Հայաստան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչն աշխատանքային այց է իրականացրել Շվեդիա

2 րոպեի ընթերցում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչն աշխատանքային այց է իրականացրել Շվեդիա

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի hետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Միքայել Խաչատրյանը հայաստանյան պատվիրակության կազմում աշխատանքային այց է իրականացրել Ստոկհոլմ (Շվեդիա)։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, պատվիրակության անդամները՝ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացել են Շվեդիայի իրավական համակարգին, փորձառություններին, մարտահրավերներին և հաջողություններին, ինչպես նաև տարբեր կառույցների համագործակցության մեխանիզմներին կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի ոլորտում։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ գիտելիքների փոխանակմանն ուղղված այցը կնպաստի Հայաստանի օրենսդրության, ռազմավարությունների և գործնական քայլերի ուժեղացմանը՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ։ 

Ուսումնական այցը կարևոր քայլ է Հայաստանի՝ միջազգային չափանիշներին, մասնավորապես Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային (Ստամբուլի կոնվենցիա) համապատասխանության ճանապարհին։ 

Այցն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում