Մշակույթ

«Օսկար»-ի առաջադրված «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» տրագիկոմեդիան կցուցադրվի Երևանի կինոթատրոններում

2 րոպեի ընթերցում

«Օսկար»-ի առաջադրված «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» տրագիկոմեդիան կցուցադրվի Երևանի կինոթատրոններում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» տրագիկոմեդիան, որը Հայաստանից առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխությանը «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, նոյեմբերի 7-ից կցուցադրվի Երևանի կինոթատրոններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմը հնարավոր է դիտել «Կինոմոսկվա», «Կինոպարկ», «Սինեմասթար» կինոթատրոններում։

«Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ ֆիլմն Ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Լավագույն սցենար», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օպերատոր», «Լավագույն դերասան», «Լավագույն հնչյունային ձևավորում» մրցանակներին։

Կինոնկարի դեպքերը ծավալվում են մեր օրերում։ Գլխավոր հերոսը տարեց Յաշա Մալայանն է, որը տարիներ շարունակ դժգույն արտադրամասում աշխատելուց հետո անցնում է թոշակի։ Աղջկա նշանադրությունը և ցածր կենսաթոշակը Յաշային ստիպում են «փախչել» իրականությունից։ Նա սկսում է շփվել միայն անցյալի «հերոսների» հետ, որոնց, ցավոք, տեսնում է միայն նա, ինչն էլ հանգեցնում է բազմաթիվ զավեշտալի և տրագիկ իրավիճակների։

Ֆիլմում առանձնահատուկ դեր է ստանձնում 1982 թվականին մահացած Լեոնիդ Բրեժնևը, որն այսօրվա Երևանից Յաշային տանում է «հրաշքների աշխարհ»։ Յաշայի երևակայական աշխարհում անցյալի լեգենդար հեղափոխականները գալիս են մեր օրեր՝ սատարելու Յաշային։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում