ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատմության թանգարանն ու «Մեգերյան կարպետ»-ը նոյեմբերի 15-ին համագործակցության հուշագիր ստորագրեցին, որի շրջանակում «Մեգերյան կարպետ»-ը ստեղծել է թանգարանի գորգերի հավաքածուում պահվող ավելի քան 120 տարվա պատմություն ունեցող «Աստղահավք» գորգի կրկնօրինակը՝ Բանանցի ավանդական ձեռագործ տեխնոլոգիայով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագիրը ստորագրեցին թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ու «Մեգերյան կարպետ»-ի տնօրեն Լեոնիդ Անդրեասյանը։
Դավիթ Պողոսյանը թանգարանի և գորգագործական ընկերության միջև համագործակցությունը շատ կարևոր է համարում ու վստահեցնում, որ այն հետաքրքիր ուղերձներ ունի։ «Երբ կազմակերպում էինք «Դրվագներ ինքնության» ցուցադրությունը, նպատակ ունեինք ներկայացնել հայկական գորգի մշակույթը ոչ միայն անցյալում, այլև նրա շարունակական գործընթացը, որովհետև գորգարվեստը չի մահացել, փոխվել են արտադրության ձևերը՝ տնայնագործությունից անցում է կատարվել գործարանային ձևերին, բայց գորգագործությունը շարունակում է ապրել։ Մեզ համար կարևոր էր, որ այս ցուցասրահում, որտեղ ներկայացված են մեր հավաքածուի երեսունից ավելի լավագույն նմուշներ՝ համադրված տարբեր նյութերով, իր տեղն ունենա այսօր մեր գորգագործական մշակույթի վերակենդանացման գործում ակտիվ դերակատարություն ունեցող ընկերություններից մեկը՝ «Մեգերյան կարպետ»-ը։ Անհրաժեշտ էր այստեղ պրակտիկ ներկայացնել, թե ինչպես են գործում գորգը, ցույց տալ, թե որն է հայկական ավանդույթը»,-ասաց նա։
«Աստղահավք» գորգի կրկնօրինակն այժմ թանգարանի հուշանվերային տաղավարում է։ Այն վաճառելու պարագայում թանգարանը հնարավորություն կունենա ձեռք բերել մեկ այլ նմուշ, որը ևս կներկայացնի հայկական գորգագործական մշակույթը։
Լեոնիդ Անդրեասյանի խոսքով՝ ընտրել են «Աստղահավք» գորգը, քանի որ այն շատ գեղեցիկ է և հազվադեպ հանդիպող դիզայն ունի։ «Գորգն արցախյան գանձերից մեկն է։ Գորգը հետաքրքիր խորհուրդ ունի. այն ամբողջությամբ հավքերով է պատկերված։ Գորգի վրա հեքիաթային հավքերն են, որոնք, ըստ ժողովրդական բանահյուսության, մինչև երկինք են բարձրացել, աստղեր են հավաքել ու երկիր բերել այն զույգերի համար, որոնք նոր կյանք պետք է մտնեին, բախտավոր ու երջանիկ լինեին»,-պատմեց Անդրեասյանը։
Նա ընդգծեց՝ աշխատել են հնարավորինս բնօրինակին մոտ գույներով թելեր օգտագործել գորգը գործելիս։ «Հարյուր տարի հետո, եթե հանկարծ բնօրինակը չլինի, այս գորգը կարող է լինել նրա փոխարեն։ Մենք շարունակելու ենք թանգարանի հետ համագործակցոթյունը, քանի որ ցանկանում ենք, որ մեր պատմությունը, այս գորգի պատմությունը հարյուր տարի անց չանհետանան։ Բոլորս էլ գիտենք, որ հարյուր տարի հետո ձեռագործ գորգ չի լինելու։ Կյանքը զարգանում է, մեզ փոխարինում են մեքենաները և այլն։ Մեքենաները մեզ համար ձեռագործ գորգ չեն գործի»,-շեշտեց նա։
Անդրեասյանը հիշեցրեց՝ 120 տարի առաջ ներկանյութերը, որոնցով թելերը ներկել են, բնական են եղել։ Հայաստանում քիմիական ներկանյութերը գորգագործության մեջ ներդրվել են 1930-ական թվականներին, քանի որ բնական ներկանյութերով թելեր ներկելը շատ երկար է տևել՝ երկու կամ երեք օր, իսկ քիմիական ներկանյութերով նույն քանակությամբ թելը երեք կամ չորս ժամում են ներկել։ «Այն ժամանակ արտադրություն, քանակ էր պետք, հեշտ տեխնոլոգիա էր պետք։ Այդ տարիներին կրկնակի հին հայկական հանգույցը փոխեցին պարսկական հանգույցով, որովհետև այդպես ավելի հեշտ ու արագ է, իսկ «Աստղահավք»-ը բնական ներկանյութերով ու հայկական կրկնակի հանգուցով ենք գործել»,-շեշտեց նա։
Երկու կառույցների համագործակցության արդյունքում արդեն ընթացքի մեջ է հաջորդ գորգի կրկնօրինակումը։ Այն գեղեցկությամբ, գույների հարստությամբ չի զիջում «Աստղահավք»-ին։