Համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման հերթական վարույթի նախաքննությունը, երկու մեղադրյալի մասով, ավարտվել է

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների օրինականացման վարույթի՝ երկու մեղադրյալի մասով նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ  «Telegram» հավելվածի՝ շուրջ 80 էջերի միջոցով իրականացվում է թմրամիջոցների ապօրինի վաճառք։ 

«Ջերմուկ քաղաքի 26 և Երևան քաղաքի 27-ամյա բնակիչներն, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2023թ․ հունվարից մինչև 2024թ․ մայիսն ընկած ժամանակահատվածում տարբեր եղանակներով, այդ թվում՝ «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված առցանց խանութ-հարթակի միջոցով, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու նպատակով, ապահովել են թմրամիջոցների ապօրինի ձեռք բերումը, առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում: Այնուհետև թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարահանվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները և փոխանցվել թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և հանցակիցների կողմից փաստացի կառավարվող կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց՝ այդ կերպ իրականացնելով առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցների, այդ թվում՝ «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ապօրինի իրացումը։  

Թմրամիջոցի մի մասը՝ «Մարիխուանա» տեսակի, ինչպես նաև «Մեթամֆետամին» և «Տետրահիդրոկանաբինոլ» տեսակի թմրամիջոցների հետքեր պարունա­կող էլեկտրոնային կշեռքները հայտնաբերվել են մեղադրյալների փաստացի բնակության վայրում կատարված խուզարկությամբ։

Բացի այդ, Ջերմուկ և Երևան քաղաքի բնակիչները, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գործող առցանց խանութ-հարթակից թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրել են մի շարք կրիպտոարժութային դրամապանակների, այդ թվում՝ «դաշքոին» տեսակի դրամապանակի տվյալներ՝ պատվիրված թմրամիջոցի համար նախատեսված գումարը նշված դրամապանակին փոխանցելու նպատակով: Այնուհետև անձինք թմրամիջոց ձեռք բերելու նպատակով կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց էլեկտրոնային դրամապանակներին կատարել են համապատասխան չափով դրամային փոխանցումներ՝ դրանք կրիպտոարժույթով փոխանակելու և վերոնշյալ անվանումով առցանց խանութ-հարթակների տրամադրած կրիպտոարժութային դրամապանակներին փոխանցելու համար։ Ապա փոխանցման անդորրագրերն ուղարկել են նշված առցանց խանութ-հարթակներին և ապօրինի ձեռք բերել պատվիրված թմրամիջոցը»,- նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել, որ «դաշքոին» տեսակի դրամապանակին 2023թ․ դեկտեմբերի 22-ից մինչև 2024թ․ հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 3.056.942,14 ՀՀ դրամին համարժեք 7574 ԱՄՆ դոլարի չափով «դաշքոին» տեսակի կրիպտոարժույթ: 

Այնուհետև հանցավոր գործունեությունից ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի հանցավոր ծագումը, իրական բնույթը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված միջոցների տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով կրիպտորաժութային դրամապանակներին ստացված կրիպտոարժույթը փոխանցվել է ՀՀ տարածքում կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց կողմից շահագործվող կրիպտոարժութային դրամապանակներին, որից հետո փոխակերպված ֆինանսական միջոցները, հանցակիցների հանձնարարությամբ, փոխանցվել են տարբեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են հանցավոր գործունեությանը ներգրավված անձանց կողմից: 

Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է նաև, որ 2023թ․ հունվարի 9-ից մինչև 2024թ․ հունվարի 15-ը կրիպտոարժույթի կանխիկացման գործարքներով 26-ամյա երիտասարդի կողմից փաստացի շահագործվող բանկային քարտին մուտքագրվել է ընդհանուր 7495 ԱՄՆ դոլարին համարժեք 2.941.487 ՀՀ դրամ գումար: 

Նկարագրված եղանակով 2023թ․ հունվարից մինչև 2024թ․ մայիսն ընկած ժամանակահատվածում նշված երկու և այլ անձանց անվամբ «Իդրամ» համակարգում նույնականացված դրամապանակներին, ինչպես նաև Ջերմուկ քաղաքի բնակչի կողմից փաստացի շահագործվող բանկային  քարտին փոխանցվել և նրանց կողմից տնօրինվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված 6.574.029 ՀՀ դրամ գումար: 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ երկու երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Ջերմուկ քաղաքի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով և գրավով՝ 2 000 000 դրամի չափով, իսկ Երևան քաղաքի բնակչի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը:

Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց մասով նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը

Երևան-Սևան ճանապարհի մի հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտով

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Ազգային օրվա առթիվ

Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել

Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու որոշում է կայացվել

Ապարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը

ԿԸՀ-ն ԶԼՄ-ներին կոչ է անում արձանագրությունների քաղվածքների մասով կեղծ տվյալներ չտարածել

Երևանում կա օրենքի գերակայություն, և դա վերաբերում է բոլորին. քաղաքապետարանն արձագանքել է «Պրեգոմեշ»-ի ցուցափեղկին տեղադրված գովազդի շուրջ տարածվող խոսակցություններին

Հունիսի 11-ի միջոցառումների անոնս