ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողները հանդիսավոր կերպով Մատենադարանին հանձնեցին միջնադարյան անվանի բժշկագետ Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» աշխատության ընդօրինակված ձեռագիրը (18-րդ դար):
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուսանողության օրվան և բժշկական համալսարանի գրադարանի բացմանն ընդառաջ՝ ԵՊԲՀ ուսանողները մասնավոր հավաքածուից ձեռք են բերել 15-րդ դարի հայ բժշկագետի աշխատության ընդօրինակված ձեռագիրը՝ որպես ընծա հանձնելով Մատենադարանին։
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ողջույնի խոսքում աննախադեպ համարեց Ամասիացու ընդօրինակված ձեռագրի նվիրատվությունը ԵՊԲՀ-ի նախաձեռնությունը։
«Իմաստը շատ ավելին է, քան զուտ Մատենադարանի ձեռագրական հավաքածուն ևս մեկ միավորով համալրելը։ Սա արժեքաբանական կողմնորոշման խնդիր է․դուք ոչ միայն արժեք եք հանձնում մատենադարանին, այլ նաև ստանում եք Մատենադարանի սեփականատեր լինելու ձեր վկայականը»,-ասաց Խզմալյանը՝ հույս հայտնելով, որ ԵՊԲՀ-ի նախաձեռնությունն օրինակը գիտական ու մշակութային ժառանգության հանդեպ համահայկական պատասխանատվության և ներշնչանքի մեկնարկի գրավական կհանդիսանա։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն հայտնելով բուհին նախաձեռնության գաղափարի ու իրականացման համար, նշեց, որ օրը կարևոր առիթ է՝ ականատես լինելու համագործակցության մեծ արդյունքին՝ ի նպաստ թե կրթությանը, թե հետազոտությանն ու մշակութային ժառանգությանը։
«Շատ խորհրդանշական է, որ Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ՝ ԵՊԲՀ-ի ուսանողները հենց այսպիսի քայլ են կատարում․ գալով Մատենադարան, բերելով կարևոր աշխատություններից մեկը, որը նաև մեր սեփական պատմությունն է, մեր գիտության, բժշկության պատմությունն է՝ դրանով ցույց տալով այն արժեքները, որոնք կարևոր են, որոնք այսօր օգնում են դառնալ այն մասնագետը, որի կարիքն ունենք»,-նշեց Անդրեասյանը։
ԵՊԲՀ Արմեն Մուրադյանն օրը հիշարժան և պատմական համարեց բուհի համար՝ հպարտություն հայտնելով, որ ուսանողները կարողացան իրականացնել բոլորի չբարձրաձայնված երազանքը։
«Բոլորդ այսօր մաս կազմեցիք մի երևույթի, որը միտված լինելով ապագային, այնուամենայնիվ, ապացուցեց, որ իր արմատներն ու հիմքերը այնքան ամուր են, այնքան հուսալի, որ որևէ տեսակի տեխնոլոգիաներ չեն կարող բժշկի մեծահոգությանն ու գթասրտությանը փոխարինել»,-ասաց Մուրադյանը՝ հույս հայտնելով, որ նախաձեռնությունը բարի ավանդույթի օրինակ կհանդիսանա նաև մյուս բուհերի ուսանողների համար։
Այնուհետև Մատենադարանի Ընծայաբերման սրահում տեղի ունեցավ նվիրաբերության հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը զուգահեռ՝ Մատենադարանի սրահներում ուսանողների համար կկազմակերպվեց շրջայց, որտեղ նրանք ծանոթացան հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոնի ցուցանմուշներին:
«Օգուտ բժշկության» ընդօրինակված ձեռագիր
«Օգուտ բժշկության» ընդօրինակված ձեռագիր