ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՍոլիդԱրտ. ժամանակակից արվեստ և պետական կառավարում» միջազգային համաժողովին մշակույթի ոլորտի հայ և օտարազգի մասնագետները կանդրադառնան մասնավոր-պետական համագործակցության, համատեղ կինոարտադրության և մի շարք հարցերի: Համաժողովը երկխոսելու և փորձի փոխանակման հրաշալի հարթակ կդառնա նրանց համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին Մատենադարանում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շեշտեց՝ միջոցառումն անցկացվում է ճիշտ ժամանակին, քանի որ Հայաստանը կինոյի և առհասարակ մշակույթի ասպարեզում բարեփոխումների իրականացման փուլում է: «Կինոարվեստը կարևոր տնտեսական բաղադրիչ է մեզ համար, և կամք ու ցանկություն ունենք բարեփոխումներն արագ իրականացնելու և առաջ գնալու համար: Հայաստանն արդեն ունի կինոյի մասին օրենք, որում մասնագետների հետ քննարկումների և նրանց առաջարկությունների արդյունքում պետք է լրացումներ կատարվեն»,-ասաց փոխնախարարը:
Նա հիշեցրեց՝ արդեն ընթացքում է մասնակի ներդրումների վերադարձի մասին կարգը, որն առաջիկա մի քանի շաբաթում կսկսի գործել:
Դանիել Դանիելյանը կարևորեց համաժողովի ընթացքում քննարկվող քարտեզագրման և միջազգային համագործակցության ընդլայնման արդյունավետության բարձրացման հարցը, որին նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում: Անդրադառնալով համատեղ կինոարտադրության խթանման հնարավորություններին, ֆիլմերի միջազգայնացման և ֆոնդհայթայթման մեխանիզմներին՝ Դանիելյանը նշեց՝ շատ կցանկանա, որ նման հարցերի քննարկումներին մասնակցեն ոլորտի շատ ներկայացուցիչներ՝ տեղեկացված լինելու համար:
«Երբեմն նախարարություն են գալիս մասնագետներ, որոնք տեղյակ չեն քննարկումներից և օրենքներից ու ֆինանսավորում են խնդրում կինո նկարահանելու համար: Պետք է համատեղ ուժերով իրազեկենք բոլորին փոփոխությունների մասին և դաշտն առավել մրցակցային դարձնենք, որպեսզի որակյալ ֆիլմերի առաջարկները շատ լինեն, իսկ ֆինանսների տրամադրումը՝ թափանցիկ»,-ասաց փոխնախարարը:
Գիտաժողովի համապրոդյուսեր Մելիք Կարապետյանը հիշեցրեց՝ միջոցառումը Հայաստանում չորրորդ անգամ է անցկացվում: Նա երկրորդ համաժողովին ևս ներկա է եղել և խոստովանեց, որ մեծ տարբերություն է տեսնում ու դրական առաջընթաց:
Նա շատ կաևորեց համաժողովի ընթացքում մասնագետների միջև համագործակցությունը, ոլորտային զրույցները, որոնց կարիքը կա: «2018-ից ինչ երկրում մի շարք փոփոխություններ տեղի ունեցան, կինոյի բնագավառում ևս կառուցվածքային փոփոխություններ իրականացվեցին, հատկապես՝ ֆինանսավորման համակարգում, և հինգ-վեց տարվա ընթացքում մենք տեսանք արդյունքները: Այս տարի առաջարկեցի հրավիրել այն բոլոր երկրներից մասնակիցների, որտեղ հայկական ծրագրեր են իրականացվել, կամ նոր պետք է իրականացվեն: Առաջնորդվելով այդ սկզբունքով՝ մենք մասնակիցների ենք հրավիրել Արգենտինայից, Կանադայից, ԱՄՆ-ից: Հյուրընկալել ենք քսան մասնագետի տասնհինգ երկրից»,-տեղեկացրեց Կարապետյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը կինոարտադրությանը սակավ միջոցներ է տրամադրում, և հատկապես լիամետրաժ խաղարկային կինո հնարավոր է դառնում նկարահանել միայն համատեղ արտադրության շնորհիվ:
«2005-ին Հայաստանը ստորագրեց կոնվենցիա եվրոպական համատեղ արտադրության մասին, ինչը օրենսդրական հիմք ստեղծեց համատեղ ֆիլմեր նկարահանել եվրոպական երկրների հետ և 2016-ից Հայաստանը դարձավ «Եվրիմաժ»-ի անդամ, ինչի արդյունքում հինգ կամ վեց ծրագիր ֆինանսավորում ստացավ»,-ասաց Մելիք Կարապետյանն ու հավելեց՝ համաժողովին մասնակցում են հետաքրքիր բանախոսներ, որոնց լսելն արդյունավետ կլինի բոլորի համար:
Համաժողովի շրջանակում ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» (4K թվային վերականգնում 2024) ֆիլմի ցուցադրությունը: Մուտքն ազատ է: