Աշխարհ

Սերբիան հերքել է իր հասցեին հնչող մեղադրանքները՝ կապված Կոսովո և Մետոքիայում ջրատարի պայթյունի հետ

2 րոպեի ընթերցում

Սերբիան հերքել է իր հասցեին հնչող մեղադրանքները՝ կապված  Կոսովո և Մետոքիայում ջրատարի պայթյունի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սերբիան խստորեն դատապարտում է նոյեմբերի 29-ին Իբար-Լեպենացի ջրանցքի վրա տեղի ունեցած հարձակումը և մերժում է բոլոր անհիմն մեղադրանքները, որ հարձակումից հետո հնչել են Բելգրադի հասցեին։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են Հայաստանում Սերբիայի դեսպանատնից։ 

Ըստ հաղորդագրության՝ Սերբիան պահանջում է, որ այս անխոհեմ հարձակման մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ 

«Բոլոր կողմերին կոչ ենք անում խուսափել ժամանակից շուտ մեղավորներին մատնանշելուց և փոխարենը կենտրոնանալ տարածաշրջանում հետագա ապակայունացումը կանխելու հավաքական ջանքերի վրա։ Սերբիան հանդես է գալիս համագործակցության, ոչ թե պառակտման օգտին», - հայտնել են դեսպանատնից։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ մեղավորներին գտնելու և նրանց արդարադատության առջև կանգնեցնելու համար կարևոր է ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ գործող միջազգային ուժերի (KFOR) և Կոսովոյում Եվրամիության քաղաքացիական հատուկ առաքելության (EULEX) հետ համագործակցությունը։

«Միջադեպը չպետք է օգտագործվի որպես հիմնավորում Կոսովո և Մետոքիայի հյուսիսում, այսպես կոչված, Կոսովոյի անվտանգության ուժերի ներկայությունը մեծացնելու, և ոչ էլ տեղի սերբերի դեմ որևէ բռնաճնշում իրականացնելու համար, քանի որ դա է՛լ ավելի կապակայունացնի իրավիճակը», - նշված է հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 1-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ երկիրը ենթարկվել է շատ լուրջ և մասշտաբային հիբրիդային հարձակման, և շեշտել էր, որ Բելգրադը պայթյունի հետ որևէ առնչություն չունի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կոսովո և Մետոքիայի հյուսիսում ջրատարի պայթյունի պատճառով կարող են էլեկտրականության անջատումներ լինել։ Կոսովոյի իշխանությունները տեղի ունեցածի մեջ մեղադրել էին Սերբիային։

Իբար-Լեպենացի ջրանցքը կարևոր ջրային ուղի է, որն էական նշանակություն ունի էլեկտրաէներգիայի արտադրության, գյուղատնտեսության, խմելու ջրի և, ընդհանուր առմամբ, դրանից կախված համայնքների բարեկեցության համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում