ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից բանակի կերպափոխման հայեցակարգը շատ կարևոր փաստաթուղթ է, որովհետև արդեն 4 տարի է, ինչ բավականին ակտիվ խոսակցություններ կան ինչպես հանրության շրջանում, այնպես էլ պետական կառույցներում, որ բանակում պետք է բարեփոխումներ իրականացնել։ Առաջին անգամ տեսնում ենք ֆորմալ մի փաստաթուղթ, որը, գոնե, ինչ-որ կերպ սահմանում է այդ բարեփոխումների շարժման ուղղությունները, և շատ կարևոր է, որ հայեցակարգը գործնական կիրառություն ստանա:
«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում նման տեսակետ հայտնեց ԱՊՐԻ Արմենիա (Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտ) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը՝ խոսելով ՀՀ զինված ուժերի կերպափոխման հայեցակարգի մասին, որը վերջերս հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
-Պարոն Ներսիսյան, ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն արդեն հրապարակել է բանակի կերպափոխման, վերափոխման վերաբերյալ հայեցակարգը։ Վստահաբար, Դուք՝ որպես վերլուծաբան, արդեն իսկ ուսումնասիրել եք դրա բովանդակությունը: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք հայեցակարգը և դրա կարևորությունն ու նշանակությունը:
-Շատ կարևոր փաստաթուղթ է, և զարմանալի է, որ այդքան էլ մեծ արձագանք չստացավ Հայաստանում, ու դրա շուրջ քննարկումը դեռ շատ սահմանափակ է: Այն հայեցակարգ է, որը 10, 11 տարվա համար է և 2024 թվականից մինչև 2035 թվականը պետք է կատարվի։ Ինչո՞վ է այն կարևոր, որովհետև արդեն 4 տարի է, ինչ բավականին ակտիվ խոսակցություններ կան ինչպես հանրության շրջանում, այնպես էլ պետական կառույցներում, որ բանակում բարեփոխումներ է պետք անել։ Ինչ-ինչ բարեփոխումներ ընթանում են, բայց մենք առաջին անգամ տեսնում ենք ֆորմալ փաստաթուղթ, որը, գոնե, ինչ-որ կերպ սահմանում է ուղղությունները՝ դեպի ուր պետք է այդ բարեփոխումները շարժվեն։ Միևնույն ժամանակ, պետք է նաև նշել, որ սրանք բավականին բարձր մակարդակի կետեր են, և դետալների մեջ շատ չի մտնում այս փաստաթուղթը։ Ես կասեի, որ մոտավորապես 70 տոկոսով այն ավելի շատ այն խնդիրներն է վերլուծության ենթարկում, որոնք կան այս պահին, քան առաջարկում, թե կոնկրետ ինչպես պետք է այդ փոփոխությունները կատարվեն: Ասվում է, որ, օրինակ, բանակի հեղինակությունը պետք է բարձրանա, բայց կոնկրետ քայլերը, թե դա ինչ ձևով պետք է արվի, շատ սահմանափակ է, որովհետև սա կոնցեպցիա է, ոչ թե դոկտրին կամ ավելի դետալային փաստաթուղթ։ Եթե մենք խոսենք մյուս քայլի մասին, ապա պետք է գրվեն շատ ավելի դետալային փաստաթղթեր, որոնց մի մասն, իմ կարծիքով, չեն հրապարակվի, ու այդ փաստաթղթերից ամեն մեկն արդեն կարող է լինել 100, 200, 300 և ավելի էջ: Շատ կարևոր է, որ այս հայեցակարգը շարժվի դեպի իմպլեմենտացիա:
Մտահոգություններից կարելի է նշել այն, որ ժամանակն է մեզ համար շատ կարևոր, շատ արագ է պետք աշխատել։ Օրինակ, այս կոնցեպցիայի հարցում մտահոգություններից առաջինն այն է, որ բավականին երկար ժամանակ տևեց այս փաստաթղթի գրելը և հրապարակումը, իսկ ինձ թվում է, որ նման փաստաթղթերը 2-3 ամսում կարող են պատրաստվել, որովհետև դրանք մանր լուծումներ չեն պարունակում։ Շատ կարևոր է այդ աշխատանքի արագությունը բարձրացնելը, և կարծում եմ, որ այդ ժամանակ մենք կարող ենք ավելի լավ արդյունքների հասնել, որովհետև այս պահին շատ են փոփոխվում պատերազմի ձևերը, տեխնոլոգիան, և այն մոտեցումը, որ կարելի է ինչ-որ մի մեծ փաստաթուղթ գրել և 10 տարի մոռանալ այդ գործընթացի մասին, այլևս չի աշխատում: Հիմա այդ ամենը շատ դինամիկ է և, փաստաթղթի մեջ էլ է նշվում, որ պետք է աշխատել դոկտրինները դարձնել այնպիսի աշխատանքային փաստաթղթեր, որոնք ամեն տարի փոփոխվում են: Դա, ինձ թվում է, շատ ճիշտ մոտեցում է, որովհետև մենք կարող ենք հիշել 2007 թվականի մեր պաշտպանական դոկտրինը, որը 2007 թվականին գրվեց ու մինչև հիմա ֆորմալ առումով դա էլ գործում է։ Եվ դա որևէ կապ չունի այն իրավիճակի հետ, որն աշխարհում, տարածաշրջանում, ռազմարվեստում տիրում է հիմա։ Պետք չէ կրկնել նույն սխալը:
-Պարոն Ներսիսյան, խոսենք հայեցակարգի բուն բաղադրիչների մասին. հայեցակարգում, օրինակ, նշվում է, որ բանակաշինության նախկին Խորհրդային Միության ստանդարտներն իրենց արդեն սպառել են, ուստի անհրաժեշտ է արմատապես վերանայել նախկին հնացած մոտեցումները: Ի՞նչ կարծիք ունեք նման մոտեցման վերաբերյալ:
-Ինձ թվում է՝ դա ճիշտ ուղղություն է, որովհետև Խորհրդային Միությունն արդեն 30 տարի է՝ չկա։ Եթե մենք պատկերացնենք, որ դեռևս կան որոշ մարդիկ, որոնք համարում են, որ սովետական դոկտրինները և պատերազմի մոտեցումները ճիշտ էին, միևնույն է, մենք արդեն ունենք շատ հնացած մոտեցումներ, և դրա վառ օրինակն այն է, որ Ռուսաստանն էլ հիմա Ուկրաինայում պատերազմի ընթացքում շատ հեռու է շարժվել այն մոտեցումներից, որոնք մինչ այդ ուներ։ Ի դեպ, մինչև պատերազմը Ռուսաստանն ինչ-որ չափով սկսել էր փոփոխություններ անել: Այդ իմաստով, նրանք, ովքեր համարում են, որ ռուսական մոտեցումներն են ճիշտ, ապա այդտեղ էլ մաքուր սովետական մոտեցում չկա, դրա համար ինձ թվում է՝ այստեղ առանձնապես քննարկման արժանի ինչ-որ թեմա էլ չկա։ Մենք խոսում ենք 30 տարի և ավելի հնացած մոտեցումների մասին:
-Հայեցակարգում խոսվում է նաև սպառազինությունների արտադրության և հատկապես հայկական ազգային արտադրության վերաբերյալ։ Ի՞նչ կարծիք ունենք սրա մասին:
