանակության տիրույթում է

ՄՈՍԿՎԱ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անցնող տարում Միության անդամ երկրները ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ ակտիվորեն աշխատել են 2023 թվականի վերջին  ԵԱՏՄ-ի Խորհրդի կողմից ընդունված եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համապարփակ ծրագրի իրագործման ուղղությամբ։

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, խոսելով եվրասիական տրանսպորտային միջանցքների և առաջնային ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի մասին, այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզբեկ Կոժոշևը: 

«Միության անդամ երկրների միջև տրանսպորտային կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա։ Կարևոր եմ համարում ընդգծել, որ, օրինակ, ԵԱՏՄ-ն ճանապարհների երկարությամբ աշխարհում զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ երկաթուղիների երկարությամբ՝ 3-րդ տեղը։ 

Եվրասիական տրանսպորտային միջանցքները ելք  ունեն դեպի Բալթիկ և Կարմիր ծովեր, Եվրոպա, Չինաստան, Իրան, Արաբական երկրներ և Հնդկաստան»,- ասել է նախարարը՝ նշելով, որ այս ընթացքում տարվել է մեծ վերլուծական աշխատանք, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման վերլուծություն թիրախային զարգացման ցուցանիշների  և եվրասիական տրանսպորտային միջանցքների անձնագրերի նախապատրաստման, միջանցքների վերաբերյալ միանման պահանջների մշակման, ինչպես նաև մասնակի հատվածների զարգացման միջոցառումների սահմանման վերաբերյալ։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ հատուկ նշանակություն է տրվում «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացմանը՝ որպես ԵԱՏՄ ընդհանուր բեռնափոխադրումների զարգացման առաջնային ուղղություն։

«Ակտիվ աշխատանքներ են տարվում այդ միջանցքի զարգացման, «նեղ կետերի» վերացման, ինչպես նաև անխափան լոգիստիկայի ստեղծման ուղղությամբ։ Աշխատանք է իրականացվում այդ միջանցքի երեք հիմնական Տրանսկասպիական, արևմտյան և արևելյան երթուղիների զարգացման ուղղությամբ։

2024 թվականին ընդլայնվել է առաջնային ենթակառուցվածքային նախագծերի ցանկը, որն այժմ ներառում է 11 նախագիծ։ Դրանց թվում է մեկ նախագիծ Հայաստանի Հանրապետությունից, երկուսը՝ Բելառուսի Հանրապետությունից, երեքը՝ Ղազախստանի Հանրապետությունից, երեքը՝ Ղրղզստանի Հանրապետությունից, երկուսը՝ Ռուսաստանի Դաշնությունից։ Խոսքը ավտոճանապարհների կառուցման և վերակառուցման, երկաթուղային ենթակառուցվածքի ստեղծման, էլեկտրաֆիկացման և մոդեռնիզացման մասին է»,- ասել է Արզբեկ Կոժոշևը և ավելացրել, որ նշված ծրագրերի իրականացման արդյունքում Միության երկրների համար միջազգային լոգիստիկ համակարգում ավելի մեծ կայունություն ձեռք բերելու հնարավորություն կստեղծվի և կապահովվի անխափան տարանցում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում