Վարազդատ Լալայանն իրականացնում է բոլորիս երազանքը. Հրաչյա Ռոստոմյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն անդրադարձել է աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանի չեմպիոնությանը:
«Աշխարհի ամենաուժեղ ծանրորդը հայ է։ Պատմության մեջ առաջին անգամ ծանրամարտի գերծանր քաշայինների պայքարում Հայաստանն ունի աշխարհի չեմպիոն։ Վարազդատ Լալայանն իրականացնում է բոլորիս երազանքն ու աշխարհին հերթական անգամ ցույց տալիս, որ ծանրամարտի հայկական դպրոցն աշխարհի ուժեղագույնների թվում է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջերում գրել է Հրաչյա Ռոստոմյանը:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում ունեցավ` բարձրացնելով 206, 211 և 215 կգ: Այս վարժությունում Լալայանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Վարազդատ Լալայանը գլխավերևում պահեց 245 և 252 կգ: Այս ձևում նա երրորդն է: Երկամարտի 467 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը 2024 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն է: