Մշակույթ

Վերներ Հայզենբերգը՝ հենց իր աչքերով. «Անկյունաքար»-ը լույս է ընծայել հեղինակի «Մասը և ամբողջը» գիրքը

7 րոպեի ընթերցում

Վերներ Հայզենբերգը՝ հենց իր աչքերով. «Անկյունաքար»-ը լույս է ընծայել հեղինակի «Մասը և ամբողջը» գիրքը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից Վերներ Հայզենբերգի «Մասը և ամբողջը» գիրքն ինքնակենսագրական է, սակայն ամեն ինչ պտտվում է ատոմային ֆի­զիկայի զանազան խնդիրների շուրջ՝ բաժանված քսան գլուխների, որոնցից յուրաքանչյուրում Հայզենբերգը փորձել է շոշափել որոշակի թեմա։

Գիրքը, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ Հայզնբերգին հենց իր աչքերով, գերմաներենից հայերեն է թարգմանել և լույս ընծայել «Անկյունաքար» հրատարակչությունը։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հրատարակչության տնօրեն, թարգմանիչ և խմբագիր Խաչիկ Գրիգորյանն ասում է՝ «Մասը և ամբողջը» Հայզենբերգի երրորդ գիրքն է, որն իրենք ներկայացնում են ընթերցողներին։ Ավելի վաղ հրատարակել են «Ֆիզիկա և փիլիսոփայություն», «Քվանտային տեսության ֆիզիկական սկզբունքները» գրքերը։ Գրիգորյանի խոսքով՝ նախորդ գրքերում Հայզենբերգն ավելի շատ կենտրոնացել է փիլիսոփայական խնդիրների շուրջ, որոնք առաջացրել է քվանտային ֆիզիկան։ Երկու գրքերը թարգմանել է Աշոտ Գրիգորյանը։

««Մասը և ամբողջը» Հայզենբերգի գրած վերջին գիրքն է, և այն ասես ամփոփում է նրա գաղափարները։ Գրքում և՛ ֆիզիկայի զարգացման, և՛ Գերմանիայի պատմությունն են։ Նա իրեն ներկայացնում է որպես մի մարդու, որն անմիջական կապ ունի գերմանական խնդիրների, ցավերի ու հաղթանակների հետ։ Հեղինակը կրկին կենտրոնանում է փիլիսոփայական հարցերի շուրջ՝ քվանտային տեսության ասպեկտներով, անդրադառնում է նաև կրոնին վերաբերող հարցերի։ Ֆիզիկայի ու կրոնի փոխհարաբեություններին երկու գլուխ է նվիրել, անգամ կենսաբանությանն է մի գլուխ նվիրել։ Հայզենբերգը նաև գրել է իր լավագույն ընկերների, գործընկերների՝ Նիլս Բորի, Մաքս Պլանկի հետ հարաբերությունների մասին»,-պատմում է հրատարակիչն ու հավելում՝ Վերներ Հայզենբերգը բացատրություն չի տվել, թե ինչու է գիրքն անվանել «Մասը և ամբողջը», սակայն ակնհայտ է, որ նա իրեն դիտել է որպես ֆիզիկական ընկերակցության մի մաս, ինչը խոսում նրա մարդկային կերպարի մասին։

Գրիգորյանի հավաստիացմամբ՝ գրքի միջոցով հնարավոր է ճանաչել Հայզենբերգ մարդուն, քանի որ նա, առանց իրեն գովազդելու, բացահայտում է իր էությունը։ Դա ակնհայտ է  նաև իր ընկերների մասին խոսելիս, որոնցից շատերը բարյացկամ են, մյուսները՝ ոչ։

Ավելի վաղ «Անկյունաքար»-ը հրատարակել էր Կոնրադ Քլայնքնեխտի «Էյնշտեյն և Հայզենբերգ» գիրքը։ Վերջերս հրատարակել են Նիլս Բորի «Ատոմային տեսությունը և բնության նկարագրությունը»։ Բորը Հայզենբերգի և՛ ընկերն է եղել, և՛ ուսուցիչը։ 

