ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Երաժշտության միջազգային տանը նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել «Դասական Ազնավուրը» համերգը՝ նվիրված շանսոնիե, դերասան, գրող Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Առաջին անգամ մոսկովյան բեմում հնչել են կոմպոզիտորի ռուսերեն թարգմանված ստեղծագործությունները՝ արտիստի անվան հիմնադրամի փոխնախագահ Քրիստինա Ազնավուրի կատարմամբ։
Ինչպես նա հայտնել է ՏԱՍՍ-ին, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված նախագիծն առաջին անգամ ներկայացվել է Հայաստանում, այնուհետև այն ցուցադրվել է Կաննում և Փարիզում։
«Բառացիորեն 20 օր առաջ մենք համերգով Սանկտ Պետերբուրգում էինք և այժմ այն ներկայացնում ենք Մոսկվայում՝ Երաժշտության տանը», - ասել է Քրիստինա Ազնավուրը։
Նրա խոսքով՝ այս նախագիծը նախաձեռնել է Շառլ Ազնավուրն ինքը։
«Նա ամենաաշխատասեր մարդն էր, որ ես տեսել եմ, միշտ մտածում էր նախապես և ձգտում նոր բարձունքների։ Մտածելով, թե ինչպիսին կլինի համաշխարհային շրջագայությունը՝ նվիրված իր 100-ամյակին, նա խնդրել է իր դաշնակահար Էրիկ Բերշոյին գրել սյուիտ հանդիսականների կողմից սիրված այն երգերից, որոնք նա արդեն չէր կատարում: Նա ցանկանում էր այդ սյուիտով բացել իր համերգները: Իսկ երբ Շառլ Ազնավուրը լքեց մեզ, Բերշոն այդ սյուիտը լրացրեց այն ստեղծագործություններով, որոնք նա ծրագրում էր կատարել իր շրջագայության ընթացքում: Հենց այդ սյուիտն էլ ընկած է «Դասական Ազնավուրը» նախագծի հիմքում», - ասել է Քրիստինա Ազնավուրն այս նախագծի ծագման պատմության մասին:
Նա նաև նշել է, որ Շառլ Ազնավուրն այն եզակի արտիստներից էր, որը երգել է ութ լեզուներով, այդ թվում՝ գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, անգլերեն, ռուսերեն և նույնիսկ արաբերեն։ Ընդ որում, ռուսաց լեզուն, շանսոնիեի հարսի խոսքով, նրան շատ մոտ էր. հայրն ազատ խոսում էր ռուսերեն, իսկ պապը խոհարար էր վերջին ռուս կայսեր մոտ:
«Դրա համար էլ այնքան տարօրինակ է, որ նրա երգերից միայն մեկն է թարգմանվել ռուսերեն՝ «Հավերժական սերը»: Մենք նրա հետ որոշել էինք սկսել աշխատանքը նրա երգերի ռուսերեն թարգմանության ուղղությամբ, նա ուզում էր դա», - ասել է Քրիստինա Ազնավուրը։
Նա նաև ընդգծել է, որ Շառլ Ազնավուրը ոչ միայն նշանավոր երաժիշտ էր, այլ նաև բանաստեղծ։
«Շատ կարևոր է ասել, որ նրա տեքստերը մեծ խորություն ունեն, և հենց թարգմանության շնորհիվ հանդիսականները կկարողանան գնահատել նրան ոչ միայն որպես երաժշտի, բայց նաև որպես մեծ բանաստեղծի: Ցավոք, մեզ չհաջողվեց միասին ավարտին հասցնել նրա երգերի ռուսերեն թարգմանությունը: Բայց ինձ համար դա մեծ պատիվ է և պատասխանատվություն, և ես որոշել եմ, որ պետք է ավարտին հասցնեմ այս նախագիծը։ Մեր բախտը բերեց, և մենք գտանք հիանալի թարգմանչուհի՝ Ելենա Վինոգրադովային, որի հետ աշխատեցինք «Ազնավուրը ռուսերեն» նախագծի վրա», - հավելել է Քրիստինա Ազնավուրը՝ նշելով, որ մինչ օրս ռուսերեն է թարգմանվել շանսոնիեի 24 երգ:
Նրա խոսքով՝ Ազնավուրի երգերը կատարել իրեն առաջարկել է ամուսինը՝ շանսոնիեի որդի Նիկոլա Ազնավուրը։
«Նա ասաց ինձ, որ ես ինքս պետք է երգեմ այդ երգերը, քանի որ ես դրանք զգում և հասկանում եմ, գիտեմ, թե ինչն է կարևոր հայրիկի համար։ Ահա և համարձակվեցի։ Իհարկե, միշտ երգել եմ, բայց ավելի շատ ինձ համար։ Չէի կարող ինձ թույլ տալ երգել բեմում Շառլ Ազնավուրի կողքին: Բայց հիմա ես քայլ եմ անում բեմում, որպեսզի իրականացնեմ Շառլ Ազնավուրի ցանկությունը, որպեսզի նրա ռուսախոս հանդիսականը կարողանա լսել և հասկանալ նրա երգերն իր մայրենի լեզվով։ Այդ մասին երազում էր հենց ինքը՝ Շառլ Ազնավուրը», - ասել է շանսոնիեի հարսը:
«Դասական Ազնավուրը» համերգը Մոսկվայի Երաժշտության տանը տեղի կունենա նաև նոյեմբերի 12-ին։