Հայաստանը և Հունաստանը մտադիր են նոր թափ հաղորդել տնտեսական հարաբերություններին

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Հունաստանը մտադիր են նոր թափ հաղորդել տնտեսական հարաբերություններին, ցանկանում են մեծացնել առևտրաշրջանառության ծավալները, բիզնեսներին փոխադարձաբար ներդրումային հնարավորություններ են առաջարկում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում դեկտեմբերի 17-ին անցկացվեց Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը: 

Հայաստանի էկոնոմիկայի նախարար, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Գևորգ Պապոյանն ընդգծեց, որ Հայաստանի և Հունաստանի առևտրատնտեսական համագործակցությունը հիմնված է երկու պետությունների պատմական և մշակութային ամուր կապերի վրա։ «Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև միջկառավարական հանձնաժողովի նիստերը դարձել են կարևոր հարթակ, որտեղ հնարավորություն է ընձեռվում քննարկել առկա հիմնախնդիրները և ուղենշել համագործակցության նոր ոլորտներ, մշակել գործուն մեխանիզմներ՝ ուղղված մեր երկրների ներուժի բացահայտմանը»,–ասաց Պապոյանը:

Նա արձանագրեց, որ հանձնաժողովի աշխատանքները Հայաստանի ու Հունաստանի միջև երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացման համատեղ ջանքերի հերթական ապացույցն են: Ըստ նախարարի՝ միջկառավարական հանձնաժողովն իր գործունեությամբ ևս կծառայի այս համագործակցության խորացմանը:

«Հայաստանից Հունաստան հիմնականում արտահանվում է ալյումինե փայլաթիթեղ և փոքր քանակությամբ այլ պատրաստի արտադրանքներ: Իսկ ներմուծվում են նավթամթերքի դասին պատկանող որոշ պատրաստի ապրանքներ: Ցավոք, դեռևս Հունաստանից Հայաստան ներմուծումն էականորեն գերազանցում է Հայաստանից դեպի Հունաստան արտահանմանը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Պապոյանը:

Այս տարի երկու երկրների առևտրաշրջանառության ծավալները տատանվել են 43-44 մլն դոլարի շրջանակում: Մասնավորապես այս տարվա հունվար–հոկտեմբերին Հայաստան-Հունաստան առևտրաշրջանառության ծավալը կազմել է 44 մլն 769.6 հազար դոլար, ինչը 14.3 տոկոսով նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ: 

Նախարարը հիշեցրեց, որ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, ցավոք, իրենց երկրորդային ազդեցությունն են ունենում նաև Հայաստանի տնտեսության վրա: Դեպի ԵՄ արտահանման համար GSP+ արտոնյալ համակարգից զրկվելը ևս իր բացասական ազդեցությունն է ունեցել: «Նպատակն է ունենալ կայուն աճ, այսինքն՝ Հայաստան-Հունաստան առևտրաշրջանառության շարունակական աճ՝ ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման մասով»,-ասաց Պապոյանը: 

Երկու երկրներում փոխադարձաբար ներդրումներ կան, սակայն նախարարը և՛ հայկական կապիտալի ծավալը հունական տնտեսության մեջ, և՛ հունական կապիտալի ծավալը հայկական տնտեսության մեջ դեռևս շատ հեռու համարեց բավարար լինելուց: Ըստ նրա՝ տնտեսական հարաբերությունների ընթացքում տարբեր խոչընդոտներ են ի հայտ եկել, բայց դրան զուգահեռ քաղաքական հարաբերությունները մշտապես եղել են շատ բարձր մակարդակի վրա: «Ժամանակն է, որ թափ հաղորդենք մեր հարաբերություններին՝ տնտեսական առումով: Մենք կցանկանայինք, որ հունական կապիտալի ներկայացվածությունն ավելի ընդլայնվեր Հայաստանում, ինչը երկուստեք շահավետ կլինի մեր երկու երկրների տնտեսությունների համար»,-ասաց նախարարը:

