ՊԵԿ-ը հորդորում է մինչև 2022 թվականի տարեվերջ թողարկման տարեթիվ ունեցող էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցները ներկայացնել մաքսային ձևակերպման
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննարկման փուլում է գտնվում ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրի ներքո դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի 2025 թվականի քվոտայի բաշխմանը վերաբերող նախագիծը, որն, ըստ էության, տարածվելու է նոր` 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, թողարկված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների վրա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Պետական եկամուտներին կոմիտեն:
«Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև մաքսային մարմնի պահպանության համար լրացուցիչ ֆինանսական ծախսերից խուսափելու նպատակով` հորդորում ենք քաղաքացիներին և կազմակերպություններին՝ այս տարի ներմուծված և մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը թողարկման տարեթիվ ունեցող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներն անմիջապես ներկայացնել մաքսային ձևակերպման և չսպասել 2025 թվականի ընթացքում ձևակերպելուն, քանի որ 2025 թվականի ընթացքում 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտան տարածվելու է միայն 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկման տարեթիվ ունեցող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների վրա»,- նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: