Մշակույթ

Արդի մոտեցումներով և հետաքրքիր լուսային էֆեկտներով նշվել է «Սասունցի Դավիթ» արձանի տեղադրման 65-ամյակը

3 րոպեի ընթերցում

Արդի մոտեցումներով և հետաքրքիր լուսային էֆեկտներով նշվել է «Սասունցի Դավիթ» արձանի  տեղադրման 65-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արվեստասերները 2024 թվականին ոչ միայն տոնում են նշանավոր նկարիչ-արձանագործ, Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը, այլև նրա ամենատպավորիչ քանդակներից մեկի՝  «Սասունցի Դավիթ» արձանի տեղադրման 65-րդ տարին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ էպոսի հերոսը հզոր և ուժեղ կերպար է, որը դարձել է հայ ժողովրդի անմահության մարմնացումը, մի կերպար, որի քանդակի ստեղծման վրա Երվանդ Քոչարը երկար է աշխատել։

 ՀՀ կառավարության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ  Երվանդ Քոչարի թանգարանն արձանի հարակից տարածքում իրականացրել է արդի մոտեցումներով և հետաքրքիր լուսային էֆեկտներով  միջոցառում՝ ուղղված մեծ հայի ստեղծագործական ժառանգության հանրահռչակմանը։

«Նմանօրինակ միջոցառումները, որոնք ուղղված են ազգային ինքնաճանաչողության և մեր պատմական հիշողության ամրապնդմանը, յուրատեսակ ազդակ են հանդիսանում բոլորիս համար, հատկապես՝ մեր երիտասարդության»,-բացման խոսքում նշել է Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը։ 

Երվանդ Քոչարը համարում էր, որ մոնումենտալ քանդակներն օժտված են մի շատ հետաքրքիր առանձնահատկություններով, դրանք կարող են ազդել մարդկանց հոգիների և  մտքերի վրա՝ փորձելով արթնացնել խիղճը և նպաստել հոգևոր վերածննդին։ Տեղադրված լինելով մարդաշատ վայրերում՝ դրանք ակամայից կատարում են իրենց առաքելությունը՝ փորձելով ամրապնդել մեր ազգային և պատմական հիշողությունը։

Կարինե Քոչարն ընդգծել է, որ իրականում Քոչարի ամբողջ երևանյան շրջանը  նվիրված է այնպիսի աշխատանքների, որոնք ուղղված են ազգային արժեքների վերահաստատմանը, և իզուր չէ, որ  մաեստրոն համարվում է ազգային ինքնագիտակցության զարթոնքի ռահվիրա, քանի որ իր ողջ երևանյան շրջանի ստեղծագործական ընթացքը նվիրել է նման ստեղծագործությունների ստեղծմանը։ 

Միջոցառման ընթացքում ներկայացվել է արձանի ստեղծման պատմությունը՝ հիմնված Քոչարի թողած գրառումների վրա: Երեկոյին համերգային կատարումներով հանդես է  եկել «Թմբաթա» նվագախումբը։

«Սասունցի Դավիթ» արձանի վրա  իրականացվել է լուսային ցուցադրություն՝ նորարարական էֆեկտներով, ձայնային ձևավորումներով, իսկ պատվանդանի վրա ցուցադրվել են  արձանի ստեղծումը ներկայացնող լուսանկարներ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում