Մշակույթ

Ճամփորդություն դեպի միջնադարյան Հայաստան. բույսերից օծանելիք ու գույներ ստանալու գաղտնիքները՝ Մատենադարանում

5 րոպեի ընթերցում

Ճամփորդություն դեպի միջնադարյան Հայաստան. բույսերից օծանելիք ու գույներ ստանալու գաղտնիքները՝ Մատենադարանում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բույսերից օծանելիք ու գույներ ստանալու միջնադարյան գաղտնիքները՝  Մատենադարանի «Միջնադարյան Հայաստանի հմտություններ, արվեստ և արհեստ» ցուցասրահ-լաբորատորիայում. այս ցուցասրահի պատերից ներս դուք կհայտնվեք միջնադարյան ալքիմիկոսի սենյակում, որտեղ հնարավորություն կունենաք բացահայտելու Մատենադարանում պահվող ձեռագրերում առկա գույները, օծանելիքները, դեղաբույսերը և դրանց ստացման բաղադրիչներն ու բաղադրատոմսերը: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մատենադարանի Միջնադարյան արվեստի ուսումնասիրման բաժնի վարիչ, ծրագրի հեղինակ և ղեկավար Նազենի Ղարիբյանն ընդգծեց՝ լաբորատորիայի ստեղծման նպատակը եղել է Մատենադարանի բազմաթիվ ձեռագրերում առկա տեղեկությունները և գիտելիքները, միջնադարյան հմտությունները, արհեստները, արվեստները, որոնք  տասնյակ տարիների հետազոտությունների շնորհիվ կամաց-կամաց վեր են հանվել, դարձնել առարկայորեն  շոշափելի:   

«Ձեռագրերում միայն տեքստերն են, դրանք աննյութ գիտելիք են, և մենք փորձել ենք այդ աննյութ գիտելիքը դուրս բերել և գույների, բույրերի, տեսիլքի, հոտոտելիքի, շոշափելիքի և լսելու միջոցով այցելուներին տեղափոխել միջնադարյան ալքիմիկոսի լաբորատորիա։ 

Այն ունի երկու բաժին՝ ցուցադրության  և գործնական, փորձառության բաժին։ Ցուցադրության բաժնում ներկայցված են միջնադարյան մանրանկարներում հայ մանրանկարիչների կողմից օգտագործված 8 հիմնական գույները և դրանք ստանալու ներկանյութերը. դրանք են՝ կապույտը, մանուշակագույնը, դարչնագույնը,  դեղինը, նարնջագույնը, կարմիրը և սևը: Կան նաև կապակցող նյութեր և դրանց օգտագործման եղանակները, թե ինչպես են այդ ներկանյութերը կապակցել իրար և ստացել տարբեր ներկեր»,-ասաց նա:

Ծրագրի հեղինակը նշեց, որ սենյակի մյուս կողմում ցուցադրված են բոլոր այն բույսերը և տարբեր բուրումնավետ խոտաբույսերը, որոնցից միջնադարում ստացել են արքայական բալասանը, ինչպես նաև պատրաստի բալասանը և դրա բաղադրատոմսը, որը, ըստ աղբյուրների՝ արքաները խմել են կազդուրվելու և ուժեղանալու նպատակով:

«Ցուցադրության մեջ կգտնեք  միջնադարում բավական տարածում ունեցող «Դրախտի բույր» կոչված օծանելիքը, որը, հավանաբար, օգտագործել են թագուհիներն և իշխանուհիները:  Կա նաև մի հատված, որտեղ ներկայացված է երաժշտաբուժության մասին տեղեկություններ, թե ինչպե՞ս են քնարի և այլ գործիքների օգնությամբ միջնադարում բուժել մարդկանց: Մյուս հատվածում էլ ներկայացված է մանրանկարչությունից մի դրվագ»,-ասաց ծրագրի հեղինակ և ղեկավար Նազենի Ղարիբյանը:

Նա ներկայացրեց, որ երկրորդ բաժնում այցելուները մոտենում են ալքիմիկոսի լաբորատորիային, որտեղ նա ցույց է տալիս, թե ինչպե՞ս են տարբեր բաղադրություններից միջնադարում ստացել ներկ, կամ ինչպե՞ս է աշխատել այդ ալամբիկը, որը միջնադարում կոչվել է պարզարան: Ալքիմիկոսը խոսում է միայն գրաբարով, որը հենց ծրագրի կոնցեպտի մի մասն է:

Ցուցադրության ինտերիեր և գրաֆիկ դիզայներ Արփենիկ Մուրադյանն էլ հավելեց, որ երկար հետազոտությունից հետո որոշել է տարածքը ներկայացնել ավելի միջնադարյան, բայց նաև մոդեռն տեսքով:

«Ցանկանում էինք ստանալ մի միջավայր, որտեղ մարդիկ ներս մտնելով, հայտնվեին միջնադարյան տարածքում և ժամանակաշրջանում, բայց նաև ցանկանում էինք, որ մոդեռն լուծումներ լինեն, որպեսզի հետաքրքիր լինի»,-նշեց ցուցադրության դիզայները: 

Իսկ երկինք հիշեցնող սենյակի առաստաղը մասնագետը հատուկ է մշակել և այնտեղ ավելացրել  կենդանակերպի 12 նշանները, քանի որ դրանք եղել են մանրանկարների և բուժման մեթոդների  մի մասը: 

Ծրագիրն իրականացվել և ֆինանսավորվել է Եվրոպական միության աջակցությամբ «ԿԱՏԱՊՈՒԼՏ ստեղծարար աքսելերացիոն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀԲԸՄ-ի և «Քրիեյթիվ Արմենիա» մշակութային հիմնադրամի հետ համատեղ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում