Իրավունք

Պարեկները Երևանում և մարզերում ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք են տեղափոխել 125 մեքենա

3 րոպեի ընթերցում

Պարեկները Երևանում և մարզերում ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք են տեղափոխել 125 մեքենա

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանն անցկացրել է շարային ստուգատես, ստուգել մեքենաների տեխնիկական վիճակը, հագեցվածությունը, պարեկների ընդհանուր պատրաստվածությունն ու արտաքին տեսքը:

Ուժեղացված ծառայության մեկնարկից առաջ Արթուր Խուդինյանը հրահանգավորել է պարեկներին լինել հետևողական, իսկ երբ խոսքը վերաբերում է հասարակական կարգի և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը` լինել անզիջում։

«Շեշտը դնում ենք այն իրավախախտումներին, որոնք նպաստում են ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացմանը։ Շրջագայելու ընթացքում խիստ ուշադիր եք լինում վարչական տարածքներում ապօրինի շինարարական աշխատանք իրականացնելուն, առանց թույլտվության երթևեկելի հատվածում շինարարական աշխատանքներ իրականացնելուն, մայթերին և ճամփեզրին շինաղբ թափելու հետ կապված»,- հրահանգավորել է Արթուր Խուդինյանը։

Ըստ աղբյուրի՝ մի քանի ժամում պարեկները մայրաքաղաքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3 715 խախտում։ Մասնավորապես, հայտնաբերվել են չամրակապված վարելու՝ 1136, իսկ վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու և հեռախոսից օգտվելու՝ 361 դեպք։ Արձանագրել են հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 34, թաղանթապատված ապակիներով վարելու՝ 111 դեպք, ինչպես նաև 936 այլ իրավախախտում, տարբեր կասկածանքներով բաժիններ է տեղափոխվել 22 անձ։

«Պարեկները նաև կայանված մեքենան մայթից հեռացնելու ուղղությամբ սեփականատիրոջ հետ իրականացրել են բացատրական աշխատանք։

Որոշ դեպքերում պարեկային ծառայողները վարչարարություն կիրառելու փոխարեն բանավոր նախազգուշացրել են քաղաքացիներին։

Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները շրջել են նաև բակերում, դպրոցների հարակից տարածքներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Պարեկային ծառայության պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա։ Նոր տարածքը կահավորված է ժամանակակից լուսավորության համակարգով, վահանակներով և տեսահսկման սարքերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում