ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հոկտեմբերի վաճառքի տվյալների:
Առաջին տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Քեզնից հեռու, քեզ հետ» գիրքը։ Սիրո, հայրենասիրության, հայրենադարձության դժվար ու լուսավոր կողմերի մասին «Քեզնից հեռու, քեզ հետ» վիպակը 1940-ականներին Լիբանանից հայրենադարձված Գրիգոր Քեշիշյանի զգացմունքների ամփոփումն է մի գեղեցիկ սիրո պատմության տեսքով։ Վիպակը նամակների ժողովածու է, որ հայրենադարձման իր հերթին սպասող Սամվելը գրում է արդեն հայրենի հողի վրա ապրելու երազանքին հասած իր սիրելիին։ Բաժանումը ծանր վերք է բացում սիրելիների սրտերում, իսկ վերամիավորման սպասումը՝ բացահայտում նրանց ճակատագրի անսպասելի ոլորանները։
Երկրորդ տեղում է Ռուբեն Եսայանի «Վանականերն ունեն գաղտնիք» գիրքը։ Գրքի գործողությունները ծավալվում են Միացյալ Նահանգներում, բայց հերոսները հայ երիտասարդներ են, որոնք մեկնում են սովորելու՝ բնակվելով նույն տանը: Քաղաքում, որտեղ սովորում են հայ երիտասարդները, գործում է վանական միաբանություն և հենց սկզբում վանականների և երիտասարդների ճանապարհները խաչվում են:
Դավիթ Սամվելյանի «Մոռացված երկրի զանգերը» երրորդ տեղում է։ Սա պատմություն է մարդու մասին, որի ամբողջ կյանքն ասես փորձությունների հաղթահարում էր հանուն երազանքի, և այդ երազանքի դժվարին ուղին ծավալվում է մի փոքրիկ գյուղից մինչև մեծ քաղաք՝ հանդիպելով պատերազմի արհավիրքներին, պատերազմ, որում նա հայտնվում է դեպքերի բերումով: Վեպում նկարագրված են 20-րդ դարում Նախիջևանում տիրող միջէթնիկ հարաբերությունները, նախապատերազմական և հետպատերազմական կյանքի դժվարությունները, փոփոխություններն ու լարվածությունը: Վեպի հերոսի անձնական պատմությունը սերտորեն կապված է հայ ժողովրդի ճակատագրի հետ. պատմության բարդ էջերն անցնում են անհատի կյանքի պրիզմայով՝ արտացոլելով պատմական իրադարձությունների ազդեցությունը սովորական մարդկանց կյանքում:
Սերգեյ Գալոյանի «Երևանի գաղտնիքները» չորրորդ տեղում է։ Կտրուկ իրադարձություններ, անկանխատեսելի դեպքեր, նուրբ իրավիճակներ` ահա թե որոնք են հատկանշական այս գրքի համար: Գրքի ամենակարևոր հատվածը Երևանի և երևանցիների մասին պատմող «Երեանի գաղտնիքները» գիրն է: Գիրքը թեմատիկայով իրարից հեռու նյութերի մի ժողովածու է, որը ընդհանրական է դառնում հենց սուր իրավիճակների պատճառով: Եվ պատահական չէ, որ գրքում երևում են արվեստի մարդն ու կրիմինալ աշխարհի ներկայացուցիչը, ռեժիսորն ու «օրենքով գողը»:
Հինգերորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Շելա»-ն։ «Շելա» վիպակը հավակնում է դառնալ այս ամառվա ամենասիրված գիրքը․ հայ երիտասարդի ու հրեա աղջկա անհույս սիրո պատմությունը 1940-ականների Բեյրութում և անցյալի հետ հանդիպումը տասնամյակներ անց: Գրիգոր Քեշիշյանի այս վիպակը նախկինում լույս է տեսել միայն ժողովածուների կազմում, իսկ այժմ ներկայանում է ընթերցողին թարմացված խմբագրությամբ։
Վեցերորդ հորիզոնականում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի «Ապրած և չապրած տարիներ» վիպակը և 1970 թվականին հրատարակված նույնանուն գրքում զետեղված «Ինչո՞ւ են շուտ մեռնում ծաղիկները» պատմվածաշարը: Այս հրատարակության համար հիմք է ծառայել 1983-ին լույս տեսած երկհատորյակը: Այն լույս է տեսել Վարդգես Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ:
Ռաֆայել Մարգարյանի «Սպասիր ինձ երկնքում» գիրքը յոթերորդ տեղում է։ Այս պատմության մեջ յուրահատուկ կերպով ընդգծվում է մարդկային բարությունը անձնազոհությունը, սերը և հավատը: Միևնույն ժամանակ ուշադրության են արժանանում կյանքի և աշխարհի մութ կողմերը, որոնք ամեն բան սևուսպիտակ են ներկում` հետք թողնելով սյուժեի վրա: Սակայն գրքում արտացոլված հավատն անչափ մեծ է, որ դրանք մի օր կլուսավորվեն, և աշխարհում կիշխի սերն ու բարեսրտությունը...
Վահագ Ռաշի «Նարեն» ութերորդ տեղում է։ Այն պատմություն է Վահագնի մասին՝ տասներորդ դասարանի շրջանավարտի, ում կյանքը փոխվում է, երբ նա առաջին անգամ հանդիպում է Նարեին: Երիտասարդ տղան, ընկերոջ հետ զբոսնելիս, սիրահարվում է նրան առաջին հայացքից: Սակայն շուտով Վահագնը պարզում է, որ Նարեն արդեն ընկեր ունի: Ճակատագիրը նրանց կրկին հանդիպեցնում է զբոսայգում, որտեղ Վահագնը, ցանկանալով տպավորություն թողնել, պատահաբար սայթաքում է Նարեի առջև և գիտակցությունը կորցնում: Տարիներ են անցնում, բայց Վահագնը չի կարողանում մոռանալ նրան, չնայած նրան կրկին գտնելու բոլոր ջանքերին: Հիմնական իրադարձությունները ծավալվում են անցյալի հիշողությունների և դրանից մոտ 20 տարի անց, երբ Վահագը անսպասելիորեն հանդիպում է իր հին ընկերոջը՝ Արտակին, գիշերային ակումբում:
Գոհար Նավասարդյանի «Կիսատ օրագիրը» իններորդ տեղում է։ Լինում են իրավիճակներ, երբ պայքարելն անհնար է թվում, կյանքը կիսվում է երկու մասի, անցյալն անդադար դեպի իրեն է կանչում, անորոշության մեջ սպասելուց բացի ոչինչ չի մնում անել, իսկ ապագան մշուշոտ է... Այսպիսի դրություն էր 2023թ. Շրջափակված Արցախում, որի բնակիչներն անում էին հնարավորն ու անհնարինը՝ այս հողում ապրելու իրավունքը վաստակելու համար, բայց և ոչինչ չէին կարողանում փոխել, որովհետև ամեն ինչ իրենց փոխարեն արդեն իսկ որոշված էր... Գիրքը շրջափակումից օրեր առաջ Արցախ գնացած մի երևանցի աղջկա մասին է, ով սիրելիին խոստացել էր, որ բաժանվում են ընդամենը մեկ ամսով, բայց ճանապարհը, որով անարգել հեռացել էր սիրած մարդուց, փակվում է՝ դառնալով իրենց անժամկետ բաժանման պատճառը: Վիպակի գործողություններն ինչքան էլ կատարված իրողությունների շրջանակում են ծավալվում, այնուամենայնիվ, ինչպես հեղինակի բոլոր գրքերը, այս մեկը ևս համեմված է սիրո, կարոտի, սպասման թեմաներով: Մտքում անդադար իր երեք կարոտները՝ կարոտ դեպի սիրելին, դեպի ընտանիքն ու դեպի հայրենի քաղաքը՝ հերոսուհին փորձում է հաղթահարել շրջափակման առաջացրած դժվարությունները: Դժվարություններ, որոնց չբախվելը սովորական է եղել մի ժամանակ, բայց որոնց առկայությունն այժմ կյանքը դարձրել է գոյության պայքար: Դժվարություններ, որոնք հաղթահարում էր արցախահայությունը՝ իր պատմական հայրենիքում ազատ ապրելու հույսով, բայց պայքարը, ցավոք, ավարտվեց Արցախի կորստով ու գաղթի ճանապարհով:
Տասներորդ տեղում է Մարկ Արենի և Վարս Չարենցի հեղինակած «Դարձյալ սիրո մասին» վեպը։ Վեպը հանճարեղ բանաստեղծ, բժիշկ Ռուբեն Սևակի և Յաննի Ապպելի անմահ սիրո պատմությունն է։ Դաժան եղեռնի ծանր օրերին Սևակին փրկություն առաջարկող թուրք պաշտոնյային սառնասրտորեն մերժած Ռուբեն Սևակը գերադասում է դաժան մահը, քան հավատուրացության միջոցով իր կյանքը փրկելը... Որպես սիրո առանձին հուշարձան ներկայացվող «Դարձյալ սիրո մասին» գրքի յուրաքանչյուր էջ լի է հավերժական սիրով ու սիրո իմաստնությամբ...
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:
Տեղ | Փոփ․ | Գիրք | | Հրատ․ | Քանակ |
1 | +1 | | Գրիգոր Քեշիշյան, «Քեզնից հեռու, քեզ հետ» | Դավինչի | 131 |
2 | -1 | | Ռուբեն Եսայան, «Վանականերն ունեն գաղտնիք» | հեղ հրատ | 106 |
3 | Նոր | | Դավիթ Սամվելյան, «Մոռացված երկրի զանգերը» | Էդիթ Պրինտ | 61 |
4 | 0 | | Սերգեյ Գալոյան, «Երևանի գաղտնիքները» | հեղ հրատ | 51 |
5 | +2 | | Գրիգոր Քեշիշյան, «Շելա» | Դավինչի | 39 |
6 | +4 | | Վարդգես Պետրոսյան, «Ապրած և չապրած տարիներ» | Դարակ | 32 |
7 | -2 | | Ռաֆայել Մարգարյան, «Սպասիր ինձ երկնքում» | հեղ հրատ | 31 |
8 | * | | Վահագ Ռաշ, «Նարեն» | հեղ հրատ | 31 |
9 | * | | Գոհար Նավասարդյան, «Կիսատ օրագիրը» | հեղ հրատ | 25 |
10 | * | | Մարկ Արեն և Վարս Չարենց, «Դարձյալ սիրո մասին» | Բուկինիստ | 23 |