Կապանի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները նոյեմբերի 24-ին շրջիկ ծառայություն իրականացնելիս Չափնի բնակավայրի տարածքում, ապօրինի ծառահատման և փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են փայտանյութով բեռնված ՈՒԱԶ մակնիշի մեքենան: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, Չափնի գյուղի բնակիչ 48-ամյա վարորդը փայտանյութի օրինականությունը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել: Նա Հայտնել է, որ Կաղնուտ բնակավայրի վարչական տարածքում բենզասղոցով ապօրինի հատել է կաղնի:

Ըստ աղբյուրի՝ փայտանյութով բարձված ավտոմեքենան տեղափոխվել է Կապանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշվում է, որ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հայերեն