Իրավունք

Քննարկվել են ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի պահանջներում փոփոխությունների հարցեր

2 րոպեի ընթերցում

Քննարկվել են ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի պահանջներում փոփոխությունների հարցեր

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ՆԳՆ ոստիկանության բժշկական հանձնաժողովի անձնակազմի հետ քննարկել է ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջների վերանայման հարցեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ընդգծելով ՆԳ նախարարության համար թեմայի կարևորությունը՝ փոխնախարարը մատնանշել է ծառայության անցնելու արհեստական խոչընդոտների վերացման և ավելի լավ բժշկական զննության գործընթացի ապահովման անհրաժեշտությունը։

«Յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է ունենալ այնպիսի հիվանդությունների ցանկ, որն իրականում նաև անվտանգ կլինի ծառայողների հետագա աշխատանքի և, առհասարակ, կյանքի և առողջության համար: Փոփոխությունները պրակտիկ իրագործելի են, և մենք կկարողանանք ապահովել ավելի լավ բժշկական զննության գործընթաց»,- ասել է Արփինե Սարգսյանը։

Նա ծառայողի առողջական վիճակին ներկայացվող պահանջների լավարկման գործընթացում ակտիվ ներգրավվածության և թիմային արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել ՆԳՆ ոստիկանության բժշկական վարչության պետ Սուսաննա Մուրադյանին, Ոստիկանության բժշկական հանձնաժողովի անդամներին և ՆԳՆ անձնակազմին։ Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործընկերներին՝ սերտ համագործակցության և փորձագիտական աջակցության համար։ 

Ըստ աղբյուրի՝ փոփոխություններն առաջարկվել են հաշվի են առնելով վիճակագրական տվյալները, կլինիկական վերջին ուղեցույցները։ Մասնավորապես, փոփոխություններ են կատարվել վիրաբուժական, թերապևտիկ, նյարդային, աչքի և քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների ցանկում։

Ըստ համապատասխան խմբերի՝ անդրադարձ է կատարվել հիվանդությունների կլինիկական պատկերին և պրակտիկ դրսևորումներին, ոլորտը կարգավորող իրավական ակտերը մերօրյա մարտահրավերներին ու բժշկական ոլորտի նոր ձեռքբերումներին համապատասխանեցնելու հարցերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում