Սպորտ

Օլիմպիական խաղերն իմ պատկերացրածին նման չէին. Մալխաս Ամոյան

7 րոպեի ընթերցում

Օլիմպիական խաղերն իմ պատկերացրածին նման չէին. Մալխաս Ամոյան

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական 2024-ն ավարտին է մոտենում: Այն լի էր բացահայտումներով, հիասթափությամբ, հաղթական նոտաներով ու նորին ձգտելու վճռականությամբ:  

2024 թվականի Փարիզի  Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող 4 մեդալակիրներից մեկը հունահռոմեական ոճի ըմբիշ, ՕԽ բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանն է: «Արմենպրես»-ը «Սպորտ-զրույց»-ի շրջանակներում Ամոյանի հետ խոսել ենք անցնող մրցաշրջանից, Փարիզ-2024-ից և ապագայի տեսլականից: 

-2024 թվականը մոտենում է ավարտին։ Ես պիտի խնդրեմ, որ մենք ամփոփենք այն, որովհետեւ տարվա սկզբին Դուք դարձաք Եվրոպայի չեմպիոն , իսկ  հետո պայքարի մեջ մտաք Օլիմպիական խաղերում։ Ընդհանուր առմամբ ինչպիսի՞ տարի էր Ձեզ համար  2024 թվականը:

-Կարելի է ասել բավարար, քանի որ տարվա սկզբից կարողացա հռչակվել Եվրոպայի չեմպիոն, որից հետո արդեն Օլիմպիական խաղերն էին։ Ճիշտ է, այնտեղ գնացել էի միայն ոսկե մեդալի համար, սակայն արժանացանք նրան, ինչին պատրաստ էինք եւ բավարարվեցինք բրոնզե մեդալով: 

-Գալով Փարիզ-2024-ին: Փարիզի Խաղերը ձեզ համար առաջին Օլիմպիական խաղերն էին: Նախ ինչպիսի՞ տպավորություն ունեք ընդհանուր առմամբ, որովհետեւ բոլոր մարզիկների համար Օլիմպիական խաղերը իսկապես բացառիկ երեւույթ են։ 

- Առաջին անգամն էի մասնակցում խաղերին: Օլիմպիական խաղերն այնպիսին չէին, ինչպիսին  պատկերացնում էի: Քանի որ մտածում էի` լարվածությունը կարող էր շատ լինել,  ինչը կարող էր խանգարել, ճնշել: Սակայն ավելի հանգիստ մոտեցա մրցաշարին, ինչպես Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին եմ մոտեցել: Մթնոլորտը բացառիկ էր․ այնպիսի մթնոլորտ էր, որի նմանը երբեք չէի տեսել՝ մեր հայրենակիցների այդպիսի աջակցությունը,  մեր կողքին լինելը։ Մնացած բոլոր մրցաշարերի համեմատ՝ այստեղ մակարդակը բոլորովին այլ էր։ 

-Հրաշալի մեկնարկ ունեցաք Օլիմպիական խաղերում: Սակայն ինչ-որ բան այն չգնաց կիսաեզրափակիչում։ Ես պիտի խնդրեմ, որ մենք հիշենք կիսաեզրափակիչ գոտեմարտը: Ի՞նչ պատահեց, արդյոք չհասցրեցի՞ք արագ կողմնորոշվել, թե՞ այնուամենայնիվ, արժանին պիտի մատուցենք մրցակցին, որովհետեւ, ինչպես դուք եք սովորաբար սիրում ասել՝ «մենք ստանում ենք այն, ինչին պատրաստ ենք լինում»։ 

- Այո, չկարողացա ճիշտ դասավորել գոտեմարտս, ճապոնացի ըմբիշն էլ ուժեղ ըմբիշ էր, Օլիմպիական խաղերից մոտ մեկ տարի առաջ գոտեմարտել էի նրա հետ: Այդ պահին չէի կարողանում մտքերս հավաքել, չէի կարողանում կենտրոնանալ, թե ինչպես պետք է մրցեմ նրա հետ: Այդ պահին նա ինձնից ուժեղ գտնվեց եւ հաղթեց։ 

-Իհարկե, մարզիկների համար դժվար է պարտությունից հետո եւս մեկ անգամ թարմանալ եւ պայքարել մեդալի համար:  Ինչպիսի՞ փուլ անցաք Դուք, ինչպիսի՞ն էր բրոնզի համար գոտեմարտը: 

-Ասեմ, որ պարտությունից հետո ընդհանրապես չեմ քնել: Մինչեւ գոտեմարտը լարվածությունս էլ ավելի էր մեծացել, տեղս չէի գտնում: Բայց, երբ արդեն մեկնեցի մրցման վայր, կարողացա այնտեղից տրամադրվել եւ հասկանալ` ինձ պետք է այդ մեդալը, անպայման պետք է: Կարողացա տրամադրվել եւ հաղթել: Սակայն լարված գոտեմարտ ստացվեց, կրկին իմ պլանավորածով չգոտեմարտեցի, մեկ միավորի տարբերությունը կարող էր ամեն վայրկյան փոխվել: Իսկապես լարվածությունն էլ ավելի մեծ էր բրոնզե մեդալի համար գոտեմարտում։ 

-Գոտեմարտի ընթացքում այն հանգամանքը չխանգարե՞ց արդյոք, որ մրցակիցը հայ էր:

-Ոչ, բոլոր մրցակիցների դեմ նույն տրամադրվածությամբ եմ մոտենում, ինձ թվում է՝ ոչ: Ուղղակի չես ցանկանում գոտեմարտել հայ ըմբիշ հետ:

-Հիմա արդեն Օլիմպիական խաղերը պատմություն են, եւ վստահ եմ, որ Ձեր հայացքն ուղղել եք Լոս Անջելեսի 2028 թվականի Օլիմպիական խաղերին։ Կարելի՞  է ասել, որ բրոնզը կա, բայց սա քայլ է դեպի մյուս օլիմպիական մեդալներ։

-Չեմ սիրում շտապել։ Դեռ վաղ է ասել, որ պատրաստվում եմ Լոս Անջելեսի Խաղերին, այժմ կպատրաստվեմ գալիք մրցաշարերին, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին, բայց, այո, սա մի փորձ է ինձ համար, որ գալիք Օլիմպիական խաղերում կարողանամ էլ ավելի լավ հանդես գալ:  

-Ինչպե՞ս կբնութագրեք Փարիզ 2024-ը մեկ բառով:

-Պատմություն:

-Եվ փոխելով հարցերի ուղղվածությունը:  Տաղա՞նդն է կարեւոր ըմբշամարտում, թե՞ աշխատասիրությունը։ Թե, այնուամենայնիվ, եթե ունենաս տաղանդ եւ աշխատասեր չլինես, միեւնույն է, չես կարողանա հասնել ինչ-որ բանի:   

-Ես ավելի կողմնակից եմ աշխատասիրությանը, քանի որ աշխատասիրության շնորհիվ էլի կարող ես հասնել քո նպատակներին, իսկ եթե տաղանդավոր եղար, աշխատասեր չեղար, կարող ես մեկ-երկու-երեք մրցաշարում հաղթել միայն: 

-Ո՞րն է Ձեր մոտիվացիայի աղբյուրը, ի՞նչն է այն ուժը, որտեղից Դուք սնվում եք:

-Առաջինը ՝ հավատքը, երկրորդը՝ կարգապահությունը․ մարզումներն ու քրտնաջան աշխատանքը: 

GEV_7415.jpg

-Ինչպե՞ս կուզեք, որ Ձեզ հիշեն սպորտը թողնելուց հետո:

-Որպես լավ մարդ:

-Եթե Ձեզ տրվեր մեկ հնարավորություն ընտրելու բոլոր ժամանակների լավագույն ըմբիշներից մեկին,  որի հետ կկարողանայիք գոտեմարտել, ո՞վ կլիներ նա:  

-Կուզենայի գոտեմարտել մեր քաշային կարգի Օլիմպիական խաղերի կրկնակի հաղթող Ռոման Վլասովի հետ: Սակայն նա ավարտել է իր սպորտային կարիերան:  

-Ո՞վ է բոլոր ժամանակների լավագույն ըմբիշը։

-Բոլոր հայ ըմբիշները:

-Ո՞րն է մարդկային այն մեծագույն արժեքը, որ գնահատում եք դիմացինի մեջ: 

-Անկեղծությունը:

-Ու՞մ եք զանգում առաջինը՝ լավ լուր ստանալիս:

-Մայրիկիս:

-Ո՞րն է ըմբշամարտի գեղեցկությունը, Մալխաս: 

-Ինձ թվում է՝  քրտնաջան մարզումները, որոնք ոչ բոլորին են տեսանելի: Հաջողության հասնում ենք հիմնականում հենց մարզումային գործընթացի հետեւում թաքնված քրտնաջան աշխատանքի շնորհիվ:  

-Ո՞րն է ձեր հաղթաթուղթը գոտեմարտելիս: 

-Հիմնականում հավատն առ Աստված: Դա է ինձ օգնում, որպեսզի ես կարողանամ հավատալ ինքս ինձ, իմ ուժերին, որպեսզի կարողանամ լավ գոտեմարտել:

-Պատկերացնենք` Դուք ընկել եք անմարդաբնակ կղզի, ո՞ւմ կամ ի՞նչ կվերցնեք ձեզ հետ: 

GEV_7421.jpg

-Շատ բարդ հարց է (հեղ. ծիծաղում է): Իրականում ոչինչ չէի վերցնի:

-Եթե ոսկե ձկնիկ որսայիք եւ ունենայիք 3 ցանկության հնարավորություն, որո՞նք կլինեին դրանք:

-Առաջինը՝ խաղաղություն երկրին, երկրորդը` Օլիմպիական խաղերի ոսկի, երրորդը չեմ կարող ասել:

-Եվ վերջում, եթե տեսնեիք Աստծուն, ի՞նչ կասեիք: 

-Միայն շնորհակալություն:

-Մալխաս, շնորհակալ եմ, անմիջական զրույցի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում