ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին ՀՀ տնտեսական զարգացման առանձնահատկությունների քննարկմանն էր նվիրված «Հայաստանի տնտեսական խճանկարը ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին» խորագրով երկօրյա աշխատաժողովը Աղվերանում, որը համատեղ կազմակերպել էին Տնտեսական լրագրողների ակումբը և Modex ընկերությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Modex ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը և ավագ խորհրդատու Արմինե Պետրոսյանը միջոցառմանը մասնակցած շուրջ երկու տասնյակ լրագրողներին ներկայացրեցին Հայաստանի տնտեսության տարբեր հատվածներում գրանցված փոփոխությունների վերաբերյալ վիճակագրական ուշագրավ տվյալներով համեմված վերլուծություններ։
«ՀՀ մակրոտնտեսական կայունությունը» թեմայով վերլուծականում Ֆանյանը մանրամասն ներկայացրեց իր դիտարկումներն ու նկատառումները։ Նա նշեց, որ Ուկրաինայում ծավալված իրադարձությունները հիմնականում դրական են անդրադարձել Հայաստանի տնտեսությանը։ Ընդգծվեց, որ, օրինակ, 2022 թվականին ՀՀ 12․6 տոկոս տնտեսական աճի 5-6 տոկոսային կետը վերագրվում է այսպես կոչված ռուսական գործոնին։ Աճի այդքան պատկառելի մասնաբաժինը պայմանավորված էր դեպի Հայաստան միգրացիոն հոսքերով, մեր երկրից վերաարտահանման ծավալների կտրուկ ավելացմամբ, նաև հայաստանյան ապրանքների և ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճով։ Սակայն, 2023 և 2024 թվականներին նշված ցուցանիշները նվազել են, ինչը պայմանավորված է թվարկված գործոնների ազդեցության թուլացմամբ։
Ըստ Հայկազ Ֆանյանի՝ դիտարկվող ժամանակահատվածում՝ ռուսական գործոնի ազդեցությամբ առավել մեծ աճ գրանցվել է հիմնականում ՏՏ, առևտրի և ֆինանսական ոլորտներում։
Բանախոսը նշեց նաև, որ ոսկու վերամշակումն ու վերաարտահանումը որոշակի տնտեսական ազդեցություն ունեցել են 2023 թվականի չորրորդ եռամսյակից սկսած, որովհետև տնտեսական մոտիվներն առաջացել են այդ պահին։ «Հիշեցնեմ, որ Ռուսաստանը սահմանեց տուրք՝ դեպի երրորդ երկրներ արտահանման համար (բացառությամբ ԵԱՏՄ երկրների)։ Արդյունքում՝ մեր տնտեսվարողներն ունեցան ոսկի ներմուծելու և այն վերաարտահանելու ժամանակավոր հնարավորություն»,- արդեն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ֆանյանը։
Արձանագրվեց նաև, որ Հայաստանի արտահանման կառուցվածքում գերիշխում են ապրանքները, իսկ ծառայություններ ավելի քիչ ենք ներմուծում, քան արտահանում։
Հայկազ Ֆանյանը հանդես եկավ նաև «ՀՀ էներգետիկայի ոլորտը․ ընդհանուր իրավիճակը, կախվածությունը և հեռանկարները» ու «Հայաստանի ֆինանսական հատվածի կայունությունը» թեմաներով զեկույցներով։
Արտաքին առևտրի և օտարերկրյա ներդրումների թեմային էր նվիրված Արմինե Պետրոսյանի անդրադարձը։
