Պետական բյուջեի մասին օրենքում գնաճի նպատակային ցուցանիշ է ամրագրվել 3 տոկոսը. ԿԲ-ն հայտարարություն է տարածել
7 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում ամրագրվել է, որ 2025 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը, դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս, առաջնորդվելու է 12-ամսյա գնաճի 3 տոկոս նպատակային՝ ±1.0 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում ցուցանիշով:
Մինչև այս գնաճի նպատակային ցուցանիշը 4 տոկոս էր` ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքով: Նպատակային ցուցանիշն իջեցնելու առաջարկով Կենտրոնական բանկը հանդես էր եկել 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումների ընթացքում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կենտրոնական բանկն այս փոփոխության մասին հանդես է եկել հայտարարությամբ:
ԿԲ-ից ընդգծել են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և «Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ ՀՀ Կենտրոնական բանկի հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետությունում գների և ֆինանսական կայունության ապահովումը: Գների և ֆինանսական կայունության ապահովման հիմնական նպատակների իրագործմամբ ՀՀ ԿԲ-ի՝ որպես հանրային հատվածում գործող կառույցի առաքելությունը համազգային բարեկեցության բարելավումն է:
Հայտարարությունում նշվում է, որ 2006 թվականին գնաճի նպատակադրման ռազմավարության ընդունումից ի վեր ԿԲ-ն հետևողականորեն ապահովել է առաջադրված 4% գնաճի նպատակը. այսպես՝ 2006-24թթ-ին ՀՀ-ում միջին 12-ամսյա գնաճը կազմել է շուրջ 4.0%: Սա ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության հաջողության և արդյունավետության կարևորագույն ցուցիչն է: Այնուամենայնիվ, ԿԲ-ն փաստում է, որ սա լիարժեքորեն չի արտահայտվել հասարակության մոտ գների կայունության ընկալման ձևավորմամբ, և տարբեր տարածաշրջանային կամ ներքին ցնցումների ժամանակ հաճախ ՀՀ տնտեսությունը բախվում էր գնաճի ու գնաճային սպասումների ապախարսխման ռիսկերի: ՀՀ դրամավարկային քաղաքականության պատմության նմանատիպ իրավիճակները որոշակի ազդակներ են պարունակում առ այն, որ 4% թիրախային ցուցանիշը ներկա փուլում, գուցե, համադրելի չէր գների կայունության սահմանման հետ կամ գների կայունության պահպանման համար պահանջում էր զգալիորեն ավելի մեծ հասարակական ծախս:
«Այսպիսով՝ ՀՀ տնտեսության և դրամավարկային համակարգի վերջին զարգացումներն ու ձեռքբերումներն ամուր հիմք են ստեղծում ՀՀ ԿԲ-ի համար շարունակելու դրամավարկային քաղաքականության նկատմամբ հանրության վստահության ամրապնդման, դրամավարկային քաղաքականության հիմնակարգի զարգացման և լայնամասշտաբ երկարաժամկետ բարեփոխումների աշխատանքների իրականացումը, այդ թվում՝ սահմանելով գների կայունության ընկալմանը և ֆինանսատնտեսական համակարգի ներկա կառուցվածքին համահունչ ավելի ցածր գնաճի նպատակային ցուցանիշ: Ըստ այդմ՝ 2025թ-ի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքում ամրագրվել է, որ 2025 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը, դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս, առաջնորդվելու է 12-ամսյա գնաճի 3 տոկոս նպատակային՝ ±1.0 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում ցուցանիշով:
Գնաճի նպատակի նվազեցումը, ըստ գնահատականների, դրական ազդեցություն կթողնի ֆինանսական և արժութային շուկաներում տատանումների մեղմման, բնակչության եկամուտների գնողունակության ավելացման և երկրի ներդրումային գրավչության բարձրացման վրա»,-ասված է հայտարարությունում:
Ըստ ԿԲ-ի՝ ուսումնասիրությունները վկայում են, որ ցածր գնաճը սովորաբար ուղեկցվում է գնաճի, տնտեսական աճի և ներդրումների ցածր տատանողականությամբ, ինչը պայմանավորված է դրամավարկային քաղաքականության հետ կապված անորոշությունների նվազման հետ: Այս համատեքստում ցածր և կայուն գնաճը, ինչպես նաև նվազող անորոշությունները կարևոր նախապայման են երկարաժամկետ ներդրումների, սպառողների վստահության աճի և կայուն բարձր տնտեսական աճի ապահովման համար:
Ցածր կայուն գնաճի ապահովումը նվազագույնի է հասցնում կոշտ և կարգավորվող գների, այդ թվում՝ ռազմավարական ապրանքների սակագների հաճախակի ճշգրտումների անհրաժեշտությունը, ինչպես նաև գնագոյացման գործընթացներում գնաճով կամ փոխարժեքով ինդեքսավորման գործողությունները: Այս համատեքստում, ցածր և կայուն գնաճը նպաստում է կոշտ և կարգավորվող գների սահմանման գործընթացում առավել կայուն և կանխատեսելի ուղեգծի արձանագրմանը:
Ցածր և կայուն գնաճը նվազեցնում է ընկերությունների կողմից իրենց արտադրանքի գների վերանայման հետ կապված պահանջարկի դիտարկման, շուկայի ու մրցակիցների գնային քաղաքականության ուսումնասիրության և այլ հնարավոր ծախսերը: Տվյալ ծախսերի նվազեցումը կնպաստի ռեսուրսների առավել արդյունավետ բաշխմանը և ընդհանուր առմամբ արտադրողականության ու տնտեսական աճի ներուժի ավելացմանը:
«Գնաճի նպատակի նվազեցման քայլը իր մեջ պարունակում է կարևոր հաղորդագրություն կառավարության կողմից առավել շրջահայաց և կայուն հարկաբյուջետային քաղաքականության ապավինման և ԿԲ դրամավարկային քաղաքականության անկախության վերաբերյալ: Սա էական նպաստում կունենա տարբեր միջազգային վարկանշային ու հատկապես ներդրումային հարթակներում ՀՀ հեղինակության բարձրացման համար, ինչը կարևոր խթան կհանդիսանա երկարաժամկետ օտարերկրյա ներդրումների ներհոսքի համար:
Ամփոփելով, ըստ Կենտրոնական բանկի գնահատականների, գնաճի նպատակային ցուցանիշի նվազեցումը և 3% մակարդակում սահմանումը կարևոր նախապայման է ՀՀ տնտեսության երկարաժամկետ զարգացման հեռանկարի ուղղությամբ ԿԲ-ի և Կառավարության համատեղ տեսլականի իրականացման համար, ինչն իր դրական նպաստումը կունենա երկարաժամկետ կայուն տնտեսական աճի ապահովման և հասարակության բարեկեցության բարելավման գործընթացու»,-ասված է հայտարարությունում: