Շառլ Ազնավուրը՝ հայ նկարիչների աչքերով. Երևանում բացվեց արտիստի 100-ամյակին նվիրված ցուցահանդես
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի առթիվ նոյեմբերի 11-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց շանսոնյեին նվիրված La Bohème խորագրով ցուցահանդեսը։ Ցուցադրության մեջ տեղ է գտել հարյուր հայ նկարչի հարյուր ստեղծագործություն՝ ոգեշնչված երգչի «Լա բոհեմ» ստեղծագործությունից։ Կտավները վառ են, լուսավոր և յուրովի են ներկայացնում Ազնավուրին, նրա երաժշտությունն ու գործունեությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը նշեց՝ ցուցահանդեսի շուրջ աշխատել են մեկ տարի։
«Ուրախ եմ, որ մեր միությունն անմասն չմնաց և միացավ մեծ շանսոնյեին նվիրված միջոցառումներին։ Ցուցահանդեսը շատ հետաքրքիր է. ամեն նկարիչ յուրովի է պատկերացրել, երևակայել ու ստեղծագործել, նաև տպագրվել է պատկերագիրք, որում կտավներից բացի նկարիչների խոսքերն են Ազնավուրի և նրա երաժշտության մասին»,-ասաց Սաֆարյանն ու հավելեց՝ ցուցադրված բոլոր ստեղծագործությունները ՀՀ սեփականությունն են։ Կտավները կնվիրաբերվեն Հայաստան այցելած պատվարժան հյուրերին կամ Հայաստանից արտերկիր այցերի ընթացքում կնվիրվեն, և նաև այդ կերպ Հայաստանն իր հարգանքի տուրքը կմատուցի Շառլ Ազնավուրին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հոբելյանական միջոցառումների ծրագրում ՀՀ կառավարության կողմից «Լա բոհեմ» նախագծի ընտրությունը պատահական չէ, որովհետև կարևոր է մեծանուն արվեստագետներին մոտենալ տարբեր տեսանկյուններից, տարբեր միջավայրերում։ «Գաղափարը հետաքրքիր էր. «Լա բոհեմ» սիրված ստեղծագործության՝ գեղանկարի միջոցով պատկերումը հարյուր տարբեր տեսանկյուններից, տարբեր աչքերով, ինչը հնարավորություն է տալիս տեսնել արվեստի բազմաշերտ ու հարուստ միջավայրը»,-նշեց նախարարը՝ կարևորելով համագործակցությունը Հայաստանի նկարիչների միության հետ, որը շատ ակտիվ գործունեություն է ծավալում։
Ցուցադրված տպավորիչ կտավների մեջ աչքի է ընկնում ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի (Թաթոս) կտավը, որում վառ կարմիր կակաչ է պատկերված։ «Հաճելի է, որ մեր ազգը չի մոռանում իր մեծերին, հիշում է, ապրում է նրանց հետ։ Սա հայ մեծին արժանի ցուցահանդես է նրա ապրած կյանքին, բոհեմին համահունչ է։ Անձամբ ճանաչել եմ այդ հրաշք մարդուն, նրա հետ հանդիպելու մի քանի առիթ եմ ունեցել։ Ուրախ եմ, որ նման ցուցահանդես է կայանում ու հիշում ենք մեր հայորդուն, որն ի լուր աշխարհի հայտարարում էր, որ կա ագզ, որի անունը հայ է»,-ընդգծեց Թադևոսյանը։
Նկարիչը շեշտեց՝ հայի բնույթն այնպիսին է, որ ամեն տեղ մարդասիրություն, աշխատասիրություն է քարոզում։ Այդպիսին էր Շառլ Ազնավուրը։
Հանրահայտ նկարիչների աշխատանքների կողքին կարելի է նկատել երիտասարդ նկարչուհի Վիկտորիա Շահբազյանի կտավը, որում Փարիզն է։ Նա մի քանի ամիս առաջ է եղել սիրո քաղաքում և այցելել է Մոնմարտր, որտեղ նկարիչները սիրել են ստեղծագործել։ «Այս սրճարանը հենց Մոնմարտրում է, որտեղ Ազնավուրն ու Էդիթ Պիաֆը հաճախ են հանդիպել, հետաքրքիր զրույցներ վարել, հետաքրքիր նոթեր գրել։ Դա ինձ ոգեշնչեց ու որոշեցի ոչ թե Ազնավուրին, այլ նրա հետ առնչվող վայր նկարել»,-ասաց նկարչուհին։
Շահբազյանի խոսքով՝ արտերկրում, երբ ցանկանում է հայերի վերաբերյալ որևէ բան ասել, միշտ Ազնավուրի մասին է խոսում, քանի որ շատերն են նրա միջոցով ճանաչում Հայաստանը։ «Ազնավուրի երաժշտությունն ամենուր է։ Նրան ճանաչում են նրա երգերի առաջին իսկ նոտաներից»,- հավաստիացրեց Շահբազյանը։
Ցուցադրությունը, որը մարդաշատ էր, ուղեկցվում էր Շառլ Ազնավուրի ստեղծագործությունների կենդանի կատարմամբ, ինչն էլ ավելի ջերմացնում էր մթնոլորտը։
«Լա բոհեմ» ցուցահանդեսը կազմակերպել է Հայաստանի նկարիչների միությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։