Սպորտ

Պայքարն ավելի է դժվարանում. Վարազդատ Լալայան

2 րոպեի ընթերցում

Պայքարն ավելի է դժվարանում. Վարազդատ Լալայան

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանի կարծիքով աշխարհի առաջնությունում այժմ պայքարն ավելի է թեժանում:

«Չեմ կարող ասել, թե ինչ տպավորություններ ունեմ, քանի որ նոր-նոր եմ վերադառնում աշխարհի առաջնությունից: Պայքարն ավելի է դժվարանում, հիմա ոսկու գինն ավելի քաղցր է: Ավելի շատ ջանք ու եռանդ պիտի դնենք, որ ոսկին միշտ Հայաստան բերենք: Օլիմպիական խաղերից հետո հանգստի չգնացինք: Մարզումները շարունակել ենք և որքան հնարավոր էր բարձրացրել եմ իմ մինչ այս գրանցած արդյունքները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  լրագրողների հետ զրույցում ասաց աշխարհի նորընծա չեմպիոնը:

Ըստ Լալայանի, երկար տարիներ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է մեկ մարդ և հիմա ժամանակն է, որ այն կրեն նաև այլոք: 

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ծանրամարտի աշխարհի առաջնության գերծանր քաշայիների պայքարում աշխարհի չեմպիոն ունի: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում ունեցավ` բարձրացնելով 206, 211 և 215 կգ: Այս վարժությունում Լալայանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Վարազդատ Լալայանը գլխավերևում պահեց 245 և 252 կգ: Այս ձևում նա երրորդն է: Երկամարտի 467 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը 2024 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն է:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում