Դադիվանքն ու «փաստի» հորինումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քարոզչական դաշտում հայկական մշակութային և կրոնական ժառանգության բռնայուրացումն Ադրբեջանի կողմից իրականացվում է մի քանի կեղծ թեզերից բաղկացած «մեթոդական ձեռնարկով»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հոդվածում։

Հրապարակման մեջ նաև նշված է. «Եթե կա հայկական և հայատառ որևէ գրություն, ապա, ըստ ադրբեջանցիների, դրանք արվել են նոր շրջանում։ Կախված ժամանակի քաղաքական իրավիճակից՝ այդ «ավելացումները» կատարվել են 19-րդ դարում, իսկ Արցախում, ինչպես իրենք են նշում, «օկուպացիայի տարիներին»։ Այս հնարքն օգտագործվել է, օրինակ՝ Ամբերդի դեպքում։ Ըստ ադրբեջանցի հետազոտողի՝ Վահրամաշեն եկեղեցու պատերի հայերեն գրություններն ավելացվել են 20-րդ դարի սկզբին։ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի «գիտնականների» կեղծ պնդումներով՝ հայերն «ալբանական եկեղեցիների դեմ նյութական և հոգևոր հանցագործությունները» սկսել են 1836 թվականից, երբ «աղվանական եկեղեցին դարձել է թեմ ու ենթարկվել Էջմիածնի եկեղեցուն»։

«Հայերեն գրություններ ավելացնելու» կեղծ թեզը պարբերաբար կիրառվում է Դադիվանք վանական համալիրի նկատմամբ, որն ադրբեջանական վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերի վերջին։  

Օրերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը կարճ հոդված է հրապարակել՝ «Ադրբեջանական խոշոր վանք Խուդավենգը ենթարկվել է հայկական կեղծարարությունների» վերնագրով։ Ըստ այդ հրապարակման՝ 1993-2020 թվականներին հայերը փորձել են կեղծել վանքի պատմությունը՝ այն ներկայացնելով հայկական։ Օրինակ՝ փոխարինվել են համալիրի խորհրդանիշերը, տեղադրվել այլ խաչեր, պատերին հին հայերեն գրություններ են ավելացվել, իսկ ուդի-աղվանների հին գերեզմաններն իբր ավերվել են։ 

Հայերեն գրություններն ու փորագրված պատկերները Դադիվանքի պատին

Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականին Ադրբեջանի ուդիական համայնքի ներկայացուցիչները Դադիվանքում պատարագ էին մատուցում։ Այդ նպատակով Բաքուն օգտագործում է աղվանա-ուդիական կրոնական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլիին, որը հանրայնացնում է ադրբեջանական թեզերը։ Հավելենք, որ 2024 թվականին Վատիկանի պաշտոնաթերթում հոդված էր հրապարակվել, որտեղ Դադիվանքն ու Գանձասարը ներկայացվել էին որպես աղվանական՝ չունենալով որևէ փաստական հիմք։

Պատմության և, առհասարակ, տեղեկությունների կեղծիքն Ադրբեջանն իրականացնում է բազմաթիվ մեթոդներով՝ ստույգ տվյալները թաքցնելով, տեղեկություններն ու աղբյուրները ձևափոխելով, պատմական փաստերը ժխտելով, մոլորեցնող մեկնաբանություններով և այլն։

Ժխտողականությունն ու գոյություն չունեցող փաստերի հորինումն Ադրբեջանի հակահայկական քարոզչության հիմնասյուներից երկուսն են։ Դադիվանքի օրինակով` այստեղ հորինված փաստն այն է, թե իբր հայերը հայերեն գրություններն ավելացրել են վանքը հայկականացնելու նպատակով»։

Լուսանկարը՝ Ներսես Մատինյանի

Հայերեն English Русский

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել