Ռուսաստան

Կրեմլը խոստացել է պատասխանել Տագանրոգի վրա ATACMS հրթիռներով հարձակմանը

2 րոպեի ընթերցում

Կրեմլը խոստացել է պատասխանել Տագանրոգի վրա ATACMS հրթիռներով հարձակմանը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի բանակն անխուսափելիորեն կպատասխանի ամերիկյան հրթիռներով Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի վրա ուկրաինական զինված ուժերի հարձակմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 12-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ուզում եմ հիշեցնել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության երեկվա բացարձակապես միանշանակ և ուղիղ հայտարարությունը, որում հստակ ասվում էր, որ պատասխան կհետևի։ Պատասխանը, բնականաբար, կհետևի այն ժամանակ և այնպես, ինչպես նպատակահարմար կհամարվի, բայց անպայման կհետևի», - Կրեմլի խոսնակի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 11-ի առավոտյան հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը վեց ATACMS հրթիռներով հարված են հասցրել Ռուսաստանի տարածքին։ Հարվածների թիրախն է եղել Ռոստովի մարզում գտնվող ռազմական օդանավակայանը։ Հրթիռներից երկուսը խոցել են զինվորականները, ևս չորսը որսացել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները։

Բեկորների ընկնելու հետևանքով անձնակազմի շարքում կան տուժածներ։

Նոյեմբերի 19-ին ուկրաինական զինուժի կողմից ամերիկյան և բրիտանական ATACMS և Storm Shadow հրթիռներով Կուրսկի և Բրյանսկի մարզերի օբյեկտների հրթիռակոծումից հետո ՌԴ-ն փորձարկել էր նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռային համակարգը։ Նոյեմբերի 21-ին ռուսական ուժերն այդ հիպերձայնային բալիստիկ հրթիռով հարված էին հասցրել Դնեպրոպետրովսկում հրթիռներ արտադրող խոշոր արդյունաբերական համալիրին։ 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ խմբային օգտագործման դեպքում «Օրեշնիկ»-ի հարվածը համեմատելի է միջուկային զենքի կիրառման հետ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում