ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ նկարիչ, վերացական էքսպրեսիոնիզմի ազդեցիկ ներկայացուցիչ Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյան) արվեստը Լեհաստանում հանրահռչակելու, նրա ստեղծագործությունների ազդեցիկությունն ընդգծելու նպատակով Գդանսկի հայկական միությունը 2024-ի միջոցառումները նվիրել է արվեստագետի 120-ամյակին։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում լեհաստանաբնակ նկարիչ, Լեհաստանի նախագահի մրցանակի դափնեկիր, Գդանսկի հայկական միության նախագահ Գագիկ Պարսամյանը նշում է՝ միությունը, որը հիմնադրվել է յոթ տարի առաջ, հաճախ է հայ-լեհական մշակութային հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված միջոցառումներ կազմակերպում։ Ներկայացնում են հայ ստեղծագործողների ինչպես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից։
«Միջոցառումներին հյուրերն անպայման հանդես են գալիս դասախոսություններով։ Մեր նպատակն օտար երկրում Հայաստանը լավագույնս ներկայացնելն է։ Կազմակերպվում են նաև համերգներ, ցուցադրություններ։ Օգոստոսին էլ Լեհաստանում Հայաստանի մշակույթի օրեր են անցկացվում»,-նշում է Պարսամյանն ու հավելում՝ անհնար էր չանդրադառնալ մեծ նկարչի՝ Արշիլ Գորկու հոբելյանին։
Գագիկ Պարսամյանը, ինչպես ինքն է ասում, աբստրակցիայի հորը շատ բարձր է գնահատում, ուստի միությունը 2024-ը հայտարարել է Արշիլ Գորկու տարի։
«Դիմեցինք Լեհաստանի խորհրդարանի փոխնախագահին, որպեսզի աջակցեն միջոցառումների իրագործմանը։ Իրականում պարծենալու բան է։ Մեզ պատասխանեցին, որ շնորհակալ են մեր միությանը նման նախաձեռնությունների համար և ուրախ են իրենց հովանու տակ առնել մեր նախատեսած յոթ միջոցառումը։ Ես շատ ոգևորվել էի, անգամ փշաքաղվել»,-պատմում է Պարսամյանը։
Նրա խոսքով՝ Արշիլ Գորկին մի գրաֆիկական աշխատանք ունի, որը կոչվում է «Հիտլերը հարձակվում է Լեհաստանի վրա»։ Պարսամյանն այդ մասին ևս գրել է իր նամակում։ Հասցեատերերը շատ զարմացել են այն փաստից, որ Գորկին անգամ Լեհաստանին է անդրադարձել։ Գագիկ Պարսամյանի համար դա ևս բացահայտում է եղել։ «Ինձ համար դա անակնկալ էր։ Այն, որ Հովհաննես Այվազովսկին սերտ առնչություններ է ունեցել Լեհաստանի հետ, գիտեի, նրանց տանն անգամ լեհերեն են խոսել, բայց Գորկու կապը բացահայտում էր»,-նշում է նկարիչը։
Արշիլ Գորկու ծննդյան օրը՝ ապրիլի 15-ին, միությունում մեծ նկարչի 120-ամյակին նվիրված դասախոսություն է իրականացվել։ Այն կարդացել է հայտնի արվեստաբան Ռոման Նեչիպորովսկին. նաև ֆիլմի ցուցադրություն է եղել։
Մայիսին Հայաստանի և Լեհաստանի ինը նկարչի, այդ թվում Պարսամյանի մասնակցությամբ, ցուցահանդես են կազմակերպել, որը կրել է «Արշիլ Գորկու հայացքով» խորագիրը։ Արվեստագետները ներկայացրել են իրենց լավագույն ստեղծագործությունները, որոնց հիման վրա պատկերագիրք է լույս տեսել։
Օգոստոսի 11-17-ը կազմակերպված «Հայ մշակույթի օրեր»-ը ևս նվիրել են Արշիլ Գորկուն։ Նրա լուսանկարների ցուցահանդեսով այցելուներին ծանոթացրել են նկարչի կյանքին և գործունեությանը։ Պարսամյանը դժվարությունների առաջ է կանգնել լուսանկարները հավաքագրելիս, սակայն կարողացել է պատշաճ ցուցադրություն կազմակերպել այն նյութերով, որոնք գտել է։ Դասախոսություն ևս կարդացել են և ֆիլմի ցուցադրություն կազմակերպել։ Թարգմանել են Գորկու նամակները, ընթերցել դրանց լեհերեն թարգմանությունները, որոնք նաև տպագրության են պատրաստել և աշխատում են այդ ուղղությամբ։
«Հոկտեմբերի 13-ին Լեհաստանի, Հայաստանի, ԱՄՆ-ի, Լիտվայի և Ուկրաինայի մասնակցությամբ փառատոն ենք անցկացրել։ Հայաստանից մասնակցել են Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Աշոտ Հարությունյանը, Սեյրան Գալստյանը, Սամվել Մարությանը՝ ԱՄՆ-ից։ Մարությանը յոթ պորտրետ է նկարել։ Փարավոն Միրզոյանը Երևանից ևս պետք է միանար մեզ, բայց չկարողացավ ներկա լինել»,-ասում է Պարսամյանն ու հավելում՝ բոլոր նկարիչները քաջածանոթ են Գորկու գործունեությանը, նրա արվեստի նրբություններին։
Փառատոնի արդյունքներն ամփոփվել են նոյեմեբերի 13-ին հետպլեներային ցուցահանդեսով։
Դեկտեմբերին նախատեսվում է փոքրիկ կատալոգ հրատարակել, որում կզետեղվեն մայիսին կայացած ցուցադրության աշխատանքները։ Ինչպես ցուցադրությունը, այնպես էլ պատկերագիրքը կոչվելու է «Արշիլ Գորկու հայացքով»։ Ամենակարևոր իրադարձությունը կլինի 200 էջից բաղկացած գիրքը, որի տեքստն արդեն պատրաստ է։ Այն պատմելու է Արշիլ Գորկու կյանքի և գործունեության մասին։ Գիրքը լեհերեն և հայերեն է լինելու։
Գագիկ Պարսամյանի ստեղծագործական կյանքում Արշիլ Գորկին մեծ դերակատարություն է ունեցել։ Պարսամյանը մի ամբողջ ցուցահանդես է նվիրել նկարչին՝ ոգեշնչված նրա արվեստից։
«Սամվել Պետրոսյանը՝ Շուշան Պետրոսյանի հայրը, հիանալի, նշանավոր մարդ էր, բանիմաց անձնավորություն. երաժշտության մասին բոլոր նորությունները նրանից էինք իմանում։ Ինձ բախտ վիճակվեց այցելել նրանց տուն։ Հավանաբար 1982 կամ 1983 թվականներն էին։ Նրանց տանը տեսա Արշիլ Գորկու ալբոմը։ Մինչ այդ պահը Գորկու մասին չէի լսել։ Ես ցնցվեցի, տարվեցի, «վատացա», մինչև հիմա «վատացած» եմ։ Իմ կյանքում փշաքաղվում եմ մեծությունների մասին խոսելիս։ Պատահել է՝ Մատիսի գիրքը գլխիս տակ դրած եմ քնել, սիրահարված եմ մինչ օրս նրա արվեստին, տարվել Պիկասսոյի խենթությամբ, մինչ օրս մտածում եմ, թե ով է նա՝ այդ խենթ վարպետը։ Շրջաններ են եղել տարվածության, բայց Արշիլ Գորկին միակ նկարիչն է, մեծ հայը, որն ամենայն անկեղծությամբ, 1982 թվականից ի վեր մինչ օրս չի խամրել, չի կորցրել հետաքրքությունը, նրան երբեք բաց չեմ թողել, երբեք չեմ մտածել՝ լավ կլիներ, որ Գորկին մի քիչ այսպես նկարեր, խառնուրդ լիներ և այլն։ Նրա էներգիան մշտական է։ Նա մեծագույն արվեստագետ է, և մեզ համար մեծ պատիվ է նման արվեստագետ ունենալը։ Արտասահմանյան տարբեր երկրներում, երբ իմացել են, որ նկարիչ եմ, հարցրել են արդյոք ճանաչո՞ւմ եմ Արշիլ Գորկուն։ Նա «մեղր» է եղել։ Բոլոր հետաքրքիր նկարիչներն են նրան ճանաչում։ Արշիլ Գորկին շատ մեծ վարպետ է, որին, ավաղ, քիչ ենք անդրադառնում»,-եզրափակում է Գագիկ Պարսամյանը։
Արշիլ Գորկի` «Նկարիչը և նրա մայրը»
Լուսանկարները՝ Գագիկ Պարսամյանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից