Գիտություն

Նոբելյան մրցանակակրի հետ «Արմենպրես»-ի հարցազրույցը հաղթող է ճանաչվել Գիտական լրագրության մրցույթում

5 րոպեի ընթերցում

Նոբելյան մրցանակակրի հետ «Արմենպրես»-ի հարցազրույցը հաղթող է ճանաչվել Գիտական լրագրության մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոխտնօրեն Արաքս Կասյանի հեղինակած «Տիեզերքում կյանքի նոր հետքեր հայտնաբերելու հավանականության և էկզոմոլորակների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Միշել Մայորի հետ» հոդվածը հաղթող է ճանաչվել «Գիտական լրագրության/լուսանկարչության 2024» մրցույթի «Լավագույն հեղինակային տպագիր կամ առցանց հոդվածի կամ հոդվածաշարի մրցանակ» անվանակարգում։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում։ 

Միջոցառման բացման խոսքում Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, տեղեկացրեց, որ «Գիտական լրագրության/լուսանկարչության» մրցույթն անցկացվում է 2009 թվականից։

«2009 թվականի մրցույթը կապված էր Միջազգային աստղադիտական միության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համատեղ հռչակած՝ Աստղագիտության միջազգային տարվա հետ։ 2009 թվականի մրցույթը նվիրված էր Գալիլեո Գալիլեի կողմից 1609 թվականին առաջին աստղադիտակի ստեղծման 400-ամյակին»,-նշեց Միքայելյանը։  

Նրա կարծիքով՝ 2009 թվականը շրջադարձային տարի է եղել Հայաստանում, քանի որ երկրում մինչ այդ մեկ տարվա կտրվածքով գոնե 5-6 գիտական հոդված լույս չէր տեսնում, իսկ հիմա, օրինակ, լույս են տեսնում հարյուրավոր հոդվածներ։ 

Բյուրականի աստղադիտարանի տնօրենը շնորհակալություն հայտնեց այն լրագրողներին, որոնք զբաղվում են գիտական լրատվությամբ՝ նկատելով, որ այդ ոլորտով հետաքրքրվող լրատվականների և լրագրողների քանակը մեծանում է։ 

«Այս տարի մրցույթում նորամուծություն կա՝ աստղալուսանկարչության մրցանակը։ Աշխարհում այն շատ տարածված և հայտնի ոլորտ է»,-նշեց Արեգ Միքայելյանը՝ մանրամասնելով, որ տարվա ընթացքում աստղադիտարան են հրավիրվել տարբեր լուսանկարիչներ, որոնք աստղադիտարանի տարածքը պատկերող զանազան հաջողված լուսանկարներ են ստացել։ 

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը նաև նկատեց, որ ներկայում գիտական լրագրության առյուծի բաժինը վերաբերում է աստղագիտության թեմային։

«Լավագույն հեղինակային տպագիր կամ առցանց հոդվածի կամ հոդվածաշարի մրցանակի» հաղթող ճանաչվեց «Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոխտնօրեն Արաքս Կասյանն՝ իր «Տիեզերքում կյանքի նոր հետքեր հայտնաբերելու հավանականության և էկզոմոլորակների մասին» բացառիկ հարցազրույցով, որտեղ հեղինակը  զրուցել է Նոբելյան մրցանակակիր Միշել Մայորի հետ։

Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն այս կապակցությամբ նշեց, որ Արաքս Կասյանի հարցազրույցը հետաքրքիր է ոչ միայն այն բանի համար, որ Միշել Մայորը չափազանց հետաքրքիր անձնավորություն է, այլև նրա համար, որ հարցազրույցի ընթացքում արծարծված են շատ կարևոր գիտական թեմաներ։ 

«Շատ շնորհակալ եմ բարձր գնահատականի համար։ Աստղադիտարանն, իսկապես, շատ կարևոր գործ է անում՝ գիտության և, մասնավորապես, աստղագիտության ոլորտում անցկացնելով նմանատիպ մրցանակաբաշխություններ»,- իր խոսքում նշեց Արաքս Կասյանը՝ հույս հայտնելով, որ ապագայում ևս հնարավորություններ կլինեն՝ խոսելու աստղագիտության և գիտության ոլորտի մասին։ 

«Լավագույն հեղինակային տպագիր կամ առցանց հոդվածի կամ հոդվածաշարի մրցանակի հաղթող ճանաչվեց նաև Ա1+-ի թղթակից Ռուզաննա Մկրտչյանը։ 

«Լավագույն հեղինակային ձայնա/տեսանյութի մրցանակ (Կարճամետրաժ ֆիլմեր, ռադիո կամ հեռուստահաղորդաշարեր, ռեպորտաժներ, առցանց ձայնա/տեսանյութեր և այլն)» հաղթողներ ճանաչվեցին՝ Աստղիկ Փիլիպոսյանն ու Սևակ Վարդումյանը։  

«2024 թվականի առավել ակտիվ լրագրողի մրցանակ (Հիմք ընդունելով՝ ամբողջ տարվա կտրվածքով հրապարակված նյութերի քանակը և բազմազանությունը)» հաղթողի մրցանակը ստացավ Լիլի Հովերը, ինչպես նաև Անի Կարապետյանը՝ մշտական ներդրման և գիտության ակտիվ լուսաբանման համար: 

«Բյուրականի աստղադիտարանի տարածքի և աստղադիտակների լավագույն լուսանկար» մրցանակի հաղթող ճանաչվեց Սուրեն Մանվելյանը։  

Մրցանակաբաշխության ընթացքում հանձնվեցին նաև խրախուսական մրցանակներ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում