ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանը և Արթուր Խաչատրյանը դատական հայց են ներկայացրել կառավարության և ԱԳՆ-ի դեմ՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի 2024 թվականի մարտի 14-ի գրությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով, որ այդ գրության հիմքով իրենց արգելվել է ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող խաղաղության պայմանագրի փոխանակվող նախագծերին։
Պատգամավորը տեղեկացրեց, որ հայցադիմումը վարույթ է ընդունվել՝ դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ։ Նախնական դատական նիստը նշանակվել է 2025 թվականի հունվարի 14-ին։
«Մենք հետևողական ենք լինելու այս կամայական որոշումը չեղարկելու ու հանրության համար հույժ կարևոր փաստաթղթին ծանոթանալու մեր իրավունքը վերականգնելու հարցում»,- գրել է Քրիստինե Վարդանյանը։
2024 թվականի մարտին «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ պաշտոնապես դիմել էին ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի նախագծերին։ Ըստ պատգամավորների՝ սա հանրության համար կարևոր փաստաթուղթ է, որի քննարկումն ու բովանդակությունը պետք է լինեն թափանցիկ։ ԱԳՆ-ն մերժել էր նրանց դիմումը՝ նշելով, որ բանակցային գործընթացը չխաթարելու, գործընթացի վրա անուղղակի բացասական ազդեցություններ, ինչպես նաև փաստաթղթի կամայական, սխալ հանրային մեկնաբանություններ բացառելու նկատառումով պայմանավորված՝ այս պահին նպատակահարմար չեն համարում հայցվող տեղեկատվության տրամադրումը։ Ընդդիմադիր պատգամավորները մինչ այդ պայմանագրի նախագծի դրույթներին ծանոթանալու հնարավորություն ստացել էին։