Քաղաքականություն

Գյումրիում ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու իրավական վակուումի հարցը կլուծվի օրենսդրական փոփոխությամբ

2 րոպեի ընթերցում

Գյումրիում ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու իրավական վակուումի հարցը կլուծվի օրենսդրական փոփոխությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համայնքի ղեկավարի կամ ավագանու մանդատների լիազորությունների դադարեցման դեպքում առաջացող իրավական վակուումը դարձել է օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության հիմք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն՝ անդրադառնալով Գյումրիում ստեղծված իրավիճակին։ 

«Այդ իրավական վակուումը պետք է շատ արագ համալրվի և դրան է ուղղված այս նախագիծը։ Նախագիծը վերաբերվում է հետևյալ իրավիճակին, երբ արդեն իսկ ավագանին ցրված է կամ համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են և այդ վաղաժամկետ դադարեցման պահին չկա որևիցե անձ, ով լեգիտիմ եղանակով օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է հանդիսանալ կամ դիտարկվել որպես համայնքի ղեկավար կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Նախագիծը նախատեսում է, որ համայնքի ղեկավարի կամ ավագանու լիազորությունների դադարեցման դեպքում, եթե չկա օրենսդրությամբ լիազորված անձ, ով կարող է ստանձնել ժամանակավոր պաշտոնակատարի գործառույթները, ապա ժամանակավոր պաշտոնակատար կնշանակի համապատասխան մարմինը․գյուղական համայնքների դեպքում՝ մարզպետը, այլ համայնքների դեպքում՝ վարչապետը»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Նրա խոսքով՝ լուծումը ժամանակավոր է, որը կտևի մինչև նոր ավագանու ձևավորումը։ 

«Պաշտոնակատարը կունենա լիազորություն իրականացնել համայնքի ղեկավարի գործառույթները, մասնավորապես՝ կազմակերպել ընտրական գործընթացը և ապահովել համայնքի բնականոն գործունեությունը»,-ընդգծեց Վարդանյանը։

Նա հավելեց, որ նախագիծը նախատեսվում է քննարկել արտահերթ նիստի ընթացքում՝ ապահովելու արագ լուծում Գյումրիում և նմանատիպ այլ համայնքներում առկա իրավիճակներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում