Հայաստան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին

2 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում անձնակազմին է ներկայացվել Քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալ Արմեն Գևորգյանը:

Ներկայացնելով Քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալին՝ Արթուր Պողոսյանն ընդգծել է, որ Արմեն Գևորգյանի նշանակումը երկրի ղեկավարության վարած կադրային քաղաքականության վկայությունն է, որը հիմնված է մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշների, պրոֆեսիոնալիզմի վրա: 

Արթուր Պողոսյանը կարևորել է այն հանգամանքը, որ Արմեն Գևորգյանն իրավապահ համակարգում նոր մարդ չէ, իր աշխատանքային գործունեությունը սկսել է քննիչի աշխատանքից՝ քննչական համակարգում զբաղեցնելով տարբեր պաշտոններ:

«Արմեն Գևորգյանի հետ ծանոթացել եմ դատախազական համակարգում աշխատելու տարիներին, երբ վերջինս հանդիսացել է կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար և պատշաճ ձևով իրականացրել է նախանշված խնդիրները: Համոզված եմ, որ նույն ջանասիրությամբ Արմեն Գևորգյանն իրականացնելու է իմ կողմից արդեն իսկ նախանշված խնդիրները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արթուր Պողոսյանի խոսքերն են մեջբերված Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: 

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին այդ պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար և հավաստիացրել է, որ ամբողջ մասնագիտական ներուժը ծառայեցնելու է իրեն վստահված ոլորտի աշխատանքները պատշաճ և արդյունավետ կազմակերպելու համար՝ նպատակ ունենալով նպաստել ՀՀ-ում իրավակարգի և օրինականության ամրապնդմանը, Քննչական կոմիտեի հանդեպ հանրային վստահության բարձրացմանը: 

Քննչական կոմիտեի նախագահն անդրադառնալով կադրային քաղաքականությանը՝ նշել է, որ այս առումով հաշվի են առնվելու տվյալ պաշտոնատար անձի մասնագիտական գիտելիքները, փորձը, նվիրվածությունը, ջանասիրությունը և երկրին ծառայելու կամքը: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում