Մեկնարկել են Հայաստանի համայնքային և տնային տնտեսությունների էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էներգախնայողության աջակցման հիմնադրամի կողմից իրականացվող «Փոքր մասշտաբի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում» ծրագրի շրջանակներում արդեն մեկնարկել են մի շարք գործընթացներ, որոնք ուղղված են Հայաստանի համայնքային և տնային տնտեսությունների էներգաարդյունավետության բարձրացմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հիմնադրամից հայտնում են, որ ծրագրի շրջանակներում ԷկոՎիլ ընկերությունը սկսել է Գավառի արվեստի դպրոցի և թիվ 7 մանկապարտեզի արևային կայանների տեղակայման աշխատանքները: Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի համայնքային կարևոր նշանակության նմանատիպ 48 շենքերում ևս կտեղադրվեն փոքր հզորության (մինչև 5 կՎտ) արևային կայաններ: Միջոցառումների արդյունքում կկրճատվի վառելիքի սպառումն ու ջերմոցային գազերի արտանետումը, զգալիորեն կպակասեն նաև կոմունալ ծախսերը։
Դրանից բացի նույն մարզերի տարբեր համայնքներում ընտրվել են 20 խոցելի տնային տնտեսություններ, որտեղ կիրականացվեն ջերմամեկուսացման միջոցառումներ՝ նվազեցնելով էներգիայի ծախսը և ապահովելով ավելի կայուն կենսամիջավայր:
Ծրագրի շրջանակներում, առաջիկա ամսվա ընթացքում, «Կոմպասս» ՀԿ-ն՝ Տավուշի մարզում, իսկ «Մարզային նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն՝ Գեղարքունիքի մարզում, կանցկացնեն իրազեկման արշավներ և էքսպո միջոցառումներ։ Այդ միջոցառումների նպատակն է համայնքների բնակիչներին տրամադրել էներգաարդյունավետության վերաբերյալ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ նպաստելով ռեսուրսների խնայմանը, շրջակա միջավայրի պահպանությանն ու կայունությանը:
«Փոքր մասշտաբի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում» ծրագիրն իրականացվում է «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» գործողության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պատվերով և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ: Ծրագիրն ուղղված է համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանը, էներգաարդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությանը: