ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ «Չինաստանի արդիականացումը. Հայաստան-Չինաստան հարաբերությունները» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Չինաստանի արդիականացումը. Հայաստան-Չինաստան հարաբերությունները» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստան-Չինաստան հարաբերությունների զարգացմանը, Չինաստանի արդիականացման գործընթացին, միջազգային հարաբերություններում չինական տեսլականին, ինչպես նաև միջազգային տրանսպորտային միջանցքների և կապուղիների հիմնահարցերին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիտաժողովին, որը Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի աջակցությամբ կազմակերպվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի կողմից, ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ-ի արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանը, ՀՀ ԳԱԱ-ի արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Իսկանդարյանը, ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը։ 

ՀՀ ԳԱԱ-ի արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանը նշեց, որ գիտաժողովը հասցեագրված է Չինաստանի արդիականացմանը, որը Չինաստանի տեսլականն է միջազգային ներկա հարաբերությունների, գլոբալ անվտանգության հիմնահարցերի, համամարդկային խնդիրների ճակատագրի վերաբերյալ։ 

«Ըստ այդ տեսլականի՝ մարդկությունը բախվել է լրջագույն մարտահրավերների․ բևեռացում, որտեղ կան բազմաթիվ հակամարտություններ, պատերազմներ, միլիոնավոր տեղահանվածներ ու փախստականներ, սովահար մարդիկ։ Ձևավորվել են նաև անվտանգային ոչ ավանդական մարտահրավերներ, ինչպիսիք են արհեստական բանականությունը, կլիմայի փոփոխությունը, կենսաանվտանգությունը»,-ասաց Փաշայանը՝ հավելելով, որ Չինաստանն աշխարհին առաջարկում է այդ մարտահրավերները հաղթահարելու համար միավորվել, այլ ոչ թե բաժանվել։

Նրա խոսքով՝ Չինաստանը կենտրոնանալու է երկրի ներսում սեփական զարգացման վրա, իսկ միջազգային մակարդակում ձգտելու է ձևավորել մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնք։ 

«Չինաստանը համարում է, որ յուրաքանչյուր քաղաքակրթություն յուրովի է, և դրանք ոչ թե պետք է բախվեն, այլ պետք է համագործակցեն։ Միաժամանակ, առանց երկրի ներսի աշխատանքները կատարելու՝ Չինաստանը չի կարող աշխարհին առաջարկել տնտեսական աճ ու բարեկեցություն, համաշխարհային խաղաղություն և զարգացում», - նշեց Արաքս Փաշայանը՝ խոսելով չինական արդիականացման ծրագրի մասին և հավելելով, որ անցկացվող գիտաժողովը նվիրված է նաև հայ-չինական հարաբերություններին։ 

ՀՀ ԳԱԱ-ի արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Իսկանդարյանն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության կողմից մեծապես կարևորվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդումը և համագործակցային նոր հարաբերությունների կայացումը։  

«Դրա առհավատչյան է Հայաստանի Հանրապետության բոլոր ղեկավարների այցը Չինաստան և նրանց կողմից երկու երկրների հարաբերությունների խորացմանը կարևորություն տալը։ Ակնհայտ է, որ աշխարհում այսօր մեծանում է Չինաստանի հարաճուն դերը, և նրա մոտեցումները տարածաշրջանային զարգացումներում խիստ կարևորվում են։ Հայ-չինական գիտական կապերի զարգացմանն էլ մեծապես նպաստում է ՀՀ ԳԱԱ-ն», - ասաց Իսկանդարյանն՝ ընդգծելով, որ ՀՀ ԳԱԱ-ի համակարգի շատ ինստիտուտներ ունեն համագործակցության լավ կապեր Չինաստանի գիտական կենտրոնների հետ։ 

Նրա խոսքով՝ Հայաստանի գիտական համայնքը փորձում է խորացնել կապերը Չինաստանի գիտական կենտրոնների հետ՝ հասկանալով, որ վերջիններս շատ մեծ ներուժ ունեն։ Գոհար Իսկանդարյանը հայտնեց, որ այդ ամենն ապացուցվում է նրանով, որ ՀՀ ԳԱԱ-ն արդեն կնքված երկու պայմանագիր ունի Չինաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային հարաբերությունների ինստիտուտի և Չինաստանի հումանիտար գիտությունների ակադեմիայի մաս կազմող առանձին ինստիտուտների, մասնավորապես Ռուսաստանի, արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների ինստիտուտի հետ։ 

«Արևելագիտության ինստիտուտը խիստ կարևորում է միջազգային անվտանգության և տարածաշրջանում համաչափ զարգացման ուղղությամբ Չինաստանի ձեռնարկած քայլերը։ Վստահ եմ՝ այս գիտաժողովի ընթացքում բազմիցս կխոսվի դրա մասին»,-ասաց Գոհար Իսկանդարյանը։ 

Գիտաժողովում ունեցած ելույթի ընթացքում ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը մանրամասն ներկայացրեց Չինաստանի արդիականացման ծրագիրն՝ ընդգծելով, որ բազմաթիվ երկրների առջև ծառացած կարեւորագույն խնդիրներից են՝ ինչպե՞ս հասնել արդիականացման և զարգացման ո՞ր ուղին ընտրել։  

«Ավելի քան հարյուր տարիների ընթացքում Չինաստանի Կոմունիստական կուսակցության ճիշտ ղեկավարման արդյունքում չին ժողովուրդը, անցնելով բազմաթիվ դժվարությունների միջով, երկարատև փնտրտուքներից հետո գտել է արդիականացման իր ուրույն և հաջողակ ճանապարհը, այն է՝ արդիականացում չինական ոճով։ Արդիականացումը հնարավորություն է ընձեռել Չինաստանին աղքատ երկրից արագորեն վերածվել աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությանը և հասնել մի շարք ուշագրավ ձեռքբերումների։ Չինաստանի ձեռքբերումները կերտեցին մարդկային քաղաքակրթության նոր ձև, ներկայացրին արդիականացման նոր պատկեր, կոտրեցին այն սխալ կարծրատիպը, ըստ որի «արդիականացումը հավասար է արևմտականացման», օրինակելի դարձան հատկապես զարգացող երկրների համար»,-նշեց ժամանակավոր հավատարմատարը՝ հավելելով, որ աշխարհի առջև դռներ բացելը չինական ոճով արդիականացման տարբերակիչ խորհրդանիշներից է, և Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը միշտ ամուր կանգնած է եղել ճշմարիտ պատմության և մարդկային քաղաքակրթության առաջընթացի կողմում։ 

Չեն Մինն, անդրադառնալով Չինաստանի տնտեսական զարգացմանը, նշեց, որ ընթացիկ տարվա առաջին երեք եռամսյակում Չինաստանի համախառն ներքին արդյունքը գերազանցել է 13,5 տրիլիոն ԱՄՆ դոլարը՝ տարեկան կտրվածքով աճելով 4,8%-ով, և այդ ցուցանիշով Չինաստանը դասվել է աշխարհի առաջատար տնտեսությունների շարքին ու մոտ 30%-ով նպաստել համաշխարհային տնտեսական աճին։ 

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանն անհրաժեշտ համարեց Չինաստանի արդիականացման համալիր վերլուծություն իրականացնելը։ 

«Համաժողովի խորագիրը հուշում է, որ Չինաստանի արդիականացմանը հիմնականում անդրադարձ է կատարվելու հայ-չինական հարաբերությունների տեսանկյունից։ Սա, անկասկած, արդարացված մոտեցում է, քանզի Չինաստանի արդիականացումը նոր մոտեցում է ստեղծում երկկողմ համագործակցության համար։ Կարծում եմ, որ հնարավոր չէ համապարփակ վերլուծել վերոնշյալ ֆենոմենը՝ առանց վերլուծելու դրա գլոբալ համատեքստը», - ասաց դեսպան Գևորգյանը՝ նկատելով, որ Չինաստանի արդիականացումն էականորեն ազդել է նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացների վրա։ 

Դեսպանը նաև հավելեց, որ հնարավոր չէ այսօր հասկանալ Հայաստանի շուրջ առկա արտաքին քաղաքական միջավայրը, վերջինիս վերաձևակերպման միտումներն՝ առանց ըմբռնելու դրա վրա Չինաստանի աճող ազդեցությունը։  

«Խոսելով հայ-չինական հարաբերությունների վրա Չինաստանի արդիականացման ազդեցության մասին՝ դժվար է գերագնահատել չինական «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում համագործակցության հնարավորությունները։ Հայաստանի կողմից շրջանառված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն առաջ է քաշում փոխկապակցվածության ծրագրերին Հայաստանի մասնակցության մոտեցումները, որոնք ամբողջովին հիմնված են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի վրա։ Որքանո՞վ են համահունչ փոխկապակցվածության ծրագրերի շուրջ Հայաստանի և Չինաստանի մոտեցումները, և ո՞ր ոլորտներում է հնարավոր ակնկալել լայնածավալ համագործակցություն», - հարցրեց դեսպան Գևորգյանը՝ համաժողովի մասնակիցներին խնդրելով քննարկել վերոնշյալ հարցադրումները։ 

Դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց համաժողովի կազմակերպիչներին նմանատիպ միջոցառման անցկացման համար՝ նկատելով, որ դրա շրջանակներում անցկացվող քննարկումներն ավելի կամրացնեն գիտական կապերը երկու երկրների միջև։  

Հայերեն 简体中文

Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարության իրավունքները. Amnesty International-ի արձագանքը

Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Սիրիայի նոր իշխանությունները հույս ունեն, որ երկիրը կվերադառնա Արաբական պետությունների լիգա

Ադրբեջանի ԱԳ նախարարը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի մասին

Լևոն Արոնյանը միջազգային հանրությանը կոչ է անում արձագանքել Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը

Թեհրանում Գերագույն դատարանի մոտ զինված հարձակում գործած անձն ինքնասպանություն է գործել. ներկայացվել են դեպքի մանրամասները

Լարսը փակ է բեռնատարների համար

Իսրայելի կենտրոնական հատվածում տագնապի ազդանշան է հնչել Եմենից հրթիռի պատճառով

Հրդեհ Ղարիբջանյան գյուղում․ այրվել է մոտ 100 հակ անասնակեր

Tik Tok-ը նշել է ԱՄՆ-ում իր աշխատանքը շարունակելու պայմանը