ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Արագածոտնի մարզի տնտեսական կյանքում վերջին տարիներին մեծ տեղ է զբաղեցնում նաև զբոսաշրջությունը, որի զարգացման համար նոր հեռանկարներ են բացվել։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, անդրադառնալով մարզի տնտեսական ձեռքբերումներին ու հեռանկարներին, տեղեկացրեց, որ միայն 2 խոշոր ծրագրերով լեռնային հանգստավայրի ստեղծման համար ներդրումը շուրջ 250 մլն դոլար է կազմում։
ՀՀ կառավարությունը ընթացիկ տարում հավանության է արժանացրել նաև «Մայլեռ» ազատ տնտեսական գոտու ստեղծումը, ինչը մեծ խթան կարող է հանդիսանալ մարզի տնտեսության թռիչքաձև զարգացման համար։
«Վերջին տարիներին նաև զբոսաշրջությունն է բավականին մեծ տեղ զբաղեցնում մարզի կյանքում, որը պայմանավորված է մի քանի հանգամանքներով․ նախ՝ բնակլիմայական պայմաններով, որ մարզն ունի։ Մենք ունենք ամենաբարձր և ամենացածր կետ, և թե զբոսաշրջության, թե գյուղատնտեսության առումներով մարզը բավականին հյուրընկալ ու բարենպաստ է»,-ասաց Մովսիսյանը։
Նրա խոսքով՝ զբոսաշրջության զարգացման համար նոր հեռանկարներ են բացել լեռնային հանգստավայրը, որտեղ ճոպանուղիներ են ստեղծվել, ինչպես նաև պայմաններ դահուկային սպորտի համար։ Բացի այդ, նախագծի շրջանակներում կիրականացվեն գյուղատնտեսական ծրագրեր, կստեղծվեն նոր աշխատատեղեր տեղացիների համար։
Անդրադառնալով գյուղատնտեսությանը, մարզպետը նշեց՝ պայմանավորված, մասնավորապես, «խելացի» անասնագոմերի, ջերմատների և ինտենսիվ այգիների վերաբերյալ պետական ծրագրերով, այս ոլորտում ևս առաջընթաց է արձանագրվել:
Արագածոտնի մարզում 2024 թվականին բուսաբուծության աջակցության ծրագրի շրջանակներում իրականացվել է 4873,7 հեկտար գարնանացան հացահատիկի ցանքս, որի համար պետության կողմից 350 միլիոն դրամ փոխհատուցում կտրամադրվի։
Մովսիսյանն ընդգծեց, որ մինչև 2019 թվականը մարզում ինտենսիվ այգիներ գրեթե չեն եղել։ Ի տարբերություն դրա, ներկայում այդ ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում, որի շրջանակներում արդեն մոտ 800 հեկտար ինտենսիվ այգի է հիմնվել, որի ցուցանիշը, Մովսիսյանի հավաստմամբ, տարեցտարի աճի միտում ունի։
«Պետական ծրագրերը մարդկանց համար շատ ավելի ձեռնտու են դարձնում խոշոր գյուղատնտեսությամբ զբաղվելը»,-համոզմունք հայտնեց մարզպետը՝ ներկայացնելով նաև ցուցանիշներ կառավարության տարբեր ծրագրերով Արագածոտնի գյուղատնտեսներին ցուցաբերված աջակցության վերաբերյալ։