«Այս ընթացքում Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքը շեշտակի փոխվել է՝ դրանում կտրուկ աճել է Ռուսաստանի մասնաբաժինը, որն արդեն հասել է շուրջ 40 տոկոսի։ Դա հիմնականում պայմանավորված է վերաարտահանման աճի գործոնով։ Ռուսաստանի նկատմամբ սահմանված արևմտյան պատժամիջոցները վերաարտահանման առումով հնարավորության պատուհան բացեցին հայաստանցի գործարարների համար, մանավանդ, որ Հայաստանը և Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ են և ունեն ազատ առևտուր իրականացնելու իրավունք։ Արդյունքում՝ Հայաստանից արտահանումը կտրուկ ավելացավ, աճեց նաև հայկական ծագման ապրանքների արտահանումը։
Սակայն, դա, բնականաբար, հնարավորության կարճաժամկետ ալիք է, որն, ինչպես տեսնում ենք, տարբեր գործոնների ազդեցությամբ արդեն նվազում է»,- նշեց Պետրոսյանը։
Շարունակելով «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցը՝ նա նկատեց, որ, օրինակ, 2022 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալի կեսից ավելին եղել է վերաարտահանում։
«2022-ին Հայաստանից Ռուսաստան արտահանումը աճել է 3 անգամ, 2023-ին տպավորիչ աճը շարունակվել է, բայց ավելի ցածր տեմպով (+40%)։ Արդյունքում՝ 2022-ին Հայաստանից Ռուսաստան արտահանվել է ավելի քան 2 մլրդ, իսկ մեկ տարի անց՝ շուրջ 3․4 մլրդ դոլարի ապրանք (Հայաստանի ամբողջ ապրանքային արտահանման 41 տոկոսը)։ 2022-ին Հայաստանը սկսել է Ռուսաստան արտահանել կամ զգալիորեն ավելացրել է այնպիսի ապրանքների արտահանումը, ինչպիսիք են Էլեկտրական սարքավորումները և մեքենաները, տրանսպորտային միջոցները, հաշվողական մեքենաները, այլ մեխանիկական սարքեր և սարքավորումներ, բժշկությունում օգտագործվող սարքեր, հարմարանքներ։ Այդ ամենը կազմել է նշված թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանման 43 տոկոսը։ Դա միանշանակ եղել է վերաարտահանում, քանի որ մեր երկրում նման ապրանքներ չեն արտադրվում»,- նշեց նա։
Պետրոսյանն արձանագրեց, որ դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանում ավելացել են նաև օտարերկրյա ներդրումները, ինչը հիմնականում պայմանավորված է եղել ռուսական կապիտալի ներհոսքով։ Այսպես, 2022-ին Հայաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն աճել է 2.7 անգամ։ Դա մասամբ պայմանավորված էր ռուսական կապիտալի ներհոսքով։ Ընդ որում, ռուսական կապիտալի և միգրանտների հոսքը նպաստել է ինչպես Հայաստանում օտարերկրյա ներդրումների, այնպես էլ Հայաստանից՝ այլ երկրներում իրականացված ներդրումների աճին։
«Կապիտալը Ռուսաստանից «հոսել» է հայկական բանկեր։ Տարբեր գործարքների արդյունքում մեր բանկերի ակտիվներն ավելացել են։ Առաջացել է այդ կապիտալն արդյունավետորեն ներդնելու անհրաժեշտություն, և մեր բանկերը սկսել են ներդրումներ կատարել արտասահմանյան արժեթղթերում՝ գնել արտասահմանյան պարտատոմսեր։ Դա ավելացրել է Հայաստանից իրականացված պորտֆելային ներդրումները։ Հայաստանի՝ ռուսական գործոնով պայմանավորված պորտֆելային ներդրումների զուտ ներհոսքն ավելացել է շուրջ 19 անգամ։ Ընդհանուր առմամբ թե՛ արտաքին առևտրի, թե՛ ներդրումների տեսանկյունից ռուս-ուկրաինական հակամարտությունը շատ մեծ նշանակություն է ունեցել Հայաստանի տնտեսության համար։ Սակայն արդեն իսկ նկատելի է, որ այդ ազդեցությունը հետզհետե թուլանում է, ու այդ միտումը շարունակվելու է»,- նշեց Պետրոսյանը։