Պապոյանը նշեց, որ Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է: Հունաստանի հետ տնտեսական կապերի զարգացումը բխում է արտահանման դիվերսիֆիկացիայի քաղաքականությունից:  

Նախարարն անդրադարձավ նաև Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին,  որն ունի իրական հեռանկարներ՝ փակ սահմաններով, մասնատված տարածաշրջանը վերածելու տնտեսական համագործակցության հզոր հանգույցի՝ հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք գլոբալ փոխգործակցության համատեքստում։ 

«Հայաստանը և Հունաստանը ստեղծել են հզոր հարաբերություններ՝ ընդհանուր արժեքների և պատմական ընդհանրությունների վրա: Մեր փոխհամագործակցությունն ապացուցել է իր արդյունավետությունը երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև բազմակողմ տարբեր հարթակներում: Ունենք ընդհանուր ցանկություն՝ խորացնելու և ուժեղացնելու մեր հարաբերությունները»,-ասաց Հունաստանի տնտեսական դիվանագիտության գծով արտաքին գործերի փոխնախարար, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ  Կոնստանտինոս Ֆրագկոյանիսը:  

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի և Հունաստանի միջև այսօր ձևավորված են շատ կարևոր փոխհարաբերություններ, որոնք վերջին տարիների ընթացքում էլ ավելի են խորացել: Նա ներկայացրեց հունական կողմի շահագրգռվածությունը՝ նպաստելու առևտրաշրջանառության մեծացմանը, ինչպես նաև ներդրումներին, երկու երկրների կապերի ամրապնդմանը: 

 «Մենք Եվրոպայում ամենաարագ աճող տնտեսություններից մեկն ենք: Հունաստանը շատ բարենպաստ է օտարերկրյա ներդրումների համար: Եվ մենք կցանկանայինք, որ մեր բիզնես համայնքն ավելի շատ ներգրավվեր Հայաստանի հետ առևտրում և այնտեղ ներդրումներում»,-ասաց փոխնախարարը:

Նա նշեց, որ եթե Հայաստանն ընտրի եվրոպամետ քաղաքականությունը, ապա Հունաստանն ամբողջությամբ աջակցելու է դրան: Փոխնախարարը վստահեցրեց, որ Հունաստանը միշտ կանգնած է Հայաստանի կողքին՝ հույս հայտնելով, որ այս հանդիպումը հարաբերությունների միջև նոր կետ կլինի: 

Կողմերը քննարկել են համագործակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում: 

Հյուրերին ողջունեց նաև Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ խոսելով երկու երկրների հարաբերությունների, կապերի մասին: 

Հայաստանում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը նշեց, որ երկու երկրների միջև զբոսաշրջությունը ևս աճի տեմպեր է գրանցում, Երևան-Աթենք ուղիղ չվերթներ կան: «Երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը, նաև բիզնես համայնքները դեռ պետք է բացահայտեն իրենց ամբողջական ներուժը»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ Հունաստանն աջակցում է Հայաստանում տնտեսական բարեփոխումներին:  

Հայերեն العربية English Français ქართული Русский Türkçe 中文

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում

Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ

Հութիները Սաուդյան Արաբիային սպառնացել են պատասխան գործողություններով

Ըստ Ուիթքոֆի՝ կարող են անցկացվել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ նոր եռակողմ բանակցություններ

ՊԵԿ-ում ԱՄՀ առաքելության հետ կքննարկվեն չձևակերպված աշխատանքային հարաբերությունների բացահայտման մեխանիզմները

Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են ռազմածովային անօդաչու սարքերի համատեղ արտադրությունը

ԵՄ-ն 200 միլիոն եվրոյի ներդրումներ կկատարի Գրենլանդիայում. ֆոն դեր Լայեն

Հայաստանն ու Լատվիան արձանագրություն են ստորագրել ԵՄ-ի և ՀՀ-ի միջև հետընդունման համաձայնագրի իրականացման վերաբերյալ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր