Մշակույթ

18-րդ դարի Սաղմոսարան և Շարակնոց. Մատենադարանը հարստացել է նոր ձեռագրերով

2 րոպեի ընթերցում

18-րդ դարի Սաղմոսարան և Շարակնոց. Մատենադարանը հարստացել է  նոր ձեռագրերով

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մատենադարանում պահվող հազարավոր ձեռագրերի մեծ մասը շատ դժվար, վտանգներով լի ու հետաքրքիր ճանապարհ են անցել, դրանցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը: 

Երկար ու հետաքրքիր ճանապարհ անցած ևս մի քանի արժեքավոր ձեռագրեր Մատենադարանում իրենց տեղն են գտել նվիրատուներ Նշան և Մարիա Պագգալյանների, Ֆիլադելֆիայի Հայ նահատակաց եկեղեցու ջանքերով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում լիբանանահայ Նշան Պագգալյանը  նշեց՝ երբ այս ձեռագրերը փոխանցվել են իրենց,  իրենք չեն իմացել,  դրանք քանի տարվա ձեռագրեր են և ինչ արժեք ունեն: 

«Մատենադարանին նվիրած գրքերից երկուսը մեզ է փոխանցվել իմ ազգականի մահվանից հետո: Նրա մահից հետո բնակարանի մաքրուհին կապվեց մեզ հետ և այս գրքերը փոխանցեց մեզ, այլապես դրանք թափվելու էին աղբամանը:  

Իսկ մյուս երկու ձեռագրերը երկար ճանապարհ են անցել, մինչև մեզ հասնելը: Դրանք ԱՄՆ-ի Ֆիլադելֆիայի Հայ նահատակաց եկեղեցի են հասել ամերիկացի միսիոներների միջոցով, որոնք Թուրքիայում ծառայության ժամանակ գնել էին   խանութներից մեկից՝ առանց իմանալու, որ դրանք հայերեն են, բայց, հասկանալով, որ դրանք արժեքավոր են, իրենց հետ տարել են ԱՄՆ: Տարիներ անց նրանք կապ են հաստատել Ֆիլադելֆիայի Հայ նահատակաց եկեղեցու հետ և գրքերը փոխանցել են նրանց: Դրանք արդեն Մատենադարան հասան մեր միջոցով»,-  պատմեց Նշան Պագգալյանը: 

Նվիրատուները մատենադարանին են փոխանցել 18-րդ դարի Սաղմոսարան, Շարակնոց, 15-16-րդ դարերի Գանձարան և 18-րդ դարի Ժողովածու:  

Նվիրատուները ի սկզբանե չեն իմացել ու պատկերացրել, թե ինչ ձեռագրեր են իրենց հասել, բայց վստահ են՝ դրանք այժմ ճիշտ տեղում են, որտեղ կպահպանվեն և կուսումնասիրվեն: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում