Ռուսաստան

Մոսկվան և Մինսկը վերանայել են միջուկային զենքի կիրառման մոտեցումները

2 րոպեի ընթերցում

Մոսկվան և Մինսկը վերանայել են միջուկային զենքի կիրառման մոտեցումները

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսը և Ռուսաստանը վերանայել են միջուկային զենքի կիրառման իրենց մոտեցումները նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված զենքի առաջացման ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Բելառուսի արտաքին գործերի փոխնախարար Իգոր Նազարուկը։

«Բելառուսի տարածքում (խմբ.` ռուսական) մարտավարական միջուկային զենք տեղակայելու որոշումը փաստ է, հետևաբար, նոր փաստաթղթում իրավական տեսանկյունից սա ամրագրված միջոց է։ Մեր պետությունների փոխադարձ անվտանգության աստիճանը բարձրացվում է։ Միջուկային զենքի կիրառման մոտեցումները ճշգրտվել են», - ասել է նա:

Փոխնախարարը պարզաբանել է, որ Մոսկվան և Մինսկը հետևում են սպառազինությունների ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրմանը և զենքի կիրառմանը՝ հիմնված նոր ֆիզիկական սկզբունքների վրա, և դա չէր կարող չազդել ճշգրտման վրա։

Նազարուկը հիշեցրել է, որ դեկտեմբերի 6-ին Մինսկում տեղի կունենա Միութենական պետության Գերագույն պետական ​​խորհրդի նիստը, որի ժամանակ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն կքննարկեն Միութենական պետության անվտանգության հայեցակարգի նախագիծը և անվտանգության երաշխիքների մասին ռուս-բելառուսական համաձայնագիրը։

Ինչպես նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանի նորացված միջուկային դոկտրինի բովանդակությունը լիովին համաժամանակեցված է այդ փաստաթղթերի հետ։

Նոյեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է հրամանագիր, որը հաստատում է թարմացված միջուկային դոկտրինը՝ Միջուկային զսպման ոլորտում պետական ​​քաղաքականության հիմունքները։ Փաստաթղթում ներառվել են դրույթներ, որոնք թույլ են տալիս Ռուսաստանին միջուկային զսպում կիրառել նույնիսկ Մոսկվայի դաշնակիցների դեմ հարձակումների դեպքում։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում