ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հնդկական ֆիլմերի փառատոն»-ը հերթական անգամ կինոարվեստի երկրպագուներին հնարավորություն կտա ծանոթանալու հին ու նոր հնդկական ֆիլմերի, գնահատելու Հնդկաստանի հարուստ ավանդույթները՝ նպաստելով հայ-հնդկական մշակութային կապերի ամրապնդմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հնդկական ֆիլմերի փառատոն-2024»-ի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 14-ին «Կինոմոսկվա»-ում։ Փառատոնի մեկնարկին ցուցադրվեց «Հառա՜ջ, Հնդկաստան» կինոնկարը։
Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանին շեշտեց, որ հնդկական կինոն իրենց երկրի մշակույթի անբաժանելի մասն է և համաշխարհային բեմի կարևոր դերակատարը։ «Հնդկական կինոն ընդգրկում է մի շարք տարածաշրջանային կինոարդյունաբերություններ, որոնք նպաստում են հնդկական կինոարտադրության բազմազանության ապահովմանը։ Հարուստ ավանդույթներով հնդկական կինոն արձագանք է գտնում ամբողջ աշխարհի հանդիսատեսի մոտ՝ խթանելով միջմշակութային փոխըմբռնումը և կարեկցանքը սահմաններից այն կողմ, այն շարունակում է պատկերացումներ ձևավորել, բորբոքել երևակայությունն ու կամրջել մշակութային բաժանումները՝ ցուցադրելով կինոժառանգության իր կայուն ուժը»,-ընդգծեց դեսպանը։
Նրա խոսքով՝ հնդկական կինոարդյունաբերությունը, որը հայտնի է որպես բոլիվուդ, ներկայացնելու կարիք չկա հատկապես Հայաստանում, որտեղ Ռաջ Կապուրը և Միթհուն Չակրաբորտին՝ նույն ինքը՝ Ջիմմին, շարունակում են ջերմություն, կարոտ և մշակութային կապ առաջացնել Հնդկաստանի հետ։
Նիլակշի Սահա Սինհանին կարևորեց այն, որ հնդկական կինոարդյունաբերությունը համաշխարհային համբավ է ձեռք բերել որպես աշխարհի ամենամեծ կինոկենտրոններից մեկը, որտեղ տարեկան ցուցադրվում է ավելի քան հազար 5 հարյուր ֆիլմ՝ ներառյալ շրջանային լեզուներով կինոնկարները, սակայն հինդի լեզվով ֆիլմերը շարունակում են մնալ նրա ամենամեծ հատվածը։
«Իր համեստ ծագումից մինչև համաշխարհային մշակութային ուժ դառնալը հնդկական կինոն ազդեցիկ է արդյունաբերությամբ և մշակութային դիվանագիտության կարևոր գործիք է դարձել։ Հուսով ենք, որ «Հնդկական ֆիլմերի փառատոն»-ը ավանդական կդառնա Հայաստանում։ Կարծում ենք՝ այն նաև թափ կհաղորդի մեր երկկողմ հարաբերություններին կինոարտադրության, հեռուստատեսության, հնդկական երաժշտության և պարի ոլորտներում»,-ասաց դեսպանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն էլ ընդգծեց՝ հայ և հնդիկ ժողովուրդների բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի և գալիս է դարերի խորքից։ Նա ուրախ է, որ նորանկախ Հայաստանում ևս այդ կապերն ամրապնդվում են։ «Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ բարեկամական և փոխշահավետ կապերի ամրապնդումն ու համագործակցային նոր հարաբերությունների կառուցումը»,-ասաց փոխնախարարը։
Կանգ առնելով մշակութային փոխհարաբերությունների վրա՝ Մարտիրոսյանը շեշտեց, որ Հայաստանը մշտապես աշխույժ մասնակցություն է ունենում Հնդկաստանում կազմակերպվող տարբեր մշակութային միջոցառումներին, ամենամյա փառատոններին՝ ներկայացնելով իր հարուստ ու բազմամյա մշակույթը։
«Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային համագործակցությունն իսկապես բազմաբովանդակ է և ընդգրկում է նաև կինոյի ոլորտը։ Կա մեծ պատրաստակամություն երկու կողմերի միջև համագործակցելու կինոարտադրության ոլորտում։ Դրա վկայությունն է նաև նախորդ տարի Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ փաստաթղթի ստորագրումը։ Թե՛ այդ կառույցը, որն այժմ այլ անուն ունի, թե՛ նախարարությունը հաստատակամ են հատկապես կինոյի մասին նոր օրենքի ընդունումից հետո զարգացնել հարաբերությունները բոլիվուդի հետ»,-նշեց փոխնախարարը։
Փառատոնի շրջանակում նոյեմբերի 14-17-ը կցուցադրվի «Յաշ Ռաջ ֆիլմզ» ընկերության վեց կինոնկար՝ «Սուլթան», «Բայքերները 3», «Բանթի և Բաբլի», «Պահեր», «Հառա՜ջ, Հնդկաստան» և «Պատհանը»։ Ֆիլմերի լեզուն հինդին է, կլինեն անգլերեն կամ ռուսերեն ենթագրեր։ Ցուցադրությունների մուտքն ազատ է։
Փառատոնը նախաձեռնել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը։