Իրավունք

Պարեկները ձկնագողության դեպքեր են բացահայտել

2 րոպեի ընթերցում

Պարեկները ձկնագողության դեպքեր են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրային պարեկային կարգախումբը դեկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Ծովինար բնակավայրի հատվածում, առանց ամրագոտի երթևեկելու համար, կանգնեցրել է Արծվանիստ գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-21043» մակնիշի մեքենան: Ստուգման ընթացքում մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է սիգ տեսակի ձուկ: Վարորդը, համագյուղացի 44-ամյա ուղևորը և մեքենան պարզաբանումների համար տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, պարզվել է, որ ձկները պատկանում են ուղևորին: Ըստ նրա` անձնական կարիքների համար ձկները ձեռք է բերել դեկտեմբերի 1-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Ծովակ գյուղի վարչական տարածքում` անծանոթ անձից: 

Պարեկները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչների մասնակցությամբ ձկները հաշվել և կշռել են: 145 սիգը կշռում էր 60 կիլոգրամ. կենդանական աշխարհին պատճառվել է 301 հազար դրամի վնաս: 

«Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին: 

Պարզվել է, որ «ՎԱԶ-21043»-ի 49-ամյա վարորդը ոչ մայն զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, այլև այդ պահին գտնվել է ոչ սթափ վիճակում: 

Այս փաստով ևս փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել նաև Սյունիքի մարզի պարեկները:

Դեկտեմբերի 2-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Սպանդարյանի ջրամբարի մոտակայքում նրանք կանգնեցրել են մի տրակտոր, որի կցորդիչը բեռնված էր ձկներով: Վարորդը հայտնել է, որ ձուկը որսացել է ջրամբարից, սակայն որևէ փաստաթուղթ ու թույլտվություն չունի: Ձուկը կշռել է ընդհանուր 180 կիլոգրամ, որից 110-ը` կարաս, 70-ը` կողակ:

Հանգամանքները պարզվում են:

Ոստիկանությունը հորդորում է հատկապես սիգի ձվադրման այս շրջանում չզբաղվել ապօրինի որսով: Դրանով ոչ միայն խախտվում է օրենքը, այլև լուրջ վնաս է պատճառվում շրջակա միջավայրին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում