Տնտեսություն

Փաշինյանը հայտարարել է, որ շրջանառության հարկի հետ կապված նոր կարգավորումներով օրինական աշխատող փոքր բիզնեսի հարկային բեռը կնվազի

3 րոպեի ընթերցում

Փաշինյանը հայտարարել է, որ շրջանառության հարկի հետ կապված նոր կարգավորումներով օրինական աշխատող փոքր բիզնեսի հարկային բեռը կնվազի

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է կառավարության հասցեին հնչող մեղադրանքները, թե Հարկային օրենսգրքում շրջանառության հարկի հետ կապված նոր փոփոխություններով փորձ է արվում ճնշել փոքր բիզնեսին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։ 

«Իմ խնդրանքով բարձրացվող հարցերի շարքերում քաղաքացիները բավականին շատ անդրադարձ ունեն շրջանառության հարկի հետ կապված փոփոխություններին, որոնք ուժի մեջ են մտնում հունվարի 1-ից, և կան մեկնաբանություններ, որ սրանով մենք ճնշում ենք փոքր բիզնեսին, բայց պետք է հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունենում։

Գործող օրենսդրությամբ ասվում է, որ մասնավորապես առևտրի կետերը որպես հարկ պետք է վճարեն իրենց շրջանառության 5 տոկոսը, եթե իրենց կողմից վաճառվող ապրանքները փաստաթղթավորված չեն, այսինքն, եթե որևէ ապրանք վաճառում են և չեն գրել, թե դա որտեղից են ձեռք բերել, իսկ եթե ցույց են տալիս, թե որտեղից են ձեռք բերել, այդ դեպքում հարկերը կարող են նվազեցվել և հասնել 1․5 տոկոսի։ 

Ես ասել եմ, որ այս կարգավորումը իր մեջ խնդիր ունի, որովհետև անցյալում թվում էր, թե մենք մարդուն հնարավորություն ենք տալիս օրինական ստվերային շրջանառություն ապահովել, և ես Կառավարության նիստում ասացի, որ մենք պետք է փոխենք այս քաղաքականությունը, քանի որ դա անտրամաբանական է և ապապետական է»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ շատ լավ հասկանում են, որ երկար տարիներ տեղի ունեցող պրոցեսը չեն կարող մեկ քայլով ամբողջությամբ հետ պտտել։  

«Դրա համար մենք ասում ենք, եթե ձեռք բերվող ապրանքը փաստաթղթավորված չէ, այդ դեպքում պետք է վճարել 10 տոկոս հարկ, իսկ եթե փաստաթղթավորված է, հարկը նվազում է և դառնում է 1 տոկոս։ Այսինքն, իրականում օրինական աշխատող առևտրի կետի համար հարկը նվազում է 0․5 տոկոսով։  

Հաջորդ մեկնաբանությունն այն է, որ մենք փոքր բիզնեսի համար խնդիրր ենք ստեղծում։ Իրականում խնդիրը, որը ստեղծվում է, ոչ թե փոքր, այլ խոշոր բիզնեսի համար է, որովհետև չփաստաթղթավորման հնարավորություններով խոշոր բիզնեսները իրենց միլիոնների և միլիարդների ներկրած ապրանքները ՀԴՄ-ներով և փոքր կետերի միջոցով ծախսագրում են, դուրս են գրում, վաճառում են, բայց դա հնարավորություն է տալիս, որ իրենք ցույց չտան իրենց կողմից ներմուծված ապրանքների իրական չափը և այսպիսով խուսափեն հսկայական հարկեր վճարելուց։ Սա թույլ կտա, որ խոշոր բիզնեսի ստվերը կրճատվի, իսկ օրինական աշխատող փոքր բիզնեսի համար հարկը կնվազի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում