Շուխոնց Ավետարանը դուրս է բերվել Մատենադարանից և առաջին անգամ տարվել Զինվորի տուն
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի Սրբոց Թարգմանչաց տոնին Մատենադարանի պահոցից դուրս է բերվում Շուխոնց խնդրակատար Ավետարանը և տարվում է Օշական՝ այն ժողովրդին ավելի մոտ դարձնելու համար: Բայց այս տարի այն դուրս է բերվել Մատենադարանից և առաջին անգամ տարվել է Զինվորի տուն:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Մատենադարանի ձեռագրատան ավանդապահ Գայանե Խաչատրյանը նշեց, որ Ավետարանը գրվել է 1669 թվականին՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կրոնավոր Բարսեղի ձեռքով։ Այն գրվել է Սպահանի Ջուղա գյուղում:
«Ձեռագիրը նկարազարդ է և ունի տասներեք մանրանկար: Ձեռագրի հիշատակարաններից մենք տեղեկանում ենք, որ գրելու ընթացքում դեռևս պարզ չի եղել, թե որ եկեղեցու համար է այն նախատեսված, քանի որ եկեղեցու անվան տեղը բաց է թողնված: Թե ի՞նչ ճանապարհով է այն հայտնվել Աշտարակում, դա նույնպես հայտնի չէ: Ձեռագրի հիշատակարանում նաև կարելի է հանդիպել Շուխոնց անվանմանը, որը խոսում է այն մասին, որ այն պատկանել է Շուխյանների գերդաստանին:
Աշտարակի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ավագ քահանա Սարգսի ձեռքով գրված հիշատակարանից էլ մենք տեղեկանում ենք, որ Հովհաննես և Սարգիս Շուխյանները իրենց պապերից ժառանգություն ստացած գերդաստանի Ավետարանը նվիրել են Աշտարակի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն: Նվիրաբերման թվականը նշվում է 1873-ը»,- ասաց ձեռագրատան ավանդապահը:
Մասնագետը նշեց՝ Ավետարանը համարվում է խնդրակատար, քանի որ ցանկացած մարդ մոտենում է սուրբ գրքին հավատով և խնդրանքով:
Գայանե Խաչատրյանի խոսքով՝ 1922-1925 թվականների ընթացքում պետության կողմից հավաքչական գործունեության ընթացքում հավաքագրված հինգ գրքերի հետ միասին Շուխոնց Ավետարանը հանձնվել է Մատենադարանին, և այժմ՝ ի թիվս մյուս ձեռագրերի, իր պատվավոր և մնայուն տեղն ունի կառույցում: