ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քարտեզները պատմություն են, քարտեզները փաստաթղթեր են, որոնք պարունակում են հստակ տեղեկություններ մի ամբողջ ժամանակաշրջանի մասին: Քարտեզներից հնարավոր է հստակ պատկերացնել ու տեղեկություններ քաղել աշխարհի զարգացման ու ներկայիս երկրների տարածքների ձևավորման ընթացքի մասին:
Մատենադարանում ևս պահպանվում են հետաքրքիր, կարևոր և շատ արժեքավոր քարտեզներ, որոնց մեծ մասը Մատենադարանին է նվիրել քարտեզագետ Ռուբեն Գալչյանը, ով քարտեզների հանդեպ սերն ունեցել է դեռ մանկուց, որը տարիներ անց վերածվել է լուրջ գործունեության:
«Արմենպրես»-ի հետ զրույցում քարտեզագետն ընդգծեց՝ շատ ժամանակ է անցկացրել Բրիտանական գրադարանում՝ հետազոտելով տարբեր քարտեզներ:
«Քարտեզներով հետաքրքրվել սկսել եմ շուրջ 45 տարի առաջ: Վերջին 20 տարիներին, երբ Լոնդոնում էի ապրում, շաբաթվա մեջ չորս օր առավոտից մինչև գիշեր Բրիտանական գրադարանում քարտեզներ էի նայում ու հետազոտում: Քարտեզների հետաքրքիրն այն է, որ ցույց են տալիս ժամանակի մարդկային մտածելակերպը և երկրների հարաբերությունները իրենց հարևանների հետ»,-ասաց նա:
Մասնագետն ընդգծեց՝ քարտեզները փաստ են, և, ըստ այդ փաստերի, Հայաստանը քարտեզների վրա գոյություն ունի 2600 տարի:
«Բրիտանական թանգարանում կա մեր թվարկությունից 600 տարի առաջվա մի սալիկ, որի վրա երեք անուն կա՝ Բաբելոն, Ասորեստան և Հայաստան: Հետո,երբ մոտենում ենք մեր թվարկությունից առաջ 2000-ական թվականներ, ապա այդ շրջանում Փոքր Ասիայի տարածքում տասնյակ թագավորություններ կային՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Մարաստանը, Ասորեստանը, Միջագետքը և էլի շատ փոքր երկրներ: Եվ այս քարտեզներին նայելով կարելի է տեսնել, թե ինչպե՞ս են անհետանում այդ երկրներից շատերը: Երբ հասնում ենք մեր օրեր, ապա այդ շրջանում կան մի քանի երկիր՝ Պարսկաստանը, Հայաստանը, որոնք ավելի քան 2500 տարվա պատմություն ունեն։ Թուրքիան քարտեզների մեջ առաջին անգամ երևան է գալիս 14-րդ դարում, այսինքն՝ Հայաստանից 2000 տարի հետո։ Ադրբեջանը քարտեզների վրա հայտնվել է 1918 թվականից»,- նշեց Գալչյանը:
Քարտեզագետը Մեծ Բրիտանիայում ապրած 30 տարիների ընթացքում աճուրդներից և տարբեր այլ տեղերից հավաքել է շուրջ 300 քարտեզ-ատլաս, որոնցից ամենահինը 16-րդ դարի է, և հազարավոր գրականություն, ուղեգրություններ և մարդկանց հիշողություններ դրանց վերաբերյալ:
Գալչյանի խոսքով՝ Հայաստանը եվրոպական մանրակրկիտ քարտեզներ չի ունեցել, իսկ այս հավաքածուով Մատենադարանի այդ բացը լրացնելը մասնագետը լավագույն որոշումն է համարում: