Քննարկվել են նախատոնական և տոնական օրերին հրավառությունների իրականացման կարգին վերաբերող հարցեր
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԳՆ նախաձեռնությամբ դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել Ամանորի տոնակատարությունների ընթացքում հրավառության իրականացման թույլատրելի վայրերին, պահանջներին և պայմաններին վերաբերող քննարկում, որին մասնակցել են Ներքին գործերի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, քննարկվել են հրավառությունների թույլատրման և իրականացման լիցենզավորմանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից օրենքը խախտելու դեպքում նախատեսվող վարչական ներգործության միջոցներին։
Ընդգծվել է, որ հրավառություն իրականացնելը թույլատրվում է ՆԳ նախարարության կողմից տրվող լիցենզավորման և համապատասխան թույլտվության պարագայում, իսկ մնացած բոլոր դեպքերում խախտումները պետք է ստանան համապատասխան իրավական գնահատական:
Երկու նախարարությունների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն` ոլորտում առկա խնդիրների ուղղությամբ իրականացնել համատեղ քննարկումներ:
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ավարտին տրվել են համապատասխան հանձնարարականներ` նախատոնական և տոնական օրերին պահպանել քաղաքացիների անվտանգությունը և հասարակական կարգը։