Հրատարակչությունը չի մասնակցում գրքերի վաճառքի գործընթացին, սակայն իրենց տեղեկություններով՝ «Անկյունաքար»-ի հրատարակած յուրահատուկ գրքերի սպառողները գիտությամբ հետաքրքրված մարդիկ են, նախկին ֆիզիկոսներ են, կան նաև ընթերցողներ, որոնք տնտեսագիտության բնագավառից են, բայց շատ հետաքրքրված են քվանտային ֆիզիկայով ու բարձր են գնահատում այդ գրքերը։ Շատերի համար գիտամասսայական գրքերն ասես դասագրքեր լինեն, քանի որ առաջին քայլն են այդ բնագավառ մտնելու համար։

«Մենք ձգտում ենք բեսթսելեր դարձնել այն գրքերը, որոնք բեսթսելեր չեն, քանի որ այդ գրքերն արժեքավոր են ու անհրաժեշտ է իրական արժեքները հանրամատչելի դարձնել»,-նշեց նա։

Այս և նախորդ տարի «Անկյունաքար»-ը հրատարակել է Կյուրեղ Ալեքսանդրացու «Մեկնութիւն Եբրայեցւոց թղթոյն», Անանիա Սանահնեցու «Հակաճառության խոսք ընդդեմ երկաբնակների» գրքի անգլերեն թարգմանությունը։ Հայ եկեղեցու ամենահայտնի աստվածաբաններից մեկի՝ Անանիա Սանահնեցու (11-րդ դար) գիրքը յուրահատուկ դեր ունի հայ եկեղեցու դավանական գրականության մեջ։ Շարունակելով իր նախնիների ուղղությունը՝ նա բացահայտում է նոր շերտեր որոշ կարևորագույն հարցերում. երկու բնություն ընդունելու դեպքում առաջ եկող խնդիրները, խաչի վրա միայն մարդու մահն ընդունելու հետ կապված խնդիրները և նմանօրինակ հարցեր։ 

«Հրատարակել ենք նաև Նարեկացուն վերագրվող, և ես կարծում եմ, որ ճիշտ է վերագրվում, «Բան խրատու վասն ուղիղ հաւատոյ և մաքուր վարուց առաքինութեան» գիրքը։ Այն լույս է տեսել արևմտահայերենով, գրաբարով և անգլերենով՝ առավել  մասսայականացնելու նպատակով։ Գիրքը բավականին մեծ պահանջարկ ունի ԱՄՆ-ում, Կանադայում։ Օրեր առաջ «Ժամանակակից ֆրանսիական դրամատուրգիա» բաժնում հրատարակեցինք Էժեն Իոնեսկոյի «Հերատ երգչուհին»  և կանադացի հինգ հեղինակի պիեսներ՝ «Քվեբեկյան ժամանակակից դրամատուրգիա» անվամբ»,-տեղեկացնում է Խաչիկ Գրիգորյանը։

«Անկյունաքար» հրատարակչությունը 1999 թվականից ի վեր հրատարակում, թարգմանում և աշխարհում տարածում է հայ քրիստոնեական գրականությունը՝ փորձելով ճանաչելի դարձնել հայ եկեղեցու ավանդույթներն ու առանձնահատկությունները: Իսկ հայոց լեզուն զարգացնելու նպատակով լույս է ընծայում բառարաններ, զրուցարաններ, գեղարվեստական և այլ գրականություն: Հրատարակչության անկյունաքարային աշխատանքներից է բառարանագրությունը: Շատ կարևոր են համարում հայոց լեզվի զարգացումը, իսկ բառարանագրությունը դրա ձևերից մեկն է: Լույս են ընծայել մի շարք անգլերեն-հայերեն բառարաններ, ինչպես նաև անգլերեն-հայերեն գրպանի բառարանը, որը լայն տարածում ունի, և ամենամեծ անգլերեն-արևելահայերեն բառարանը, որում 115 հազար բառ կա: Այն անվճար հասանելի է dict.am կայքում: Հրատարակել են նաև հայերեն-պարսկերեն, հայերեն-ռուսերեն բառարաններ, համակարգչային եզրերի հատուկ բառարան: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում