ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ իրանցի հայտնի գրողներ՝ Աբաս Ջհանգիրիանի «Հրեշի ստվերը» և Ֆահրադ Հասանզադեի «Մեղեդի չորեքշաբթի օրերի համար» գրական ստեղծագործությունների հայերեն թարգմանված գրքերի շնորհանդեսը։ Միջոցառմանը, որն իրականացվում էր ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ, ներկա էին «Հրեշի ստվերը» գրքի հեղինակ Աբաս Ջհանգիրյանը, թարգմանիչ Գևորգ Ասատրյանը, գրողներ, գրաքննադատներ և հանրակրթական դպրոցների աշակերտներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանն իր ելույթում նշեց, որ հայ-իրանական մշակութային կապերն ունեն հազարամյակների պատմություն և փոխգործակցությունը շարունակաբար զարգանում ու ամրապնդվում է մեր օրերում։
«Ասվածի վկայությունն են նաև 2006 թվականից մեր գրադարանում գործող Իրանական ընթերցասրահը և համագործակցային բազմաթիվ ծրագրերը, որոնք իրականացվել են վերջին տարիներին ԻԻՀ դեսպանության հետ։ Դրանցից մեկն էլ այսօրվա միջոցառումն է, որը նոր բովանդակություն կհաղորդի հայ-իրանական մշակութային ու գրական կապերի զարգացմանը, քանզի մշակույթը, գրականությունը և հատկապես մանկագրությունը միմյանց խորքային ճանաչելու լավագույն դրսևորումն է։ Իրանական մանկագրությունն աշխարհում առաջատարներից մեկն է, իսկ ներկայացված գրքերի հեղինակները բազմաթիվ մրցանակների արժանացած տաղանդավոր գրողներ են և քաջածանոթ են նաև հայ ընթերցասեր հասարակայնությանը»,- ասաց Տոնոյանը։
ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին իր ելույթում նշեց, որ դիվանագետի հիմնական առաքելությունը խաղաղության հաստատմանն ուղղված ջանքեր գործադրելն է, և այդ համատեքստում խաղաղության ու ընթերցանության միջև առկա է շատ խորքային կապ։ Ըստ նրա՝ գրադարանները խաղաղության տարածման վայրեր են։
«Այն հասարակությունները, որոնք ավելի շատ են զբաղվում ընթերցանությամբ, ավելի խաղաղատենչ են։ Այդ տեսանկյունից առաջին տասնյակում գտնվում են այն երկրները, որտեղ մարդիկ շատ գրքեր են կարդում և ամեն օր առնվազն կես ժամ հատկացնում են ընթերցանությանը։ Խաղաղությունը սկսում է մարդկանց ներաշխարհից։ Եթե մարդն ինքն իր հետ ներդաշնակության մեջ չէ, չի կարող խաղաղ հարաբերվել արտաքին աշխարհի հետ։ Նա, ով չի կարողանում սանձել իր զայրույթն ու վերահսկել ագրեսիվ հույզերը և իր մեջ չի վերացնում ատելությունն ու նախանձը, ապա չի կարող խաղաղության ջատագով լինել։ Յուրաքանչյուր ոք պետք է ձգտի հասնել անհատական հասունության ու եթե հասնի այդ մակարդակին, այդժամ կկարողանա խաղաղություն հաստատել իր շուրջն ու ընկալել, հասկանալ մյուսներին»,- ասաց ՀՀ-ում Իրանի դեսպանը։
Դիվանագետի դիտարկմամբ՝ անհատականությունը ձևավորվում է ընտանիքում, դրսևորվում է դպրոցում, իսկ հետո հասարակության մեջ։ Նրա կարծիքով՝ անհատականության կայացման ճանապարհին մեծապես կարևորվում է գրքի ու ընթերցանության արժեքը։
«Հատկապես մանկագիրները ապագա խաղաղության կերտողներն են, ովքեր նպաստում են երեխաների մեջ անհատականության ձևավորմանը։ Երեխաները գրքերի միջոցով ձեռք են բերում իմացաբանական ու ճանաչողական հմտություններ։ Գրականությունն այդպիսով մերձեցնում է սրտերը։ Աբաս Ջհանգիրիանի և Ֆահրադ Հասանզադեի զգացողությունները կիսում են նաև պատանի ընթերցողները։ Նրանք սովորում են բարություն, բնության հետ ներդաշնակվելու արվեստ և շփվելու էթիկա՝ զերծ մնալով արատավոր երևույթներից, սովորում են օգնել մյուսներին, լցվում են սիրով այլոց նկատմամբ»,- ասաց Սոբհանին։
Դեսպանը վկայակոչեց մեծանուն բանաստեղծ Մոլանայի խոսքերը, որոնց համաձայն՝ դեպի երկինք տանող ճանապարհը սկսում է մարդու ներսից, նա պետք է թափահարի իր սիրո թևերը, և եթե ուժեղ են այդ թևերը, ապա չարժե մտածել սանդուղքի մասին։
Իր խոսքում իրանագետ, թարգմանիչ Գևորգ Ասատրյանը նշեց, որ Իրանն այսօր աշխարհին ներկայանում է ոչ միայն իր հնագույն քաղաքակրթությամբ, այլև մերօրյա մշակութային նվաճումներով ու ձեռքբերումներով։ Նա ասաց, որ Աբաս Ջհանգիրիանն ու Ֆահրադ Հասանզադեն ճանաչված ու սիրված հեղինակներ են իրանական արձակում, նրանց գործերը թարգմանվել են տարբեր լեզուներով, արժանացել են ինչպես իրանական, այնպես էլ միջազգային մի շարք մրցանակների։
«Երկու գրողներն էլ ունեն ստեղծագործական ուրույն ոճ ու ձեռագիր։ Նրանք ընթերցողներին գրավում են անկեղծությամբ, նրանց հոգու խորքերը թափանցելու ունակությամբ և տաղանդով, ընթերցողներին տանում են առասպելների ու հրաշապատումների շատ հմայիչ ու կախարդական աշխարհը՝ այդ ամենը կապելով այսօրվա իրողությունների հետ»,- ասաց Ասատրյանը։
«Հրեշի ստվերը» գրքի հեղինակ Աբաս Ջհանգիրիանն ուրախությամբ նշեց, որ երրորդ անգամ է այցելում իր համար հարազատ դարձած Հայաստան, որտեղ ունի շատ ընկերներ։ Նա ասաց, որ պարսկերենի թարգմանությունը պատասխանատու և բարդ աշխատանք է, ուստի շնորհակալություն հայտնեց Գևորգ Ասատրյանին, Էդվարդ Հախվերդյանին և Անդրանիկ Խեչումյանին երկարամյա արգասաբեր գործունեության համար։
2006 թվականին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան, Իրանի մշակութային կենտրոնի և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի համատեղ նախաձեռնությամբ բացվեց Իրանական ընթերցասրահը, որը գործում է գրադարանի օտարալեզու գրականության բաժնում։ Սրահի հավաքածուն պարունակում է ավելի քան 1600 նմուշ (գեղարվեստական գրականություն, բառարաններ, հանրագիտարաններ, ամսագրեր, տեսալսողական նյութեր)՝ նախատեսված տարբեր տարիքի ընթերցողների համար։ Հավաքածուն նախատեսված է պարսկերեն սովորող երեխաների, ուսանողների և մանկավարժների համար։
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը պարբերաբար կազմակերպում է հետաքրքիր միջոցառումներ, այդ թվում՝ թատերականացված ցերեկույթներ, նկարչական մրցույթներ, գրքերի շնորհանդեսներ, գրական հանդիպումներ պարսիկ գրողների հետ, մրցանակաբաշխություններ, գրական երաժշտական ցերեկույթներ՝ նվիրված պարսիկ պոետներին, իրանական ավանդական երաժշտության համերգներ, պարսկերեն լեզի մեծարման օր, տոնակատարություններ ու փառատոններ։