Բացահայտելով Հին Գորիսը. հազարամյակների պատմություն ունեցող քարանձավային թատրոնը՝ զարգացած մշակույթի վկայություն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրահատուկ կոլորիտով Գորիսի ամեն անկյունում կարելի է հանդիպել պատմամշակութային հնավայրերի և կոլորիտային կառույցների, իսկ շատերը նույնիսկ չգիտեն, որ Հին Գորիսում քարանձավային բնակավայրերի կողքին  պահպանվել է նաև քարանձավային թատրոն, որին տեղաբնիկներն անվանում են՝ «ամֆիթատրոն» կամ «թթենիների տակ»: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այնտեղ պահպանվել են բեմը, նստատեղերն ու հարդասենյակները: 

Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն, Երկրագիտական թանգարանի գիտաշխատող  Վարդան Սարգսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց, որ այն ժայռափոր, բարձր առաստաղով, դեպի խորքը լայնացող ընդարձակ սրահ է, որի գերակշռող մասը զբաղեցնում են քարակերտ նստարանները: 

«Մուտքի մոտ է գտնվել երկհարկանի բեմը, որն ունեցել է հրաշալի ակուստիկա` պայմանավորված կառույցի առանձնահատկություններով և ժայռատեսակով: Այն գործել է մինչև 20-րդ դարը:

Հին Գորիսը լքվել է 20-րդ դարի սկզբներին: Այսօր այն իր կառույցներով ներկայանում է որպես պատմահնագիտական ամբողջություն հանդիսացող մի ավերակ բնակավայր: Իր քարայր-կացարաններով այն միջնադարյան հուշարձանի եզակի օրինակ է, գտնվում է բավականին վտանգված վիճակում, իսկ որոշ քարայրներ, ցավոք, կանգնած են փլուզման եզրին»,- նշեց Սարգսյանը: 

Խոսելով Գորիսի տարածաշրջանի առանձնահատկություններից՝ նա պատմեց, որ այն Սյունիքի մյուս տարածաշրջաններից տարբերվում է նրանով, որ բոլոր հին բնակավայրերը քարանձավային ու յուրահատուկ են: Ըստ նրա՝ այդպիսին են եղել Հին Գորիսը, Հին Խնձորեսկը, Հին Շինուհայրը, Հին Խոտը և բոլոր մնացած գյուղերը: 

«Հին Գորիսի այս տարածքում քարայրների մեջ են եղել մոտ 500-600 տներ, ինչպես նաև հասարակական նշանակության քարանձավներ են եղել, որտեղ արվել են համայնքային ժողովներ, ինչպես նաև ժամանցային միջոցառումներ են կազմակերպվել: Այդ ժամանակներում շատ տարածված են եղել աշուղական, գուսանական այցերը, և մարդիկ ժայռերի մեջ ստեղծել են իրենց համար հատուկ վայր, որտեղ կարող էին հյուրընկալել բանասացների, աշուղների, ճառասանների որոնք պատմություններ կպատմեին և կերգեին»,- ասաց Սարգսյանը: 

Նրա խոսքով՝ հավաստի տեղեկություններ կան, որ քարանձավները պատկանել են Բակունցներին, որտեղից  էլ 4 եղբայրներ հեռացել են տարբեր կողմեր: Օրինակ՝ Ակսել Բակունցի հայրը և նրա եղբայրներից մեկը եկել են Գորիս և կառուցել են իրենց տները:

Նա ասաց, որ այս քարանձավը տարբեր ժամանակներում օգտագործվել է նաև որպես պահեստարան, քանի որ մերձակա տարածքում կան մի քանի հսկա հորեր, որոնք կարող են տեղավորել տոննաներով  հացահատիկ:

Սարգսյանը ցավով նշեց, որ քարայրների մեծ մասը ավերվել են ժամանակի ներգործության՝ հատկապես 1931 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, քարանձավային թատրոնը ևս տուժել է այդ ժամանակ:

«Հին Գորիսը մշտապես եղել է բնակեցված, այնտեղ մարդիկ ապրել են անհիշելի ժամանակներից, որի մասին է վկայում տարածքի ամենահին՝ 10-11-րդ դարերի վիմագիրը: Ժամանակներ են եղել, որ մարդիկ տարբեր պատճառներով  հեռացել են, բնակչության թվակազմը զգալի կրճատվել է, բայց, քանի որ բնությունը նպաստավոր է եղել անվտանգության տեսակետից, մարդիկ ապրել են այս պնդոցներում»,-ասաց Վարդան Սարգսյանը:

Նա պատմեց, որ Գորիսի բոլոր հին գյուղերում կյանքը շարունակվել է մինչև 20-րդ դարի կեսերը, 1950-ական թվականներից հետո  բոլորը կիրճերից, ձորերից դուրս են եկել և կառուցել ժամանակակից գյուղեր: 

Սարգսյանը նշեց, որ հին քարանձավային գյուղերից մի շարք լուսանկարներ կան, որոնք արվել են գորիսեցի հայտնի լուսանկարիչ, վավերագրող, գեղանկարիչ Գուրոսի կողմից, որոնք այժմ ցուցադրված են Գորիսի քաղաքային պատկերասրահում:  

 

Հայերեն English

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել