Հայաստան

Կառավարությունն աջակցություն կտրամադրի ջրախնայողական համակարգերի ներդրման համար

2 րոպեի ընթերցում

Կառավարությունն աջակցություն կտրամադրի ջրախնայողական համակարգերի ներդրման համար

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը նպատակ ունի հստակեցնել գյուղատնտեսության աջակցության ծրագրի որոշ դրույթներ՝ միաժամանակ ավելացնելով ջրախնայողական ոռոգման համակարգերի ներդրման և գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում վարկային արտոնությունների տրամադրման հնարավորությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հրապարակվել է «e-draft» իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։

Հայաստանում ինտենսիվ այգեգործության և ոչ ավանդական մշակաբույսերի խթանման ծրագրի շրջանակներում առաջացել են մի շարք խնդիրներ՝ կապված որոշակի դրույթների հստակեցման և գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում պետական աջակցության պայմանների հետ։ Նախագիծն առաջարկում է լուծումներ այս խնդիրներին՝ ուղղված արդիական տեխնոլոգիաների ներդրման և գյուղատնտեսական հողերի առավել արդյունավետ օգտագործմանը։

Ըստ նախագծի՝ գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ջրախնայողական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման դեպքում վարկային տոկոսադրույքների սուբսիդավորումը կկազմի մինչև 14 տոկոսային կետ (արտարժույթային վարկերի դեպքում՝ մինչև 8 տոկոսային կետ)։ Սա նպատակ ունի խթանել ջրի արդյունավետ օգտագործումը և լուծել ոռոգման հիմնախնդիրները։

Նախագծով սահմանվում է, որ առանց այգեհիմնման կարկտապաշտպան ցանցերի ներդրման դեպքում աջակցությունը կտրամադրվի միայն խաղողի, ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների համար։ Ինտենսիվ այգիների համար հստակ սահմանվել են չափորոշիչներ, որոնք ներառում են տնկիների նվազագույն քանակ, ծառերի բարձրության սահմանափակում (մինչև 4 մետր) և արդիական ոռոգման համակարգերի ներդրում։

Նախագծով հստակեցվում են ջրավազանների չափերը, կառուցման պահանջները և կապալառուին ներկայացվող չափանիշները՝ ապահովելով ներդրումների թափանցիկությունն ու արդյունավետությունը։

Նախագծի ընդունումը նպաստելու է արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը, գյուղատնտեսական արտադրանքի կայուն աճին, բնակլիմայական ռիսկերի նվազեցմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում