ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ այցեր է իրականացրել այս անգամ Արագածոտնի մարզում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում են Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, այս անգամ ՆԳՆ ՄՔԾ անձնագրային աշխատանքների համակարգման բաժնի մասնագետները մայրաքաղաքից ուղևորվել են Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ և Ալագյազ համայնքներ։
Քաղաքացիները հնարավորություն են ունեցել սպասարկվելու տեղում՝ նաև ստանալով իրենց հուզող հարցերի պատասխանները։
Ըստ աղբյուրի՝ շրջիկ ծառայությունն արդեն եղել է Գեղարքունիքի, Շիրակի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի մարզերում ՝ օգնելով քաղաքացիներին խուսափել հերթերից։
ՀՀ ՆԳՆ տեղեկացմամբ՝ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի տեղակալը նշել է, որ շրջիկ այցերի ձևաչափը շատ արդյունավետ է։
Նշվում է, որ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ այցեր է նախատեսել Հայաստանի տարբեր բնակավայրեր: Առաջիկա այցի վերաբերյալ կտրվի հավելյալ տեղեկատվություն։