ԳԱՎԱՌ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ, Լուսակունք, Վանևան և Տորֆավան գյուղերում կբարելավվի խմելու ջրի մատակարարումը ՀՀ օրենսդրությամբ մետաղական հանքավայրերի շահագործումից ազդակիր համայնքներին տրվող մասհանումներից տրվող միջոցների հաշվին իրականացվող ծրագրի շրջանակներում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքի Ծովակ, Լուսակունք, Վանևան և Տորֆավան գյուղերի խմելու ջրի մատակակարման բարելավման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 65 միլիոն դրամ։
Ծրագրով նախատեսված է Վարդենիս համայնքի Լճավան գյուղի տարածքից սնվող աղբյուրակապի վերակառուցում՝ ջրաքանակի ավելացման և մաքրության ապահովման նպատակով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են հոկտեմբերի վերջերից։ Արդեն ավարտվել են հին, գործող աղբյուրակապի քանդման աշխատանքները, ընթանում է նոր աղբյուրակապի կառուցումը՝ 31 մետր երկարությամբ, 3-7 մետր լայնությամբ ու 1,5 մետր բարձրությամբ, երկաթբետոնե ծածկի տեղադրմամբ։ Շինաշխատանքները նախատեսվում է ավարտել մինչ տարեվերջ։
«Այս ծրագիրը կենսական նշանակություն ունի ոչ միայն Ծովակի, այլ նաև հարևան Լուսակունք, Վանևան, Տորֆավան գյուղերի բնակիչների համար, որոնք օգտվում են վերակառուցվող նույն աղբյուրակապից։ Երկար տարիներ բնակիչներին մատակարարվող խմելու ջուրը եղել է ոչ բավարար ու անորակ, իսկ ծրագրի ավարտից հետո արդեն կունենանք միանգամայն բարվոք վիճակ»,-հավաստեց Ծովակի վարչական ղեկավար Ռուբիկ Ղանդիլյանը։