-Ինձ թվում է, որ այս փաստաթղթի համար կոնկրետ դա, երևի, ամենագլխավոր մասը չէ, բայց մենք այդ մոտեցումն արդեն տեսնում ենք և ունենք պաշտոնական տվյալներ, որ տեղական արտադրողների հետ պայմանագրերն այս պահին կազմում են 400 միլիոն ԱՄՆ դոլարից ավելի։ Դա կարևոր է մի քանի պատճառներով. առաջինը՝ Հայաստանը բավականին ծանր լոգիստիկ վիճակում է գտնվում, և որքան շատ տեղական արտադրություն ունենանք, այնքան ավելի ստաբիլ կստացվեն մատակարարումները։ Բացի դրանից, երկարաժամկետ առումով դա ավելի ձեռնտու է տնտեսապես, որովհետև այդ արտադրությունները գտնվում են Հայաստանում, դրանք աշխատատեղեր են, հարկեր են վճարում։ Կարող է մակերեսային թվալ, բայց Հայաստանում արտադրված ինչ-որ մի ապրանք կարող է, օրինակ 10 տոկոսով ավելի թանկ լինել, քան Հնդկաստանում արտադրածը, այդուհանդերձ, կարևոր չէ, թե որտեղ է արտադրված․ եթե մենք վերցնենք այն գործոնը, որ Հայաստանի արտադրած արժեքի մեջ մտնում են Հայաստանի քաղաքացիների աշխատավարձերը, այն, որ նրանք աշխատում են և հետո այդ գումարը ծախսում են երկրի մեջ, հարկեր են տալիս, կստացվի, որ դա շատ ավելի էժան է նստում պետության վրա։ Բացի դրանից, դա բերում է աճի նաև ուրիշ ոլորտներում, որովհետև այդ ծախսվող գումարները շրջանառության մեջ են լինում։
-Հայեցակարգում խոսվում է նաև արհեստավարժ բանակի անցնելու մասին. ի՞նչ է սա իրենից ենթադրում:
-Հենց փաստաթղթի մեջ էլ է դա նշվում, ու շատ հաճախ պետք է կրկնել, որ արհեստավարժ բանակը չի նշանակում, որ դուք ունենաք միայն պայմանագրային զինծառայողներ։ Մի շատ լավ օրինակ կա, որ մեր պայմանագրային զինծառայողները 2020 թվականին շատ ավելի վատ որակ ունեին ու շատ ավելի քիչ պատրաստություն, քան ժամկետայինները, որոնք այդ ժամանակ բանակում էին: Դա ցույց է տալիս, որ քիչ է, օրինակ, ունենալ միայն 20 հազար պայմանագրային զինծառայող, նաև պետք է նրանց պատրաստել լրիվ այլ ձևով։ Նրանց պատրաստությունը պետք է շատ ավելի բարձր լինի, քան ժամկետային զինծառայողներինը: Հայեցակարգում ունենք ոչ շատ դետալային պլաններ։ Օրինակ, նշվում է մինչև 2027 թվականը ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու մասին, բայց չի նշվում, թե ինչքան։ Դա շատ կարևոր է, որովհետև ինչքան շատ այդ ժամկետն իջնի, այնքան ավելի շատ պետք է պայմանագրային զինծառայող ավելանա բանակում: Եթե նայում ենք դեմոգրաֆիայի տվյալները, ստացվում է, որ, օրինակ, եթե մեկ տարով կրճատեն՝ ժամկետային ծառայությունը դարձնելով մեկ տարի, մեր բանակը պետք է կարողանա ձեռք բերել հավելյալ մոտավորապես 12,5 հազար մարդ, որը, կարծում եմ, շատ ամբիցիոզ թիվ է 3 տարվա համար: Լավ իմաստով շատ կզարմանամ, եթե դա այդ ժամանակաշրջանում հաջողվի անել, բայց քանի որ չի նշվում, թե ինչքանով պետք է կրճատվի, ապա խոսքը կարող է շատ ավելի կոնսերվատիվ թվերի մասին լինել՝ 2 ամսով, կես տարով: Եթե կես տարով կրճատեն, ուրեմն մոտավորապես 6.5 հազար նոր զինծառայող պետք է գտնեն։ Եթե այդ մոտեցումն իրականացվի, պետք է նաև շատ աշխատել բանակի հեղինակության վրա: Դրա մասին էլ փաստաթղթի մեջ կա, բայց այդ հեղինակության վրա աշխատելն այդքան հասարակ աշխատանք չէ: Դրա համար քիչ է միայն հեռուստացույցով ասելը, որ Հայաստանի բանակում ծառայելը լավ ճանապարհ է: Դա էլ է պետք, պետք են տարբեր հաղորդումներ՝ հետաքրքիր, ինտերակտիվ, բայց հենց ծառայությունն էլ պետք է դառնա հետաքրքիր աշխատանք մարդու համար։ Այն պետք է ինչպես բավականին լավ վճարվող, այնպես էլ հետաքրքիր լինի այն իմաստով, որ այնտեղ ինչ-որ նոր բան կարելի է սովորել, և դա չլինի շատ հասարակ, գոնե, այն մարդկանց համար, ովքեր կրթություն ունեն և ընդունակ են կրթություն ստանալու կամ ուզում են ստանալ: Դա պետք է հնարավորություններ տա, որ դրանք չլինեն պարզապես կորած տարիներ կամ բանակը չլինի միայն գումար ստանալու տեղ: Նրանց ընտանիքներին ինչ-որ հնարավորություններ և երաշխիքներ պետք է տրվեն: Օրինակ, Միացյալ Նահանգներում, եթե դուք 5 տարվա պայմանագիր եք կնքում բանակի հեռ, դուք ստանում եք հնարավորություն անվճար սովորել այն համալսարանում, որտեղ կընդունվեք։ Պետությունն այդ գումարը տալիս է, իսկ ԱՄՆ-ում դա կարող է կազմել, օրինակ, 4 տարվա մեջ 200 հազար դոլար: Այն ընտանիքների երեխաների համար, որոնց դեպքում թանկ կրթությունը կարող է անհասանելի լինել, բանակը կարող է նաև դառնալ ճանապարհ դեպի ավելի բարձր սոցիալական վիճակ՝ մի քիչ ավելի երկարաժամկետ կտրվածքով։ Կամ, օրինակ, Իսրայելում կա մեկ այլ ծրագիր. բանակը մի շարք քաղաքացիական կրթության ծրագրեր է ֆինանսավորում նրանց համար, ովքեր ուզում են սովորելուց հետո բանակում նաև 5 տարի աշխատել, և ընդունվելու ժամանակ մարդը պայմանավորվում է բանակի հետ, վերջինս էլ վճարում է ինչպես սովորելու վարձն, այնպես էլ ծառայության ժամանակ աշխատավարձի չափ բարձր կրթաթոշակ է տալիս: Այսպիսով, մարդը կարիերայի ճանապարհ է ստանում, և այդ 5 տարուց հետո նա կարող է, օրինակ, շատ լավ ինժեներ դառնալ: Պետական գումարով, փաստորեն, պետությունը կարող է ստանալ ինչպես 5 տարվա պատրաստվածություն ունեցող զինծառայող՝ շատ պատրաստված ու մոտիվացված, այնպես էլ այդ 5 տարուց հետո ստանալ բարձրակարգ աշխատող, որը ստանալու է բարձր աշխատավարձ, երկիրն առաջ է տանելու և վճարելու է մեծ հարկեր։
-Պարոն Ներսիսյան, ի հաշիվ ժամկետային զինծառայության կրճատման՝ պայմանագրայինների թվի ավելացման համար հայեցակարգում ընդգծվում է ‹‹Պաշտպան հայրենյաց›› ծրագրի կարևորությունը՝ որպես մեխանիզմ, որով պիտի այդ անցումը տեղի ունենա մինչև 2027 թվականը։ Ի՞նչ կասեք այդ ծրագրի առավելությունների և դրական ու բացասական կողմերի մասին:
-Դա՝ որպես ծրագիր, կարող է աշխատել այդ 6 ամսից հետո, երբ միանգամից պայմանագիր է ստորագրվում, բայց բովանդակային առումով բանակում ծառայության որակը պետք է բարձրանա, որ մարդիկ ավելի շատ ցանկանան այդ պայմանագիրը ստորագրել: Օրինակ, այն 6 ամիսը՝ ուսումնական փուլը, որը սկզբից բանակում անցնում են, եթե գործնականում դառնա ավելի հետաքրքիր՝ ավելի լավ պատրաստությամբ, ավելի քիչ ձևական երևույթներով, ավելի շատ մարտական պատրաստությամբ ու ավելի ժամանակակից մոտեցումներով, ապա մարդիկ ավելի մոտիվացված կլինեն շարունակել՝ տեսնելով և հասկանալով, որ իրենք կարող են մեր թշնամու հետ պատերազմել: Դա էլ է շատ կարևոր, որովհետև երբ մարդը հասկանում է, որ պատերազմի դեպքում ինքն անպայման պարտվելու է կամ ծանր վիճակի մեջ է լինելու, ինձ չի թվում, որ այդ դեպքում շատ մարդ կարող է գնալ և ծառայել բանակում կամ շարունակել ծառայությունը՝ ստորագրելով 5 տարվա պայմանագիր: Կարևոր է, որ մարդը հասկանա, որ ինքը լավ է պատրաստված: Դա էլ է գործոն, և դրա համար պետք է հենց բուն բանակի վրա շատ աշխատել և, բնականաբար, աշխատել նաև լուսաբանման վրա, թե ինչ է կատարվում, ուր ենք շարժվում: Ինձ թվում է՝ այստեղ էլ ինչ-որ չափով խնդիրներ կան։ Օրինակ, շատ հետաքրքիր էր, որ այն պաշտպանական ամրությունների և ենթակառուցվածքների մասին, որոնք հիմա լայնածավալ կերպով կառուցվում են մեր սահմանին, մեր հանրությունը մեծ մասամբ իմացավ ադրբեջանական ԱԹՍ-ից և սահմանային տեսանյութերից: Ինձ թվում է՝ դա այդքան էլ ճիշտ մոտեցում չէ. եթե այդ օբյեկտը սահմանին մոտ է, այն չի կարող ամբողջությամբ գաղտնի մնալ, էլ ի՞նչ իմաստ ուներ, որ մարդիկ Հայաստանում դրա մասին չիմանային և մտածեին, թե բոլորը միայն ահավոր պայմաններում են ծառայում, ինչպես, օրինակ, որոշ ալիքներ կամ մեդիաներ մինչ այդ հրապարակում էին, որ Պաշտպանության նախարարությունն իբր ոչինչ չի անում: Դա ևս ճիշտ մոտեցում չէ բանակի հեղինակության համար: Բացի այդ, նաև լուսաբանման կարևորությունը՝ այդ գաղտնի և ոչ գաղտնի տեղեկատվության տարբերությունը իմ կարծիքով միշտ պրոբլեմ է եղել Հայաստանում, քանի որ հանրությունն էլ չի հասկանում՝ ինչը պիտի գաղտնի լինի, ինչը՝ ոչ։ Ինձ թվում է՝ պետական մակարդակով էլ մի փոքր չկա այդ բալանսը: Ինչ-որ բաներ հաճախ լինում են, որոնք պետք է գաղտնի լինեն, բայց գաղտնի չեն, կան որոշ բաներ, որ գաղտնի են, բայց դրանք գաղտնի պահելն իմաստ էլ չունի: Միևնույն է՝ թշնամին հաստատ իմանալու է, և արդյունքում դա գաղտնի է մնում Հայաստանի հանրության համար:
-Պարոն Ներսիսյան, Զինված ուժերում կանանց ներգրավման խթանում. այսպիսի վերնագրով հատված կա հայեցակարգում: Որքանո՞վ եք այն կարևոր համարում և ըստ Ձեզ՝ ի՞նչ կտա սա Հայաստանի Հանրապետության զինված ուժերին։
-Դե որոշ իմաստով սա նորից դեմոգրաֆիկ և քանակի խնդիրը մասամբ կարող է լուծել։ Ինձ չի թվում, որ դա այս պահին դառնալու է շատ մասսայական, բայց բանակում ինչ-որ դիրքեր կան, և շատ մեծ տարբերություն չկա՝ դրանք կզբաղեցնեն տղամարդիկ, թե կանայք։ Եթե կանայք ուզում են լինեն բանակում, ես չեմ տեսնում, թե ինչն է այստեղ խնդիր։ Ինձ չի թվում, որ այս պահին մեր հանրությունը պատրաստ է պարտադիր կերպով կանանց զորակոչին, բայց գոնե նրանք, ովքեր ուզում են կրթություն ստանալ, ի՞նչ խնդիր կա դրա մեջ, չեմ հասկանում։ Ինձ թվում է՝ դա արդեն այս փաստաթղթի մեջ գրված է, բայց եթե ես ճիշտ եմ հասկանում, այդ ուղղությամբ քայլեր արդեն արվել են։
-Հայեցակարգում խոսվում է նաև արհեստավարժ սերժանտական համակարգի մասին: Հայեցակարգը վերլուծելիս՝ նկատեցի, որ բանակի կառուցվածքային առումով սերժանտական համակարգը մեծ կարևորություն է ստանում, ընդ որում, նշվում է, որ Զինված ուժերը պետք է առաջնորդվեն ‹‹Սերժանտական կորպուսը բանակի ողնաշարն է›› կարգախոսով։ Ի՞նչ է սա նշանակում, որո՞նք են այս մոտեցման առավելությունները։
-Սա նշանակում է, որ եթե ձեր սերժանտը որակյալ սերժանտ է, ձեր սպայական անձնակազմի մտքերը շատ ավելի լավ է կարողանում հասցնել զորքին՝ լինելով, կարծես, թարգմանիչ սպայակազմի և զորքի միջև: Ի՞նչն է այստեղ կարևոր․ սպան հիմա բավականին շատ թղթաբանական աշխատանք պետք է անի, իսկ այդ աշխատանքի մի մասն արդեն կարող է անել նաև սերժանտը, և սպան ավելի շատ ժամանակ կարող է հատկացնել սպայակազմի զարգացման, մտավոր աշխատանքի համար: Դրա համար շատ բանակներում հենց սերժանտ լինելը պրոֆեսիոնալ աշխատանք է, որի համար պատրաստություն պետք է ստանալ, սերժանտական դպրոց պետք է ավարտել: Միայն սովորական շարքայիններից չէ, որ սերժանտ է առաջանում, ինչպես մեզ մոտ է. մոտ կես տարի, մեկ տարի սերժանտական դպրոց և ավելի բարձր աշխատավարձ ու ավելի մեծ հնարավորություններ:
-Նոր հայեցակարգում խոսք է գնում նաև տարածքային պաշտպանության համակարգի և վարչական շրջանների համակարգված, միասնական պաշտպանության մասին։ Ո՞րն է սրա էությունը, և ինչո՞ւմ է կայանում տարածքային պաշտպանության դերը:
-Տարածքային պաշտպանության դերն այն է, որ դա լինի ճիշտ կառուցված: Բացի այդ, բանակից զատ, եթե դուք ունեք նաև պահեստազորայիններ, աշխարհազորայիններ, որոնք միշտ միասին են պատրաստվել, ապա ճիշտ կազմակերպվածության դեպքում տարածքային պաշտպանությունն արդյունավետ կարող է լինել: Օրինակ, զինվորականներ, որոնք տարիներով համատեղ պարապմունքներ են անցկացրել, միմյանց լավ են ճանաչում, տեղանքն են լավ ճանաչում և այլն: Շատ կարևոր է, որ այդ մարդիկ բանակից շատ չտարբերվեն, և այդ ամենը կազմակերպված ու որակով լինի: Օրինակ, ավելի լավ է այդպիսի 5 մարտունակ գումարտակ լինի, քան 50-ը, որոնք պարզապես թղթի վրա են։ Կարևոր է, որ նրանց համար, ովքեր տարածքային պաշտպանության մեջ են ու ակտիվ ռեզերվում են, խառնաշփոթ չլինի։ Տարածքային պաշտպանության դեպքում այդ զորքը պետք է պատրաստ լինի մարտի մեջ մտնել՝ անհրաժեշտության դեպքում հենց առաջին օրը: Ակտիվ ռեզերվի դեպքում շատ կարևոր է լուծել այն հարցերը, որոնք ունեցել ենք 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ: Ինձ թվում է, որ ամենաճիշտ ճանապարհը համակարգի թվայնացումն է: 21-րդ դարում, կարծում եմ, պետք չեն թղթերով լի ինչ-որ գրքեր, թղթապանակներ։ Ես կասեի՝ նույնիսկ զինկոմիսարիատի շենքերն այս պահին պետք չեն: Օրինակ, երբ մեր ID քարտերը սկանավորում են, այնտեղ ամեն ինչ գրված է մեր մասին, և դրանց մեջ պարզապես պետք է ավելացնել, օրինակ, տեղեկատվություն, թե քաղաքացին ինչ ռազմական հաստիք ունի, նրա հեռախոսահամարը, որը միշտ հասանելի կլինի։ Եթե շտաբում, օրինակ, որոշել են 1000 մարդ կանչել, մնում է միայն ընտրեն, թե քանի հոգի է պետք հետևակից, հակաօդային պաշտպանությունից, և համակարգն ավտոմատ կերպով այդ ցուցակից կընտրի ու կկանչի: Ընդ որում, այդ գործընթացին կարող է հետևել արդեն ոստիկանությունը, իսկ բանակի սպաները ժամանակ չեն կորցնի դրա վրա:
-Պետական սահմանի պահպանության համակարգի կատարելագործման մասին է խոսվում հայեցակարգում։ Ընդ որում, հատկանշական է, որ սրա ներքո սահմանի պաշտպանության անհրաժեշտ տեխնիկական միջոցների հագեցվածության կարևորությունն է առաջ քաշվում: Տեխնիկական միջոցների հագեցվածությունից զատ, նաև պահպանության գործառույթի փուլային անցում՝ զինվորականներից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին: Նշվում է նաև տեխնիկական միջոցների, օրինակ՝ ռոբոտների միջոցով հերթապահության կազմակերպման մասին: Ինչպե՞ս կգնահատեք այս մոտեցման դրական ու բացասական կողմերը:
-Դա ևս խնդիր է հարուցելու, թե որտեղից այդքան մարդ պետք է բերել, որովհետև այս պահին ինձ չի թվում, թե այդ զորքերը պատրաստ են 1000 կիլոմետրանոց սահմանը պահել: Այստեղ հազարավոր մարդկանց մասին է խոսք գնալու, ու մենք գալիս ենք այն նույն խնդրին, թե ինչպես ենք մենք զորակոչ կազմակերպելու, ինչպես ենք մենք այդ ժամկետը կրճատելու, եթե մեզ ավելի մեծ քանակի մարդ է պետք:Ի դեպ, այս պահին հայկական բանակի մեծ հարցերից մեկը հենց խմբաքանակն է: Կարծում եմ, որ մենք այսօր հավելյալ մոտ 15-20 հազար զորքի կարիք ունենք։ Օրինակ, եթե մեր թշնամին, որն ավելի մեծ թվերի հետ է աշխատում, մոբիլիզացիա հայտարարի, կարող է մոտ 120-130 հազարանոց բանակ ունենալ։ Կարծում եմ՝ մենք այս պահին բավականին հետ ենք այդ թվից։ Այս պահին, եթե խոսքը գնում է այն ռոբոտների մասին, որոնք հայեցակարգում նշում են, ինձ թվում է՝ դրա համար դեռ մի քիչ շուտ է։ Եթե խոսքը գնում է գետնի վրա գտնվող ռոբոտների մասին, այս պահին, երևի, ոչ մի երկիր չունի այդպիսի իդեալական մարտական ռոբոտներ: Սակայն այդ հարցին կարելի է ուրիշ կողմից նայել. անօդաչու սարքերի կիրառում, որոնք ևս ինչ-որ իմաստով ռոբոտներ են: Եթե սահմանին դրանք սկսեն ավելի շատ մասսայականորեն կիրառվել տարբեր ձևաչափերով, ապա դա կարող է օգնել թշնամուն հարվածել շատ ավելի շուտ, քան նա կհասնի մեր դիրքերին։
-Պարոն Ներսիսյան, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո և հատկապես 2021 թվականից սկսած՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը սկսեց զբաղվել սպառազինությունների նոր տեսակի, նոր որակի, ավելի առաջադեմ սպառազինությունների ձեռքբերմամբ՝ այդ հարցում համագործակցելով մի շարք երկրների հետ, որոնք բոլորիս հայտնի են: Ի՞նչ կարծիք ունեք այդ սպառազինությունների վերաբերյալ, և ի՞նչ կարող է դա տալ Զինված ուժերին։
-Ժամանակակից սպառազինությունը, բնականաբար, շատ կարևոր է։ Միևնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ սպառազինություն գնելը բարեփոխում չէ, և միայն սպառազինություն գնելը չի կարող բոլոր հարցերն ամբողջությամբ լուծել: Դա, լավագույն դեպքում, աշխատանքի 30-40 %-ն է։ Շատ կարևոր է, որ այդ զենքն ու զինամթերքը բանակի մեջ ինտեգրված լինեն ինչպես այդ զենքերի սպասարկումը սովորած լինելու, դրանց համար երկրում կենտրոններ ունենալու, այնպես էլ բուն ռազմական իմաստով: Պատկերացնենք՝ մենք հակաօդային պաշտպանություն ենք գնում, օրինակ, 4 տարբեր երկրից՝ ունենալով սովետական, ռուսական, հնդկական, ֆրանսիական համակարգեր, մեկն էլ 5-րդ երկրից ենք ձեռք բերում. եթե, օրինակ, ֆրանսիական ռադիոլոկատորը` GM 200-ը, կանգնած է դաշտում, բայց այլ համակարգերի հետ չի աշխատում, ապա հավելյալ արժեք չի ունենա, իսկ եթե դուք ունեք թվայնացված ցանց, որը բոլոր ռադիոլոկատորների հետ աշխատում է, աշխատում է նաև առկա կրակային համալիրների հետ, ապա դա արդեն կարող է հավելյալ արժեք ստեղծել։ Եթե դուք ունեք ապրանք տարբեր երկրներից, այդ խնդիրն ավելի է բարդանում, և ավելի կարևոր է դառնում այն, որ դուք ունենաք թվայնացված կառավարման ցանցեր, որոնց մասին շատ կարճ, բայց փաստաթղթի մեջ ևս նշվում է: Կարևոր է, որ դուք կարողանաք այդ ամենը միմյանց հետ համադրել:
Այդ խնդիրը միայն Հայաստանի ռազմական արդյունաբերությունը պետք է լուծի՝ 2 պատճառով. առաջինը, որովհետև հայկական ռազմական արդյունաբերությունը կարող է դա անել, քանի որ ունի զարգացած ՏՏ ոլորտ, և դա 90%–ով տեղեկատվական տեխնոլոգիաների խնդիր է։ Երկրորդը՝ դա շատ կարևոր և բանակին շատ անհրաժեշտ մասնիկ է՝ հաշվի առնելով կիբեռանվտանգության հետ կապված խնդիրները: Իսկ եթե դուք այլ երկրից եք զենքը գնում, ապա մեծ հավանականություն կա, որ դա կիբեռանվտանգության հետ կապված խնդիրներ կարող է առաջացնել: Բացի այդ, եթե նույնիսկ այդ խնդիրն էլ չկա, ապա այսօր եթե մի երկրի հետ լավ հարաբերություններ ունեք, որը ձեզ մատակարարել է այդ համակարգը, 5 կամ 10 տարի հետո այդ հարաբերությունները կարող են փոխվել, ու այդ երկիրն, օրինակ, ասի, որ վաղվանից այդ համակարգի թարմացումները չի տրամադրելու, ինչի հետևանքով այն կհնանա: Իսկ այդպիսի համակարգ փոխելը շատ մեծ պատմություն է, որովհետև դա ազդում է նաև բանակի կառուցվածքի վրա: